Սպանվածը «Հոկտեմբերյանցի Էդոն» է

12/05/2011

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ֆրանսուա Գրոսսո փողոցում մայիսի 6-ին սպանված հայազգի «օրենքով գողը», ըստ news.am-ի` 39-ամյա Էդվարդ Մարգարյանն է, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես «Հոկտեմբերյանցի Էդո»: Կայքի փոխանցմամբ` նրա հետ սպանվել է նաեւ քրեական հեղինակություն Աբդուլա Էրզանուկաեւը` «ավստրիացի Աբդուլա» մականունով: Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել Սուխումի բնակիչ 40-ամյա Անդո Սարգսյանի տանը: Նրա եւ իրեն հյուր եկած Մարգարյանի եւ Էրզանուկաեւի միջեւ վեճ է ծագել: Հարեւանները, լսելով աղմուկ եւ կրակոցներ, ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տնից դուրս եկած մի տղամարդու, ով եղել է երկու երեխաների հետ: Ոստիկանական բաժանմունքում ձերբակալված քաղաքացին հայտնել է, որ վեճի ժամանակ նյարդերը տեղի են տվել, եւ նա կրակել է իրեն հյուր եկած երկու անձանց վրա: Մեկ այլ վարկածի համաձայն, Սարգսյանն ի վիճակի չէր լինի միանգամից երկու մարդ սպանել, եւ չի բացառվում, որ «օրենքով գողի» եւ քրեական հեղինակության սպանության հարցում երրորդ անձ է ներգրավված եղել: Մարգարյանի մարմնից հանվել է 22 մմ-անոց տրամագծով փամփուշտ, սակայն մինչեւ այժմ չի պարզվել` արդյոք երկու զոհերն էլ միեւնույն զենքի՞ց են սպանվել, թե՞ ոչ: Ըստ տեղեկությունների, սպանված ղազախական ծագմամբ չեչեն գործարար Աբդուլա Էրզանուկաեւը մի քանի տարի առաջ Ֆրանսիայում քաղաքական ապաստան է ստացել: Նա ապրել է Նիցցայում, եւ պարբերաբար ճամփորդությունների մեջ է եղել: Նա Ֆրանսիայի չեչենական համայնքում ազդեցիկ դեմք էր համարվում եւ հանդես էր գալիս` որպես «հարց լուծող»: Ինչ վերաբերում է «Հոկտեմբերյանցի Էդոյին», ապա, ըստ շրջանառվող լուրերի, նա «թագադրվել» է 1997 թվականին հայ «օրենքով գող» Օգանով եղբայրների երաշխավորությամբ, ովքեր այդ ժամանակ հակասության մեջ էին «Դեդ Հասանի» հետ: Ըստ news.am-ի` Էդվարդ Մարգարյանը երկար ժամանակ ապրել է Բարսելոնայում, իսկ Նիցցա էր եկել` կնոջն ու երեխաներին տեսակցելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն, նա հին վեճ է ունեցել չեչենական խմբավորումների հետ: Կայքի տեղեկություններով` նախանցած տարի Էդոն դաժան ծեծի է ենթարկվել նրանց կողմից, սակայն նրան հաջողվել է ողջ մնալ: Առաջիկա օրերին Էդվարդ Մարգարյանի դին պետք է տեղափոխվի Հայաստան: Կայքի փոխանցմամբ` տարբեր աղբյուրներով, սպանության կասկածյալն ու սպանված հայազգի «օրենքով գողը» Նիցցայի նախկին հոգեւոր հովիվ (այժմ Ստրասբուրգի հոգեւոր հովիվ) Տեր Վաչեի շրջապատից են: Տեր Վաչեն, ըստ շրջանառվող լուրերի, երբ տարիներ առաջ Նիցցայում չեչեններից մեկի կողմից հայ է դանակահարվել, տեղի հայերին խորհուրդ է տվել վրեժխնդիր լինել: Նրա խորհրդին հետեւելով` դանակահարվածը վրեժ է լուծել իրեն դանակահարողից: Նշվում է նաեւ, որ Տեր Վաչեն օգտագործում է եկեղեցու ներքեւի սրահը` այնտեղ կասկածելի մարդկանց հետ հավաքներ ու կերուխումեր կազմակերպելու համար, որոնց ներկա են լինում նաեւ քրեական արարքներ թույլ տված մարդիկ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ոստիկանությունն այժմ քրեական հանցակցության մեղադրանք է առաջադրել Տեր Վաչեին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ աշխատում է նրան Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Այս կապակցությամբ news.am-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռից: