Շանտաժ են անում

09/05/2011

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` երեկ` Հաղթանակի եւ խաղաղության տոնի օրը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հանգիստ է եղել: «Վերջին 5 ամսվա ընթացքում այսօր ամենից հանգիստ օրն է եղել»,- երեկ ասել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցություններին եւ դրանց հաջորդող կրակոցներին շփման գծում` Մ. Հակոբյանն ասել է, թե այդպիսով ադրբեջանական կողմը փորձում է շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, որպեսզի որոշակի ճնշումներ գործադրեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ: «Բանակի համար դա անընդունելի է, եւ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ բանակի վրա»,- ասել է Մ. Հակոբյանը: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման առնչությամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին, նա ասել է. «Եթե պետական պաշտոնյան իր ուժերից վեր հայտարարություններ է անում, չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ այն, ինչ հայտարարում է, չի կարող իրականացնել: Մենք կարող ենք օրական մոտ 62 քաղաքացիական չվերթ Ադրբեջանի տարածքում հրթիռակոծել, որը չենք իրականացնում եւ հասկանում ենք, որ քաղաքացիական օդանավերը ռմբակոծելը հանցագործություն է»: