Ադրբեջանում յուրաքանչյուր ընտրության նախօրյակին մենք խախտումների եւ կոռուպցիայի եւ իշխանությունների կոպիտ միջամտությունների մեղադրանքների վկան ենք դառնում, ինչը բերում է գործող կառավարության հաղթանակին: Հավանաբար, նույնը կկատարվի եւ գալիք ընտրություններին: Այսօր մենք չենք վերլուծի ընտրությունները, որոնք քննարկման թեմա կդառնան դեռեւս երկար ամիսներ կամ երկրի բնական հանածոներից ստացված եկումուտների օգնությամբ, ադրբեջանական իշխանությունների` երկրում կենսամակարդակը բարելավելու անկարողությունը: Մենք կփորձենք ընթերցողի հետ կիսվել ձգձգվող հակամարտության մասին որոշ գաղափարներով, որոնք արգելակել են ադրբեջանա-հայկական եւ հայ-թուրքական հարաբերությունները:
Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմել են Լեռնային Ղարաբաղի պատճառով, որը նախկինում Ադրբեջանի մասն էր կազմում եւ մասնակիորեն բնակեցված էր հայերով: 1994թ. զինադադարին չհաջորդեց խաղաղ պայմանագրի ստորագրումը: Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ շրջաններ, ներառյալ` ԼՂ-ն, դեռեւս զավթված են Հայաստանի կողմից: Այդ շրջանների տեղահանված բնակչությունը կազմում է մոտավորապես Ադրբեջանի ողջ բնակչության 20 տոկոսը: Այդ ձգձգված հակամարտությունը, անկասկած, խոչընդոտում է Հարավային Կովկասի կայունությանը, որը տնտեսական տեսակետից աշխարհի կարեւորագույն տարածաշրջաններից մեկն է:
Այսօր Հայաստանը եւ Ադրբեջանը տարաձայնություններ ունեն մի շարք հիմնարար հարցերում: Ադրբեջանը չի ընդունում փոխզիջում իր տարածքային ամբողջականության հաշվին եւ համաձայն չէ, որ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ձայնի իրավունք ունի իր վերջնական կարգավիճակի հարցում: Հայաստանը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ գրավյալ շրջաններից կամ թույլ տալ Ադրբեջանի փախստականներին վերադառնալ ԼՂ մինչեւ տարածքի անկախության ապահովումը: Հանրաքվեի հնարավորության նախնական քննարկում էր եղել տարածաշրջանի վերջնական կարգավիճակի որոշման համար, բայց այն մասին, թե ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչի՞ համար պետք է քվեարկի, վերջնական համաձայնություն ձեռք չբերվեց:
Ի՞նչը կարող է կարգավորման փաթեթի հիմնարար մասը դառնալ: Նախ, դա Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, որոնց սատարում է Հայաստանը, դուրսբերումն է Լեռնային Ղարաբաղի շրջակա Ադրբեջանի գրավյալ շրջաններից: Երկրորդ՝ երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն տարածքի վերամիավորման համար ուժային միջոցներ օգտագործելուց: Նրանք պետք է ընդունեն միջազգային խաղաղարարների օգնությունը` ապահովել տեղահանված անձանց վերադարձը հիմնական բնակության վայրեր եւ վերականգնել առեւտուրն ու հաղորդակցությունը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, վերջին հաշվով, կորոշվի միջազգային հանրության արտոնած հանրաքվեով, Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների մասնակցությամբ, բայց միայն վերոհիշյալ միջոցառումներն իրագործելուց հետո: Մինչ այդ Լեռնային Ղարաբաղը կմնա Ադրբեջանի մաս, չնայած` գործնականում կօգտվի ինքնակառավարմամբ եւ կունենա միջազգային ճանաչման միջանկյալ կարգավիճակ:
ԵԱՀԿ շրջանակներում ուղիղ բանակցային գործընթացը, պրահյան կոչվող, ենթադրում է ուղիղ երկկողմ շփումներ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ եւ նախաձեռնվել է 2004թ.: Երկու կողմերն էլ հրապարակավ հույս են հայտնել, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի: Բայց իրատեսորեն պետք է մոտենալ, որպեսզի այդ հույսը վերածվի պայմանագրի կոնկրետ կետերի, որոնք, իրենց հերթին, իրականություն կդառնան:
1. Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն 1994թ. զինադադարը, ձեռնպահ մնան ուժի կիրառումից, չքարոզեն բռնություն հակամարտությունների կարգավորման համար եւ վերջ դնեն տարածքում ռազմական մրցավազքին: Ի վերջո, խաղաղությունը պատերազմից էժան է:
2. Կողմերը պետք է պայմանագիր ստորագրեն, որը պետք է իր մեջ ներառի հետեւյալ կետերը.
ա. Հայկական զորքերի դուրսբերումը (այդ թվում «ԼՂ հատուկ ուժերի համազգեստի» տակ քողարկված) ԼՂ շրջակա բոլոր գրավյալ տարածքներից: Զորքերի դուրսբերումը պետք է կատարվի առավելապես արագ եւ ուղեկցվի միջազգային խաղաղարար ուժերի մուտքով,
բ. համատեղ հանձնաժողովի ստեղծում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, ԵԱՀԿ նախագահությամբ,
գ. տեղահանված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձի ապահովում իրենց մինչպատերազմական բնակավայրերը գրավյալ տարածքներում, զորքերի դուրսբերումից եւ միջազգային խաղաղարարների մտնելուց հետո,
դ. մարդկանց եւ բեռների ազատ երթեւեկության ապահովում, բոլոր շրջափակումների վերացում եւ տրանսպորտային եւ առեւտրային երթուղիների բացում, որոնք փակվել են հակամարտության արդյունքում:
3. Լեռնային Ղարաբաղի փաստական ղեկավարությունը պետք է դադարեցնի տարածքների բնակեցումը հայերով, որտեղ նախկինում ապրել է ադրբեջանական մեծամասնությունը, այդ թվում.
ա. դադարեցնել ԼՂ-ի եւ շրջակա շրջանների հողի, ունեցվածքի եւ ձեռնարկությունների առգրավումը,
բ. գրավյալ տարածքներում տեղական վարչական խորհուրդների ենթակառուցվածքների ստեղծման դադարեցում,
գ. ադրբեջանցիների ունեցվածքի եւ տների պահպանում:
4. Հայաստանը պետք է կոչ անի Ղարաբաղի փաստական իշխանություններին` ավելի զիջողական դիրքորոշում բռնել հակամարտության կարգավորման գործընթացում:
5. Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մերձեցումը:
6. Ադրբեջանական եւ հայկական կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում փոխադարձ վստահության աճի համար, միջազգային այնպիսի կազմակերպությունների հետ համագործակցության հարցում, ինչպես ՄԱԿ-ը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, ԵԱՀԿ-ն եւ հեղինակություն ունեցող ՀԿ-ները:
7. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար պետք է մշակվի հանրաքվեի մեխանիզմ, եւ մինչ դրա անցկացումը տարածքում պետք է լինի միջազգային ճանաչված միջանկյալ կարգավիճակ, եւ նրա ղեկավար մարմինների անդամները պետք է ընտրվեն միջազգային դիտորդության պարագայում: ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման հանրաքվեով, որը պետք է.
ա. անցկացվի ադրբեջանցի փախստականների ԼՂ վերադարձից հետո եւ այն բանից հետո, երբ միջազգային համաժողովը կորոշի, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը կատարել է փոքրամասնությունների իրավունքների ապահովման միջազգային պահանջները: Նման գնահատականը պետք է ստեղծվի խաղաղ համաձայնագրի ստորագրումից առնվազն երեք տարի հետո,
բ. անցկացվի Ղարաբաղի ադրբեջանցիների եւ հայերի հատուկ ներկայությամբ,
գ. հիմնավորվի այն սկզբունքի վրա, որ բոլոր կողմերն ընդունում են արդյունքները:
8. Ադրբեջանը պետք է Ղարաբաղի ադրբեջանցիներին թույլ տա մեծ դեր խաղալ բանակցություններում եւ ներքին քաղաքական գործընթացներում, այդ թվում` օրենսդրական լուծման ճանապարհով ղարաբաղյան ադրբեջանցիներին թույլ տա ընտրել իրենց համայնքի ղեկավարին, ապահովի տեղահանվածների ընտրության իրավունքը 2005թ. խորհրդարանական ընտրություններում եւ քաղաքական կամպանիաներում նրանց մասնակցությունը:
9. Կառավարական չինովնիկները եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ները պետք է ձեռնպահ մնան իրար դեմ ռազմական եւ քսենոֆոբյան հռետորություն օգտագործելուց:
10. Կողմերը պետք է տեղեկացնեն հանրությանը կարգավորման գործընթացի մասին, նրա տարբեր փուլերի ձեռքբերումների մասին եւ հասարակության աջակցությունը ապահովեն հարցի հնարավոր համաձայնության վերաբերյալ: Դա նշանակում է մի շարք ցավոտ հարցերի բաց քննարկում: Այլ կերպ, արդեն պատերազմի, տեղահանման եւ անորոշության բովով անցած մարդիկ կտառապեն, առանց իմանալու պատճառները` կմեղադրեն «մյուս կողմին»:
11. ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ Եվրամիության Նախարարների խորհուրդը պետք է խաղաղ համաձայնագրի երաշխավորը դառնան` Եվրամիության առավել ակտիվ մասնակցությամբ հակամարտության կարգավորման տարածաշրջանում հատուկ ներկայացուցչության ստեղծման ճանապարհով:
Ահա մի քանի նկատառումներ, որոնք ադրբեջանական նոր կառավարությունը կարող է նկատի առնել կամ չառնել: Այդ կառավարության համար ընտրություններում հաղթանակն իրական նշանակություն կունենա միայն, եթե նրան հաջողվի բարելավել ժողովրդի կենսամակարդակը եւ վերջ դնի ձգձգված հակամարտությանը, որը քայքայել է երկիրը տնտեսապես եւ քաղաքականապես:
«Թըրքիշ դեյլի նյուզ» (Թուրքիա)
www.mediadialogue.org