Երեկ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հրապարակել է այս տարվա հունվարին Հայաստան կատարած այցելության վերաբերյալ զեկույցը, որը բավական կոշտ գնահատականներ է պարունակում: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին վերաբերող փաստաթղթում ԵԽ ՄԻ Հանձնակատարը մարտի 1-2-ին իրավապահ մարմինների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը որակել է` «անհամաչափ», իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` «անարդյունավետ»: «Մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն: Ոստիկանության եւ Անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել,- գրել է Թոմաս Համմարբերգը` ավելացնելով,- Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին»: