«Դա երկրաշարժի պես անսպասելի բան էր»

12/05/2011

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը երեկ` անդրադառնալով օրերս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (Երրորդ մանկական հիվանդանոց) արձանագրված միջադեպին, երբ բժիշկներն 8-ամյա Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել էին վիրահատել 4-ամյա Նարեկ Դանիելյանին, ասել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից բուժհաստատության ղեկավարությանը տրվել է խիստ նկատողություն, իսկ խախտում թույլ տված բժիշկները հեռացվել են աշխատանքից. «Եկեք խոսենք նաեւ միջազգային պրակտիկայում ընդունված այնպիսի հարցերից, ինչպիսին է «բժշկական սխալ» հասկացությունը, որը մեր օրենսդրության մեջ նոր ենք ուզում ներդնենք: Այսինքն` դա այն դեպքերն են, երբ որ մարդուն ինչ-ինչ պատճառներով` օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, վնաս է պատճառվել: Եթե մարդու առողջությանն այնպիսի վնաս է պատճառվել, որը հնարավոր է վերականգնել, էդ դեպքում խոսքը գնում է ապահովագրության մասին: Մենք կարծրացած համակարգ չենք, բոլոր մարդիկ էլ սխալվում են»: Ս. Քրմոյանն ուրախ է, որ ինչպես նախորդ նմանօրինակ դեպքերում, այս դեպքում եւս լուրջ բացասական հետեւանքներ չեն եղել։ «Հնարավոր է եղել կանխել դեպքը, որը արել է նախարարությունը: Միջոցներ են ձեռնարկվել անմիջապես, պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Մենք կփորձենք ներդնել նաեւ այդ բժշկական սխալի դեպքում ապահովագրության խնդիրը: Մենք խոսում ենք միայն պացիենտի, հիվանդի անունից, բա բժշկին ո՞վ կպաշտպանի: Դրա համար մենք փորձում ենք նաեւ բժշկին պաշտպանել, որ յուրաքանչյուր դեպքում ինքը մի փոքր խնդիր թույլ տա, նրան ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկեն, այլ նաեւ նյութական պատասխանատվություն կրի, էդ մարդու առողջությունը վերականգնի եւ շարունակի իր գործունեությունը կամ թեկուզ մի դաս իջնի»,- ասել է Քրմոյանը: Նաեւ հավելել է. «Ես կարող եմ էս պահին ասել, որ մենք առաջինը նախարարի հանձնարարությամբ առողջության վերականգնման հետ կապված բոլոր խնդիրները լուծել ենք: Բացի մարդկանց պատասխանատվության ենթարկելուց, մենք արդեն փորձում ենք էդ դաշտն ավելի խիստ կանոնակարգենք, որպեսզի բժշկական հաստատությունում բացառենք նման դեպքերը»: Նրա խոսքով` նախարարությունը յուրաքանչյուր դեպքից դասեր է քաղում եւ համապատասխան վերլուծություններ է անում:

Երեկ այս խնդրի առնչությամբ news.am-ին մեկնաբանություն է տվել նաեւ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը` ասելով, թե տեղի է ունեցել ծայրահեղ անսպասելի եւ անբացատրելի անփութություն, որը շտկվել է:

«Նարեկ Դանիելյանը անձամբ իմ կողմից երկուսուկես տարի առաջ թոքի ծանր վիրահատության էր ենթարկվել: Ծնողները նրան կրկին բերել էին` ռենտգեն անելու համար: Հիվանդանոցի ֆոյեում Նարեկն եւ իր ծնողները նստած են եղել, նրանց հետ է եղել մեկ այլ երեխա, որն էլ պետք է ենթարկվեր ամորձիների վիրահատության: Մանկաբուժության պրակտիկայում ընդունված է երեխային վիրահատության տանելիս ասել, թե տանում են նկարելու, որպեսզի երեխան հոգեկան տրավմա չտանի: Այդ օրը բուժքույրը հարցրել է. «Ո՞ր երեխային պետք է տանենք նկարելու»: Նարեկի ծնողներն էլ, ովքեր բժշկի հետ կոնսուլտացիայից հետո երեխային պետք է տանեին ռենտգեն անելու, եւ շատ լավ գիտեին ռենտգենի կաբինետի տեղը, ասել են. «Մեր երեխային»: Նրանք բուժքրոջ ուղեկցությամբ գնացել են ոչ թե ռենտգեն կաբինետ, այլ`վիրահատարան: Նրանք երեխային հանձնել են բուժքրոջը, ով էլ երեխային նախապատրաստել է վիրահատության»,- պատմել է Ն. Դալլաքյանը: Նրա խոսքով` ծնողները մի քանի րոպե անց են հասկացել, որ երեխան սխալ սենյակ է տարվել, եւ բարձրացված աղմուկից հետո դադարեցվել է նրա վիրահատությունը: Բ/կ-ի տնօրենի խոսքով` բժիշկներն այդ ընթացքում հասցրել են ընդամենը երեք սանտիմետրանոց կտրվածք անել երեխայի աճուկային շրջանում, ինչից հետո ստիպված են եղել կարել բացվածքը: Նիկոլայ Դալլաքյանն ասել է, որ վիրահատության ժամանակ ինքը հիվանդանոցում չի եղել, մեկնել էր գործուղման, եւ իմանալով դեպքի մասին` ընդհատել է գործուղումը, վերադարձել, հանդիպել է երեխայի ծնողների հետ եւ ողջ բուժանձնակազմի անունից ներողություն հայտնել:

«Այս սխալը մենք շատ ծանր ենք տանում, դա երկրաշարժի պես անսպասելի բան էր: Ես չէի ուզենա, որ հասարակության մոտ թյուր տպավորություն ստեղծվեր մեր բուժհիմնարկի վերաբերյալ»,- ասել է Ն. Դալլաքյանը` հավաստիացնելով, որ տեղի ունեցածը միակ եւ բացառիկ դեպքն է եղել բ/կ-ի գործունեության պատմության մեջ:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բ/կ-ի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին` որպես վիրաբույժ, եւ Ա. Հարությունյանին` որպես բուժքույր: