ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին փորձում են ներգրավել նաեւ ընդդիմությանը, համատեղ քննարկել փոփոխություններն ու ընդդիմության հնչեցրած առաջարկները: «Մեզ համար` իշխանության համար, կարեւոր է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի բոլոր քաղաքական ուժերի կողմից, եւ ունենանք մեկ միասնական Ընտրական օրենսգիրք եւ գնանք ընտրությունների: Եվ այդ Ընտրական օրենսգրքով մենք փորձում ենք բոլոր հնարավոր կեղծարարություններն ու կեղծիքները վերացնել, սահմանափակել, դա շատ կարեւոր է»,- ասել է նա: Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ազատազրկված ընդդիմադիրների խնդրին` ԱԺ նախագահը նշել է, որ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու դիմումի հեղինակն ինքն է, եւ ոչ ոք իրեն չի հանձնարարել նման նախաձեռնությամբ հանդես գալու։ «Ես հրահանգներ չեմ կատարում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` հույս հայտնելով, որ շուտով Ս. Միքայելյանն ազատության մեջ կլինի: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հովիկ Աբրահամյանը դիմել էր ՀՀ նախագահին` խնդրելով քննարկել Սասուն Միքայելյանին ներում շնորհելու հնարավորությունը` պայմանավորված վերջինիս առողջական վիճակով: