Ծխախոտի դեմ պայքար՝ ծխելու համար ստեղծված բոլոր պայմաններով

05/11/2005 Նատալի ՈՍԿԱՆՅԱՆ

«Համեմատած եվրոպական երկրների հետ՝ Հայաստանում երեխաները մի փոքր ավելի քիչ են ծխում, բայց դա այնքան էլ հանգստացուցիչ չէ»,- ասում է Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանը: 13-15 տարեկան հայաստանցի երեխաների մոտ 5,6 %-ը ծխող են. դա կազմում է աղջիկների ավելի քան 1 %-ը եւ տղաների մոտ 11 %-ը:

Ծխել սկսում են սովորաբար դեռահաս կամ երիտասարդ տարիքում: Անչափահասները ուզում են մեծ երեւալ, իսկ մեծերը Հայաստանում, որպես կանոն, ծխում են: Շատերը նիկոտինային կախվածությունը ձեռք են բերում բանակում. դրան նպաստում է միջավայրն ու անվճար ծխախոտը: «Դա էլ մարդուն զբաղեցնելու ինչ-որ մի ձեւ է: Չէ՞ որ, երբ մարդը ծխում է, ինչ-որ մի բան է անում»,- ասում է 3-րդ կլինիկական հիվանդանոցում բացված «Ծխելը թողնելու կենտրոնի» տնօրեն Դավիթ Պետրոսյանը: Ծխախոտային կախվածությունից «ազատագրման» բժշկական ծառայությունները դեռ նորություն են Հայաստանում: Կա եւս մեկ նման ծառայություն՝ երեւանյան Նարկոդիսպանսերում: Ծխողների բանակի համալրման գործում իր դերն ունի, բնականաբար, գովազդը: 2002թ. օգոստոսից Հայաստանում արգելված է ծխախոտի ուղղակի գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Այդուհանդերձ, հետաքրքիր մի փաստ է արձանագրվել երեխաների շրջանում անցկացված հարցման արդյունքում. «Երեխաների մի մասը նշել է, որ պարբերաբար տեսնում են գովազդ հեռուստացույցով»,- ասում է Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանը: -Այսինքն՝ ծխախոտը ինչ-որ ձեւով, միեւնույն է, հայտնվում է էկրանին»:

Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից ծխախոտամոլությունը մտցված է հիվանդությունների ռեգիստրի մեջ: «Ծխելը ոչ թե վատ սովորություն է, ինչպես մենք ենք համարում, այլ հիվանդություն, որի հիմքում ընկած է դեղորայքային կախվածությունը նիկոտին կոչվող նյութից»,- ասում է Դավիթ Պետրոսյանը: Ծխախոտի գովազդումը երեւանյան փողոցներում ու խանութներում թերեւս կարելի է նմանեցնել համաճարակի: «Փառահեղ» գովազդային վահանակները՝ «Esse Lights. Դու կարող ես ամեն ինչ», «West. Ամեն ինչ սկսվում է այս պահից», «Միայն Kent. Հայտնագործիր, ստեղծիր, կատարելագործիր», եւ այլ հիպնոսացնող հորդորներ, երբեմն տեղադրվում են դպրոցների հարեւանությամբ՝ առանց որեւէ «150 մետրի» պահպանման, սակայն դրանք չես տեսնի, ասենք, նախագահի նստավայրի մոտակայքում:

«Սարսափելի է ծխախոտի գովազդի վիճակը փողոցներում»,- նշում է Ալեքսանդր Բազարչյանը: Վերջինիս խոսքով՝ ծխախոտի գովազդի բոլոր տեսակները՝ ներսի թե դրսի, պետք է վերացվեն հինգ տարվա ընթացքում, քանի որ Հայաստանը վավերացրել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան: «Արտասահմանյան ծխախոտ ներմուծող ընկերություններն այսօր ագրեսիվացրել են իրենց գովազդային քաղաքականությունը»,- ասում է «Գրանդ Տոբակո» ընկերության տնօրենի խորհրդական Արման Վանեսքեհյանը: Տրամաբանությունը պարզ է. եթե հինգ տարուց գովազդն արգելվելու է, ապա հարկ է այսօր գրավել շուկայի հնարավորինս մեծ հատված: Հայաստանում արդեն գործում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: 2005 թ. մարտի 2-ից ծխախոտի օգտագործումն արգելված է բուժհիմնակներում, կրթական հիմնարկներում, քաղաքային տրանսպորտում: «Բռնանում են, օրենք մտցնում՝ արհամարհելով ժողովրդի ու մարդկանց հոգեբանությունը,- ասում է ստաժավոր ծխող, բժիշկ Արմինե Առուստամյանը: -Աշխատանքային պայմանագրում չծխելու պարտավորություն ամրագրող կետ են մտցրել: Բռնությունը ծխախոտի գովազդ է: Բռնանալ պետք չի, պետք է այնպես անել, որ ժամանակի ընթացքում հրաժարվեն այդ սովորույթից»:

Այդուհանդերձ, գործադրված միջոցառումների եւ օրենքի արդյունքում արդեն կան որոշակի փոփոխություններ: Նույն «մարշրուտկայի» վարորդին այժմ ավելի ռիսկով կարող ես ասել՝ «խնդրում եմ, մի՛ ծխեք» եւ նա, հավանաբար, չի ասի՝ «իմ մեքենան ա, ինչ կուզեմ՝ կանեմ»:

2006թ. օրենքը նոր փուլ է մտնում, երբ հիմնարկ-ձեռնարկություններում (բացի բուժհիմնարկներից եւ կրթական հաստատություններից) ծխելու համար հատուկ տեղեր են հատկացվելու: Մինչեւ դեկտեմբեր պետք է մշակվեն եւ ենթաօրենսդրական ակտերով ներկայացվեն օրենքից բխող կոնկրետ միջոցառումները, որոնք էլ կգործադրվեն 2006-ից: Ալ. Բազարչյանի խոսքով՝ այսօր շատ մոդայիկ է ասել` «ծխող մարդու իրավունքներ»: «Ո՞րն է ծխող մարդու իրավունքը, որ ծխի՞. ոչ ոք նրան չի ասում՝ մի՛ ծխիր. ծխի՛ր, բայց ուրիշ տեղ, մենակ՝ դուրսը կամ հատուկ հատկացված տեղում: Քանի որ դու ես ծխում, դու ես դրսից բերել այդ երեւույթը (այսինքն` մարդը չի ծնվում ծխախոտը ձեռքին՝ մեկ, եւ ծխախոտը ուտելու նման պահանջ չէ), ուրեմն դա կոնկետ քո խնդիրն է»,- ասում է Ալ. Բազարչյանը:

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` այսօր Հայաստանում ծխող են աշխատունակ տղամարդկանց 63 %-ը եւ կանանց 3%-ը: «Կանայք թաքցնում են իրենց ծխելու փաստը. դա բնականաբար անդրադառնում է հարցման թվերի վրա»,- ասում է Ալ. Բազարչյանը: Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսված է իրականացնել իրավիճակի մոնիտորինգ եւ տարեկան վերլուծական ուսումնասիրություններ: Բժիշկները կվերապատրաստվեն. կստեղծվի բժիշկների ցանց՝ օգնելու մարդկանց թողնել ծխելը: Դպրոցական տարբեր դասընթացներ, ասենք՝ կենսաբանությունը, կհամալրվեն հակածխախոտային մոտեցումներով: Իսկ դպրոցի մոտակայքում եւս մի հինգ տարի կսպասի ծխախոտի գովազդային վահանակը:

«Մենք աշխատում ենք բնակչության հետ. եթե օրենքը կա, ապա այն՝ այսպես թե այնպես, ազդում է արտադրողի վրա»,- ասում է Ալ. Բազարչյանը: «Այսպես թե այնպես»-ը վերաբերում է, օրինակ, օրենքի այն պահանջին, որ Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի մակերեսի 30 տոկոսը պետք է զբաղեցրած լինի առողջապահական հայտարարությամբ՝ սկսած 2008-ից: Ծխախոտամոլությունն այսօր զարգացած երկրներից տեղափոխվում է զարգացող՝ «քյասիբ» երկրներ, քանի որ առաջիններում գործող արգելքները ստիպում են ծխախոտ արտադրողներին` սպառման շուկա գտնել առավել հանդուրժող՝ զարգացող երկրներում:

Ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը գրավում է երրորդ տեղը՝ Մոլդովայից եւ Հունգարիայից հետո (Հայաստանում այդ մահացությունը կազմում է 22%, Վրաստանում՝ 16%, Ադրբեջանում՝ 9,2%): «Հայաստանի նման ոչ հարուստ երկրի համար շատ կարեւոր է հիվանդությունների կանխարգելումը, քանի որ բուժումն արդեն թանկ հաճույք է եւ բնակչության մեծ մասի համար ոչ մատչելի»,- ասում է Հանրային առողջության հայկական ալյանսի Հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանը՝ ավելացնելով, որ հանրային առողջության եւ բժշկության շահերն այնքան էլ չեն համընկնում: Գաղտնիք չէ, որ ժամանակակից բժշկությունը հաճախ տարված է արդեն առկա հիվանդության բուժմամբ: «Մեզ մոտ այդ մշակույթը չի ձեւավորվել, որ մարդը հոգ տանի իր առողջության մասին, թերեւս ընդհակառակը. ասում են՝ ծխի՛, խմի՛, մեկ ա՝ սաղ սուտ ա»,- նշում է Ալ. Բազարչյանը:

2003թ. ծխախոտի արդյունաբերության մեջ աշխատողների թիվն արդյունաբերության ընդհանուր զբաղվածության մեջ կազմել է 1,4%: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում պարենային շատ ապրանքների գները, այդ թվում՝ հացինն ու հացամթերքինը, բարձրացել են, իսկ ծխախոտի գինը գրեթե չի փոխվել: Հայաստանում ծխախոտի տեղական իրացման ու ներմուծման հարկման դրույքաչափերը 1999 թվականից շատ աննշան են փոփոխվել, իսկ 2002թ. ներմուծման հաստատագրված վճարները 1999թ. համեմատ նույնիսկ նվազել են 26,6%-ով. վկայում է Հանրային առողջության հայկական ալյանսը՝ հենվելով ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալների վրա: Ծխախոտի տեսքն ու գովազդը հետապնդում են քեզ ամենուր: Ծխախոտն արտադրվում է ու ներմուծվում՝ առանց ռեալ (գնային ու հարկային) սահմանափակումների՝ եկամուտ ապահովելով պետությանը: Արտադրողներն ու ներմուծողները կռիվ են տալիս սպառողի համար, ուսումնասիրում, թե հատկապես ինչ հոտի ու համի ծխախոտներ է նախընտրում բնակչությունը, հմտանում տեսականու ընդլայնման ու սպառողների պահանջների ավելի դիպուկ բավարարման գործում: «Ծխեցնելու» այս ազդու լծակների կողքին կա «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: «Շատ իներտ ու անատամ օրենք է»,- ասում է Արման Վանեսքեհյանը: