Համարբերգը մտահոգված է

09/05/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին Հայաստան կատարած այցի հիման վրա պատրաստած զեկույցը:

Այն պետք է հրապարակվեր մայիսի 2-ին, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` նախապես ուղարկվել էր ՀՀ իշխանություններին, որոնք ժամանակ էին խնդրել դրանում տեղ գտած որոշ հարցադրումներին արձագանքելու համար: Թ.Համմարբերգի զեկույցը բավականին կոշտ է եւ բազմաթիվ պահանջներ է ներկայացնում ՀՀ իշխանություններին:

Հիշեցնենք, որ զեկույցը վերաբերում է 2008թ. մարտյան իրադարձություններին` կապված մարդու իրավունքների խնդիրներին, արտահայտվելու եւ հավաքներ անցկացնելու ազատությանը, ինչպես նաեւ` բանակում մարդու իրավունքների վիճակին։ Թ.Համմարբերգը գրել է, որ 2008թ. մարտյան իրադարձությունների հետեւանքով մարդու իրավունքների հարցում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ թեեւ որոշ նշանակալի քայլեր արվել են, սակայն հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ամրապնդման եւ իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար դեռ շատ անելիքներ կան: Հանձնակատարը գտնում է, որ մարտի 1-2-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, եւ նշում է, որ մահվան 10 դեպքերի առնչությամբ հետաքննությունն արդյունավետ չի եղել, որովհետեւ իրականացնողներից ոչ ոք մինչ օրս բացահայտված չէ։ Նրա խոսքերով` հրաման արձակելու պատասխանատվությունը Ոստիկանության եւ Անվտանգության ծառայության համակարգում, ըստ երեւույթին, լուրջ չի ընկալվում։ ՀՀ իշխանությունները պետք է ավելի մեծ ջանքեր ներդնեն այս հետաքննության մեջ եւ մեղավորներին ենթարկեն պատասխանատվության։ Հատկապես ուշագրավ է, որ այս զեկույցում եւ ընդհանրապես ԵԽ ԽՎ պաշտոնական փաստաթղթերում թերեւս առաջին անգամ կարեւորվել է մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին համարժեք փոխհատուցում տալու հանգամանքը: Մինչ այժմ այդ փաստաթղթերում մշտապես կարեւորվել է մեղավորների բացահայտումը, սակայն փոխհատուցման խնդիր մեծ հաշվով չի դրվել: Այդ պահանջն իր ելույթներից մեկում իշխանություններին ներկայացրել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ եւ նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ զոհերի հարազատներին փոխհատուցելու դեպքում էլ պետությունը պետք է ունենա լիարժեք պարտավորություն: Իսկ դա հնարավոր է կատարել, երբ արդեն կատարել է մյուս գործողությունները` բացահայտվել ու պատժվել են հրաման տվողներն ու բոլոր մեղավորները: Ընդունելի՞ է արդյոք ԵԽ ՄԻ հանձնակատարի այս պահանջը: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ «աշխարհում շատ արդար պահանջներ կան, որոնք ոչ միշտ են ի վիճակի կարգավորել»: Բանն այն է, որ մեր երկիրը չի վավերացրել ՄԻ եվրոպական կոնվենցիայի այն բանաձեւը, որը նման դեպքերում փոխհատուցում է պարտավորեցնում: Պատգամավորը, սակայն, համաձայն է Մարտի 1-ի դեպքերի բացահայտման պահանջի հետ եւ գտնում է, որ այն պետք է լիներ նաեւ «մեր կողմից»: «Ես, իսկապես, ընդունում եմ, որ Ոստիկանությունը պատշաճ չի գործել այդ օրը: Եթե պատշաճ գործեր, չէին լինի այդքան զոհեր: Դրանով է պայմանավորված այն ռեֆորմը, որ հիմա իրականացվում է Ոստիկանությունում, եւ որին մենք հետեւում ենք: Ինչ վերաբերում է հատուցմանը, կարծում եմ, որ Համմարբերգի մոտեցումն ավելի շատ արտահայտում է եվրոպական ընդհանուր մոտեցումը: ՀՀ-ն այդ մոտեցմանը դեռեւս համաձայնություն չի տվել, թեեւ մի քանի տարի այդ հարցը քննարկվում է»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում նշված բարեփոխումների իրականացման մշտադիտարկումն անցկացնում է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը, որի ղեկավարը նույնպես Դ.Հարությունյանն է: Իսկ իր զեկույցում Թ.Համմարբերգը ողջունել է Սերժ Սարգսյանի կողմից վերջերս տրված հանձնարարականն այդ դեպքերի հետաքննությանը նոր թափ հաղորդելու վերաբերյալ ու հույս է հայտնել, որ մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու գործում այն կվերածվի կոնկրետ առաջընթացի: Այդ դեպքերի բացահայտման մասին պաշտոնական հավաստիացում տալը ՀԱԿ-ի այն երեք պահանջներից մեկն էր, որը Լ.Տեր-Պետրոսյանը համարեց կատարված: Ա.Քոչարյանը Ս.Սարգսյանի այդ հավաստիացումը շատ կարեւոր է համարում այն առումով, որ 3 տարվա ընթացքում առաջին անգամ իշխանություններն ընդունեցին, որ Մարտի 1-ի հետ կապված որեւէ բացահայտում չեն իրականացրել, ու պարտավորվեցին, որ պետք է իրականացնեն: «Կիրականացնեն թե չէ, կյանքը ցույց կտա: Մարտի 1-ը իր տրամաբանության մեջ հասարակության կողմից բացահայտված է, պարզապես պատկան մարմինները դրան պետք է տան իրավական գործընթաց: Իրական մեղավորները, ապօրինի հրաման տվողները պետք է պատժվեն: Իսկ դրանք հայտնի մարդիկ են` սկսած Ռոբերտ Քոչարյանից` վերջացրած ուժային պատասխանատուներով եւ կառավարման համակարգին առնչություն ունեցող շատ պաշտոնյաներով: Ես կարծում եմ, որ բացահայտումը պետք է սկսել 0038 հրամանից, առավոտյան դեպքերի ժամանակ ուժային կառույցների օգտագործումից: Մինչեւ հիմա չգիտենք, թե առավոտյան ինչ գործողություն է տեղի ունեցել: Տեղանքի զննությունն այդպես չի իրականացվում, եթե այդպես էր, ապա այդ քանակի ուժերի ներգրավումը ես չեմ պատկերացնում: Եթե օպերատիվ հետախուզական քննություն է իրականացվում, դա լրիվ այլ միջոցառում է, այլ անձնակազմով»,- ասում է նա:

Թ.Համմարբերգը հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ ազատ արտահայտվելու իրավունքին` մամուլի ազատությանն ու բազմազանությանը։ Հանձնակատարը ողջունում է Քրեական օրենսգրքում նախորդ տարի կատարված փոփոխությունները, որով զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները ապաքրեականացվեցին։ Սակայն նա մտահոգված է ԶԼՄ-ների դեմ հարուցված դատական գործերի աճով եւ շեշտում է, որ այդ դեպքում անհրաժեշտ է խուսափել չհիմնավորված բարձր տուգանքներից։ Համմարբերգը ՀՀ իշխանություններին կոչ է անում նաեւ խստորեն դատապարտել նման լրագրողների նկատմամբ վերջին 2 տարիներին կատարվող ճնշումները, միջոցներ ձեռնարկել դրանց կրկնությունը կանխելու համար։ Նրա համար մտահոգիչ է մնում նաեւ մեր երկրում խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի փաստացի իրագործումը։ Նա պահանջում է անմիջապես դադարեցնել ընդդիմության հավաքների ժամանակ ակտիվիստների ձերբակալումը, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումը եւ կոնկրետ վայրերում հավաքներ անցկացնելու ուղղակի մերժումը։ Կարեւորել է, որ նման հավաքների ժամանակ Ոստիկանության ուժերի վարքագիծը եւ գործողությունները համապատասխանեն ՄԻ չափանիշներին։ Նա ՀՀ իշխանություններին կոչ է անում վերանայել ազատ արտահայտման, մամուլի ազատությանը եւ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին վերաբերող օրենսդրական շրջանակն ու դրա փաստացի կիրառումը համապատասխանեցնել ՄԻ չափանիշներին։ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը համաձայն է Թ.Համմարբերգի հետ եւ գտնում է, որ իշխանություններն այդ դատերով ու փոխհատուցումների մասին վճիռներով ցանկանում են սնանկացնել ու փակել իրենց հակառակ կարծիք հայտնող մի քանի թերթերին: «Միանշանակ համաձայն եմ ՄԻ հանձնակատարի այն կարծիքին, որ մեր երկրում խախտվում է ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը: Դա եղել է եւ մարտի 1-ի առավոտյան, երեկոյան, նաեւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում, եւ շարունակվում է մինչ օրս: Դրա վառ ապացույցն է նաեւ մարտի 3-ին ազատ հավաքի իրավունքի խոչընդոտումը, որը տեղի ունեցավ Կառավարության շենքի առջեւ: Սա ոչ միայն անհարկի միջամտություն էր, այլ քրեորեն հետապնդելի արարք»,- ավելացնում է պատգամավորը:

Թերթերի նկատմամբ դատական վարույթների հետ կապված` Դ.Հարությունյանը նախընտրեց գնահատական չտալ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե դատարանում ով ինչ կապացուցի: Ես հասկանում եմ, որ պարոն Համմարբերգը կարող է մտահոգված լինել դրանով, բայց ինձ համար դա դեռեւս ոչինչ է նշանակում: Իսկ ինչ վերաբերում է հավաքներին, ապա ես բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշւմն այս առումով, որ խոսքը վերաբերում է խաղաղ հավաքներ անցկացնելու, եւ ոչ թե դրանց տեղը կամայականորեն ընտրելու իրավունքին: Այդ առումով մեր մոտեցումները տարբեր են»,- ավելացրեց նա:

Համմարբերգի զեկույցում մի պահանջ կա, որի հետ ընդդիմությունը, սակայն, համաձայն չէր: Դա վերաբերում է այլընտրանքային ծառայությանը: ՄԻ հանձնակատարը պահանջում է ստեղծել բացարձակապես քաղաքացիական ծառայության մեխանիզմ, որի տեւողությունը չպետք է ընկալվի որպես պատժողական, զսպողական կամ խտրական վերաբերմունքի դրսեւորում։ Խորհուրդ է տալիս ազատ արձակել այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են զինված ուժերում ծառայելու պարտավորությունը չկատարելու համար։ «Այդ պահանջն ինձ համար ընկալելի չէ, վերջին հաշվով մեր երկիրը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: Եվ եթե հանկարծ պետությունն իրականացնի այդ պահանջը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվի մեր զինված ուժերում: Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, պարզապես պետք է գործող օրենքը կիրառել: Կրոնական այդ խմբավորումների անդամները եթե չեն ցանկանում ամբողջությամբ ներգրավվել ծառայության մեջ, պետք է այլընտրանքային ծառայություններ կիրառել: Բայց դա էլ իր վտանգներն ունի, շատերը բանակից խուսափելու համար կարող է դառնան կրոնական խմբավորումների անդամ: Դա շատ լուրջ վտանգ է, եւ մեր պետությունը պարզապես չի կարող նման պահանջ կատարել»,- ասում է Ա.Քոչարյանը: