ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն է նկատում։ «Յուրաքանչյուր համագործակցություն ես ողջունում եմ: Տեսնում եմ եւ իրենք էլ (նկատի ունի Հայ ազգային կոնգրեսին.-խմբ.) են հայտարարում, որ այդ համագործակցության անհրաժեշտությունը կա: Յուրաքանչյուր համագործակցություն, իմ կարծիքով, ժողովրդի շահերից է բխում»,- ասել է Հ. Աբրահամյանը: Նաեւ հավելել է, թե ինքը բազմիցս հայտարարել է, որ ԱԺ ամբիոնը կարելի է դարձնել բազմակարծության, քննարկումների, քննադատությունների ամբիոն. «Ճիշտ կլինի փողոցներից վերադառնալ եւ քննարկել յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր խնդիր եւ տեսակետներ հնչեցնել: Իշխանությունը միշտ պատրաստ է լսելու, անկախ նրանից` ընդդիմությա՞ն տեսակետն է, թե՞ դիմության»: Հարցին` իշխանությունները պատրա՞ստ են արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ ՀԱԿ-ի պահանջներից մեկն էլ հենց դա է, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր արտահերթ ընտրություն բերում է բացասական իմիջ երկրի համար: Արտահերթ ընտրության անհրաժեշտություն չկա, քանի որ մնացել է մեկ տարի ԱԺ ընտրություններին, եւ դա շատ քիչ ժամանակ է նախապատրաստվելու համար եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը: Ճիշտ կլինի, որ իրենք իրենց ուժերը ներդնեն, նախապատրաստվեն, եւ միասնական անցկացնենք թափանցիկ ընտրություններ»: Ի դեպ, Հ. Աբրահամյանն ասել է, թե իր կարծիքով` հաջորդ խորհրդարանում ՀԱԿ-ը ներկայացված կլինի: