Ի՞նչ էր թվում Գեղամյանին

12/05/2011

«Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, «Ռեգնում» գործակալությանն ասել է, թե կասկածում է, որ նման հրապարակային ելույթը նպատակահարմար էր. «Ինձ, չգիտես` ինչու, թվում էր, որ 10 տարի հայկական պետության ղեկավար լինելով` Ռոբերտ Սեդրակին պետք է որ զգալի բարձր լիներ այն հարցերից, որոնք նրան տվել է թղթակիցը: Չէ՞ որ այսօր իշխանությունների եւ արմատական ընդդիմության փոխհարաբերությունները չեն համարվում Հայաստանի ամենակարեւոր խնդիրը, որի մասին պետք է անհանգստանան հայկական հասարակության առողջ ուժերը»: Ա. Գեղամյանի կարծիքով` «իշխանությունների եւ արմատական ընդդիմության պայմանավորվածությունը, այն էլ` ժողովրդի թիկունքում, Ռոբերտ Քոչարյանը մի քիչ պարզունակ է ներկայացնում». «Միաժամանակ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արմատական ընդդիմության հետեւում կանգնած են արեւմտյան երկրները, որ նրանք ֆինանսավորվում են նրանցից, եւ որ ծայրահեղ ընդդիմության` իշխանության գալը նշանակում է` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի արմատական վերանայում, այսինքն` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) օտարում եւ սահուն անցում ՆԱՏՕ-ի կողմը»,- ասել է Ա. Գեղամյանը: