Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Ֆրանսիական համալսարանի 12 դասախոսների հայցը` աշխատանքի վերականգնվելու, ինչպես նաեւ` ավելի քան 10 միլիոն դրամի հասնող գումարը բռնագանձելու պահանջով: Այս գումարը ներառում է դասախոսներին համալսարանի կողմից չվճարված արձակուրդայիններն ու հարկադիր պարապուրդի համար վճարումները: Անցած ուսումնական տարին սկսվելուց առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս` աշխատակազմի մեկ երրորդը: Համալսարանի ղեկավարությունը պնդում էր, որ աշխատանքից ազատված դասախոսների պայմանագրերի ժամկետը լրացել է, դրա համար էլ նրանք ազատվել են աշխատանքից: