2012 թվականին Երեւանը դառնալու է գրքի համաշխարհային մայրաքաղաք, եւ մենք փորձելու ենք ներկայանալ որպես ընթերցասեր ու ինտելեկտուալ հասարակություն: Եվ եթե որպես գրքի մայրաքաղաք` աշխարհին «հրավիրում» ես քո տուն, ապա ենթադրվում է, որ նախեւառաջ պետք է տուն ունենաս: Եվ այս պարագայում «Հայ գրքի տան» ստեղծման գաղափարն առավել քան արդիական է: Մեր հանրապետության տարածքում, օրինակ, ռուսական գրքի տներ կան, որտեղ հայկական գրականությունը, լավագույն դեպքում, ամոթխած անկոչ հյուրի պես ընդամենը մի քանի դարակ է զբաղեցնում: Այսօր Հայաստանի ողջ տարածքում գործում է ընդամենը մի քանի գրախանութ, իսկ գրադարանները հոգեվարք են ապրում: Ըստ մասնագետների` ամեն բան կարող է շատ արագ շտկվել, եթե մարդկային ու ֆինանսական ռեսուրսները ոչ թե դուրս, այլ ներս ուղղվեն: Անգամ մեկ տարվա ընթացքում կարելի է իրապես գիրք օգտագործող (ոչ թե սոսկ գրքասեր) հասարակություն ձեւավորել, եթե ուրիշներին դուր գալու փոխարեն` սկսենք ինքներս մեզ կարեւորել: