Շուրջ մեկ ամիս է` «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում է Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Նախքան ֆիլմի պրեմիերան մենք անդրադարձել էինք այս ֆիլմին, եւ այդ ժամանակ կազմակերպիչները նպատակ ունեին ֆիլմի առաջին ցուցադրությունը կազմակերպել ապրիլի 24-ին`միաժամանակ մի քանի երկրներում: Սակայն ցանկությունները հնարավորությունների հետ չհամընկան: Ֆիլմի համառեժիսոր Վահան Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վանա ծովուն արշալույսը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, այն պատրաստվում են ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում: Բացի այդ, սեպտեմբերին այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում` մրցութային ծրագրում: Սակայն մինչ այդ ֆիլմը կշարունակի ցուցադրվել հայ հանդիսատեսի համար: Մեր հարցին, թե այս մեկ ամսվա ընթացքում ինչպիսի՞ն է եղել հանդիսատեսի այցելությունների ինտենսիվությունը, ֆիլմի համառեժիսոր Վ. Ստեփանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե դահլիճը լեփ-լեցուն է, ինչպես ցուցադրության առաջին օրերին, սակայն մարդիկ դեռ շարունակում են գալ` ֆիլմը դիտելու: Ասեմ նաեւ, որ շատ են տարեց մարդիկ, որոնց համար այս թեման թերեւս վերքի պես բաց է եւ շատ ավելի հասկանալի է, քան նոր սերնդի համար»: Հարցին, թե ինչո՞վ է տարբերվում այս ֆիլմը ցեղասպանության թեմայով նկարահանված այլ ֆիլմերից, նա պատասխանեց. «Այս ֆիլմը ցեղասպանության մասին չէ: Այն ցեղասպանության արձագանքն է ժամանակակից սերնդի համար: Մարդիկ երկար տարիներ ապրելով արտերկրում, սերնդեսերունդ միաձուլվում են տվյալ երկրի ապրելակերպին, մշակույթին, անգամ մտածելակերպին: Կամաց-կամաց հեռանում են իրենց արմատներից: Ֆիլմը գալիս է ասելու` որքան էլ հայը հեռանա իր ակունքներից, միեւնույն է` կյանքի ընթացքում գալիս է մի պահ, երբ նրա մեջ խոսում է հայի գենը»: Հարցին, թե որքա՞ն գումար եւ ժամանակ է ծախսվել ֆիլմի ստեղծման վրա, Վ. Ստեփանյանը պատասխանեց. «Ֆիլմի նկարահանման առաջին օրվանից մինչ օրս, երբ ֆիլմն արդեն մեկ ամիս է, ինչ ցուցադրվում է կինոթատրոնում, մեկ տարի էլ չի անցել: Ֆիլմը նկարահանվել է 4 երկրներում` Հայաստան, Թուրքիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ: Իսկ նկարահանումների վրա ծախսվել է 500.000 դոլար»: