Շահսիպեղը պատկանում է թելուկազգիների ընտանիքին (Chenopodiaceae)։ Հնէաբանական պեղումների ժամանակ բույսի սերմերը հայտնաբերվել են ցորենի, տարեկանի սերմերի հետ համատեղ։ Գալենը գրել է, որ շահսիպեղը կամ, ինչպես ընդունված է ժողովրդի կողմից անվանել` թելուկը, ունի «սննդարար, կշտացնող» հատկություն։
Հյուսիսային Հնդկաստանում թելուկի Atriplex Nitens տեսակի սերմերը եւ տերեւները օգտագործել են` որպես սնունդ։ Բալկանյան երկրներում տարածված է CHENOPODIUM Botrus-թելուկ հոտավետ տեսակը, որը հանդիպում է նաեւ Հայաստանում։
Ռուսաստանում, հատկապես Միջին Վոլգայի տարածքներում, աճում է Atriplex patula թելուկ սպիտակը, որը նույնպես հանդիպում է Հայաստանում։ Բույսը դիմանում է երաշտին, հեշտությամբ աճում է քարքարոտ տեղերում եւ ավազուտներում, գետերի մոտակայքում։
Միջնադարում թելուկը հանդիսացել է այն բույսերից, որը փրկել է եվրոպացիներին սովից։ Անգլիացիները փաղաքշորեն այն անվանել են «բարի Արքա», իսկ ֆրանսիացիները` «Չքնաղ կույս» կամ «Օռլեանի կույս», թեմա, որի հիման վրա Պ.Ի. Չայկովսկին գրել է օպերա (1879թ.) նվիրված Ժաննա դգԱրկի հիշատակին։ Թելուկի սերմերն աղացել եւ խառնել են ցորենի, տարեկանի ալյուրին, որի հաշվին հացը դարձել է ավելի սննդարար, մեծացել է մթերքի պահպանման ժամկետը։ Սերմերից պատրաստել են շիլա։ Սերմերը հում վիճակում առաջացնում են սրտխառնոց։
Բույսը պատված է ալրանման փառով, որի շնորհիվ ունի ձյան պես սպիտակ երանգավորում։ Այդ պատճառով որոշ սլավոնական ազգեր այն անվանել են «Լեբեդա»։ Բույսի շահսիպեղ հայերեն անվանումը ենթարկվում է ստուգաբանման եւ համահունչ է բույսի պատմությանն ու արտաքին տեսքին։ Շահսիպեղ բառը բազմաքայլ է` շահ-շահավետ, սիպ-սպիտակ, եղ-զորեղ, բարձր, վերին։
Թելուկ սպիտակը միամյա, ուշ գարնանային մոլախոտ է, ունի լավ զարգացած, խիտ արմատամազիկներով պատված առանցքային արմատ։ Ցողունը կլոր է, ողորկ, կանաչ, դեղին ուղղաձիգ գծերով, բավականաչափ ճյուղավորված, մինչեւ մեկ մետր եւ ավելի բարձրությամբ։ Ծաղիկը հնգամաս է, գնդիկավոր եզրերով, կանաչադեղնավուն, սպիտակ երանգավորմամբ։ Տերեւներից դուրս եկող հուրանաձեւ ծաղկաբույլերը նստած են ընդհանուր կոթունի վրա։ Սերմերը մանր են, գորշ գույնի, տափակ, կլորավուն եզրագծով։ Մեկ բույսն ունի ավելի քան 100.000 սերմ, որոնք հողի մեջ իրենց ծլունակությունը պահպանում են երկար ժամանակ։ Թելուկը պարունակում է ասկորբինաթթու, ենթավիտամին A, վիտամիններ B1, B2, E, ֆլավոններ, եթերային յուղ-ասկարիդոլ, սապոնիններ, թրթնջկաթթու, բետաին, հանքային աղեր։
Հատկապես սննդարար են սերմերը, որոնք պարունակում են մինչեւ 16 տոկոս սպիտակուց, 7 տոկոս ճարպեր, 20 տոկոս բջջանյութ, մեծ քանակությամբ կարոտին եւ ֆոսֆոլիպիդներ։ Իր սննդարար արժեքով այն մոտ է սպանախին, որը նույնպես պատկանում է թելուկազգիների ընտանիքին։
Թելուկն ունի մի քանի տասնյակ տարատեսակներ, որոնք տարբերվում են արտաքին տեսքով, մշակում են դեկորատիվ նպատակներով եւ որպես սնունդ։ Կան մանուշակագույն եւ կարմիր տեսակներ։
Բուժիչ նպատակներով օգտագործվում է թելուկի խոտը, որը մթերում են բույսի ծաղկման շրջանում, չորացնում օդափոխվող ծածկի տակ։ Կարեւոր է իմանալ, որ ուտելի են բնության մեջ աճող այն տեսակները, որոնց տերեւի հակառակ կողմը պատված է ալրանման փառով, այլ տեսակները դառն են եւ թունավոր։ Սննդային բջջանյութի զգալի քանակության շնորհիվ բույսն օգտակար է ստամոքսի խոցի դեպքում, մաքրում է աղիները խարամներից։ Բետաինը քիմիական բաղադրությամբ մոտ է քոլինին եւ լեցիտինին, այն կարեւոր դեր է կատարում նյութափոխանակության գործընթացում (հատկապես ճարպերի)։ Ֆոսֆոլիպիդները կարեւոր են բջջաթաղանթի կառուցման համար։
Բույսը օգտագործվում է որպես խորխաբեր միջոց, ունի հանգստացնող, հակաբորբոքային ազդեցություն։ Բույսը կիրառվում է բրոնխիտի, հեպատիտի, ստամոքսի ցավերի, անգինայի, ստոմատիտի դեպքում։ Թրջոցների ձեւով օգտագործում են թութքի, մաշկային հիվանդությունների ժամանակ։
Հակացուցված է երիկամային քարերի դեպքում։
Դեղատոմսեր
Դեղնախտի դեպքում
Թելուկի 20 գ մանրացրած տերեւներին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց մեկ ժամ առաջ։
Հոդատապի (պոդագրա) դեպքում
50 գրամ չորացրած, մանրացրած տերեւներին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 15 րոպե եռացող ջրային բաղնիքի վրա։ Վերականգնեք եփուկի նախնական ծավալը եռջրով։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։
Կարկանդակ թելուկով
Արծնապատ կաթսայի մեջ կես կգ թելուկը եփեք 1 լ ջրով, երբ փափկի` անջատեք կրակը։ Հովանալուց հետո քամեք։ Թելուկը մանր կտրատեք, ավելացրեք 200 գ կաթնաշոռ, 1 ճ/գ թթվասեր, 50 գ կարագ, 1 ձու, նախապես 2 սոխով պատրաստված սոխեռած, համեմեք ըստ ճաշակի, լավ խառնեք։ Դրեք կարկանդակի խմորի մեջ եւ տապակեք։ Մատուցեք թանի հետ։
Դիետիկ սնունդ հոդային ցավերի դեպքում
Կտրատեք 200 գ թելուկի տերեւները եւ շոգեխաշեք կարագով փակ թավայի մեջ թույլ կրակի վրա։ Մատուցեք թթվասերի հետ։
Կոտլետ թելուկով
Վերցրեք հավասար քանակությամբ մանր կտրատած թելուկ եւ մատիտեղ թռչնի, լցրեք եռացրած ջրով կաթսայի մեջ։ Եփեք մարմանդ կրակի վրա, պատրաստեք շիլայատիպ զանգված եւ անջատեք։ Հովանալուց հետո ավելացրեք խնձոր, կանաչեղեն (մաղադանոս, սամիթ, համեմ)։ Լավ խառնեք, կոտլետի ձեւ տվեք, թաթախեք պաքսիմատի մեջ եւ տապակեք։ Ամբողջ ամռան ընթացքում կարող եք օգտագործել։ Օգտակար է ստամոքսին, թեթեւություն է բերում։
Աղցան
Վերցրեք հավասար քանակությամբ ծաղկակաղամբ եւ թելուկ, վրան լցրեք եռջուր։ Խաշեք, քամեք։ Հովանալուց հետո կտրատեք, ավելացրեք քերիչով անցկացրած վարունգ, խնձոր, 1 ճ/գ կիտրոնահյութ, աղ, ձեթ։
Վիտամինային աղցան
100 գ չորացրած թելուկը 30 րոպե թրջեք սառը ջրի մեջ, քամեք։ Ավելացրեք վրան աղաջուր եւ եփեք մինչեւ պատրաստ լինելը։ Փռեք քամիչին։ Պատրաստեք սոխեռած, մանր կտրատեք թելուկը եւ խառնեք իրար։ Վրայից լցրեք մանրացրած հունական ընկույզ, համեմեք ըստ ճաշակի։
Մազարմատները ամրացնող միջոց
Խառնեք իրար կաղամբի, թելուկի եւ կիտրոնի հյութերը (4։2։1), շփեք հյութերի խառնուրդով գլխամաշկը 10-15 րոպե։ Տաք ջրով լվացեք գլուխը, մազերը կդառնան մետաքսի պես փայլուն։
Սիբեխ
Սիբեխ սովորական-Folicaria vulgaris, բույս, որի հայրենիքը հավանաբար պատմական Հայաստանն է եւ հարող տարածքները։
Սիբեխը ամենասիրված ուտելի բույսերից է մեր հայրենիքում, այն աճում է բոլոր լեռնային գոտիներում, հասնելով մինչեւ ալպիական մարգագետիններ։ Բույսի սերմերը եւ կոշտ տերեւներից կազմված վարդակը ծիլ են տալիս անմիջապես ձնհալից հետո, երբեմն աճում է քարի տակ։ Սիբեխը դիմանում է երաշտին։
Բույսի լատիներեն Falx անվանումը թարգմանվում է «մանգաղ», ռուսերեն` «ռեզակ», անվանումը կապված է տերեւի սղոցաեզր տեսքի հետ։
Հունական այբուբենի վերջին տառն օմեգան է, սիբեխի տերեւները հաճախ են աճում եռյակներով, կարծես թե ուրվագծում են այդ տառը։ Սակայն այս բույսը երեւի թե ուտելի բույսերից ամենաբարձր վայրերում աճողներից մեկն է` օմեգան։
Սիբեխը տարածված է Աֆրիկայի հյուսիսում, Ամերիկյան մայրցամաքում, Եվրոպայի հարավում, արեւմուտքում եւ Սկանդինավիայում։ Բույսի մատղաշ տերեւները, սերմը օգտագործում են որպես համեմունք` մարինադների եւ թթվի մեջ։ Սիբեխի սերմերը կարող են փոխարինել չամանին, դրանք կարելի է խառնել ալյուրի հետ` հաց պատրաստելիս։
Եթե սիբեխի սերմն ընկնում է վարած հողի մեջ, ապա գարնանը տալիս է սպիտակ ցողուն, այլ դեպքում կազմում է վարդակ` հյութալի կամ համեմատաբար կոշտ տերեւներով։ Աշնանը բույսի տերեւները կոշտանում են, բույսը դառնում է փշատերեւ, քամին պոկում եւ տեղափոխում է այն այլ տարածքներ։
Բույսը հեշտությամբ հարմարվում է արտաքին պայմաններին, ժողովուրդը անվանում է «աներես բույս»։
Սիբեխը նեխուրազգիների ընտանիքի երկշաքիլավոր երկամյա բույս է։ Արմատն առանցքային է, ցողունները` ուղղականգուն, թխականաչ, մինչեւ 60 սմ բարձրությամբ։ Տերեւներն ամուր են, սղոցաեզր եւ մերկ։ Ցողունային ճյուղավորումների գագաթին նստած են հովանոցները` մանր, սպիտակ ծաղիկներով։ Պտուղները փոքր-ինչ կորացած են, երկարավուն, սերմիկները մանր են, երկարավուն, դեղնադարչնագույն երանգով։ Մեկ բույսի վրա լինում է 900-1000 սերմ։ Բազմանում է միմիայն սերմերով։ Կախված պայմաններից` փոխվում է նաեւ բույսի մեջ պարունակվող օգտակար նյութերի փոխհարաբերակցությունը։
Սիբեխն ունի բարձր սննդային արժեք, այն պարունակում է մեծ քանակությամբ կարոտին եւ ասկորբինաթթու, ֆլավոններ, դառնանյութ, մինչեւ 0,2 տոկոս եթերային յուղ, ալկալոիդ, ֆալիկարին, պրոտեիններ։ Սերմը պարունակում է B խմբի վիտամիններ, ճարպ, սպիտակուց։
Բուժիչ նպատակներով հավաքում են բույսի մատղաշ տերեւները եւ սերմերը։
Բույսի ջրային թուրմը լավացնում է մարսողությունը, օգտակար է ստամոքսի ցածր թթվայնության դեպքում, լավ միզամուղ է, ունի մանրէասպան հատկություն։ Տերեւները կիրառվում են այրվածքի, վերքերի դեպքում։
Ստամոքսաբորբի (գաստրիտ) դեպքում
1թ/գ չորացրած հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
Մետեորիզմի դեպքում
1ճ/գ սիբեխի պտուղին ավելացրեք 200 մլ գոլ ջուր, եփեք 15 րոպե եռացող ջրային բաղնիքի վրա։ Մեկ ժամից քամելով սեղմեք հումքը թուրմի մեջ եւ վերականգնեք եփուկի նախնական ծավալը եռջրով։ Եփուկը կարելի է պահել մինչեւ երկու օր սառնարանում։ Խմեք 50-70 մլ, օրը 2-3 անգամ, սնունդ ընդունելուց հետո։
Վիտամինային աղցան
200 գ սիբեխը եփեք եռացրած աղաջրի մեջ, մինչեւ փափկելը։ Փռեք քամիչին, թողեք հովանա։ Լցրեք աղցանամանի մեջ, համեմեք կանաչեղենով (մաղադանոս, սամիթ)։ Մատուցեք մածունի եւ ճզմած սխտորի հետ։