«2008թ. մարտյան իրադարձությունների հետեւանքով մարդու իրավունքների հարցում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ որոշ նշանակալի քայլեր արվել են, սակայն հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ամրապնդման եւ իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար դեռ շատ անելիքներ կան»,- նշված է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 9-ին՝ 2011թ. հունվարին Հայաստան կատարած այցելության արդյունքների հիման վրա։ Զեկույցը վերաբերում է 2008թ. մարտյան իրադարձությունների հետ կապված՝ մարդու իրավունքների խնդիրներին, արտահայտվելու եւ հավաքներ անցկացնելու ազատությանը, ինչպես նաեւ՝ բանակում մարդու իրավունքների վիճակին։ Հանձնակատարը գտնում է, որ 2008թ. մարտի 1-2-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, եւ նշում, որ մահվան 10 դեպքերի առնչությամբ հետաքննությունը արդյունավետ չի եղել։ «Սպանությունն իրականացնողներից ոչ ոք մինչ օրս բացահայտված չէ։ Հրաման արձակելու պատասխանատվությունը Ոստիկանության եւ Անվտանգության ծառայության համակարգում, ըստ երեւույթին, լուրջ չի ընկալվում։ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի մեծ ջանքեր ներդնեն այս հետաքննության մեջ եւ մեղավորներին ենթարկեն պատասխանատվության։ Տասը զոհերի ընտանիքները իրենց հարազատների կորստի համար պետք է համարժեք փոխհատուցում ստանան, ինչպես նաեւ լիարժեք տեղեկատվություն ունենան հետաքննության մասին»։ Հանձնակատարը ողջունում է Սերժ Սարգսյանի՝ վերջերս տրված հանձնարարականը այդ դեպքերի հետաքննությանը նոր թափ հաղորդելու վերաբերյալ, եւ հույս է հայտնում, որ այն կվերածվի կոնկրետ առաջընթացի մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու գործում։ Ողջունելով մարտյան իրադարձությունների արդյունքում ձերբակալված մի շարք անձանց ազատ արձակումը (որոնցից երեքը ազատ են արձակվել իր այցելությունից հետո), Հանձնակատարը շարունակում է խիստ մտահոգված մնալ անազատության մեջ գտնվող մյուս ընդդիմադիր ակտիվիստների հարցով եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել նրանց։ Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ ազատ արտահայտվելու իրավունքին, ներառյալ՝ մամուլի ազատությունը եւ բազմակարծությունը։ Հանձնակատարը ողջունում է քրեական օրենսգրքում նախորդ տարի կատարված փոփոխությունները, որով զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները ապաքրեականացվեցին։ Սակայն նա մտահոգված է ԶԼՄ-ների դեմ հարուցված դատական գործերի աճով՝ պայմանավորված քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններով։ Նա շեշտում է, որ մամուլին վերաբերող քաղաքացիական գործերում անհրաժեշտ է խուսափել չհիմնավորված բարձր տուգանքներից։ Միեւնույն ժամանակ, պետք է խրախուսել լրագրողների համար էթիկայի չափանիշների եւ ինքնակարգավորման համակարգի ձեւավորումը։ Անհանգստություն հայտնելով վերջին երկու տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշման եւ նրանց վրա կատարված հարձակումների առնչությամբ՝ Հանձնակատարը երկրի իշխանություններին կոչ է անում խստորեն դատապարտել նման միջադեպերը եւ միջոցներ ձեռնարկել դրանց կրկնությունը կանխելու համար։ Մտահոգության տեղիք է շարունակում տալ նաեւ Հայաստանում խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի փաստացի իրագործումը։ «Խաղաղ հավաքներին ապօրինի եւ անհամաչափ ձեւով խոչընդոտելը՝ ակտիվիստների ձերբակալումը, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումը եւ կոնկրետ վայրերում հավաքներ անցկացնելու ուղղակի մերժումը, պետք է անմիջապես դադարեցվի։ Շատ կարեւոր է, որ նման հավաքների ժամանակ ոստիկանության ուժերի վարքագիծը եւ գործողությունները համապատասխանեն մարդու իրավունքների չափանիշներին»,- նշված է Համմարբերգի զեկույցում։ Հետեւաբար, հանձնակատար Համմարբերգը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել ազատ արտահայտվելու, մամուլի ազատության եւ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին վերաբերող օրենսդրական շրջանակն ու դրա փաստացի կիրառումը՝ համապատասխանեցնելով մարդու իրավունքների չափանիշներին։ Զեկույցը անդրադառնում է նաեւ այնպիսի հարցերի, ինչպիսիք են բանակում խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերը, կտտանքները եւ վատ վերաբերմունքը, որոնք տեղի են ունեցել հայկական բանակում եւ դարձել են հասարակական քննարկման առարկա։ «Հայաստանի իշխանությունները պետք է մեծացնեն ջանքերը զինված ուժերում նման դեպքերը կանխելու համար եւ վերջ դնեն մեղավորների եւ պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը»։ Նաեւ հրատապ պահանջ կա վերանայել Այլընտրանքային ծառայության մասին օրենքը եւ ստեղծել բացարձակապես քաղաքացիական ծառայության մեխանիզմ, որի տեւողությունը չպետք է ընկալվի որպես պատժողական, զսպողական կամ խտրական վերաբերմունքի դրսեւորում։ Եվ վերջապես, հանձնակատարը խորհուրդ է տալիս ազատ արձակել այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են զինված ուժերում ծառայելու պարտավորությունը չկատարելու համար։