Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկի համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 1000 ամենախոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 106.5 միլիարդ դրամ։ Դա 9.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, եթե հաշվարկը տարածում ենք առավել խոշորների վրա, ապա վճարած հարկերի աճն ավելի մեծ է. առաջին 300 խոշոր հարկատուները վճարած հարկերն ավելացրել են 10.5%-ով, առաջին 100-ը՝ 14.2%-ով։ Իսկ առաջին 10 հարկատուներն իսկական ռեկորդ են սահմանել՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ վճարելով շուրջ 8 միլիարդ դրամով կամ 30%-ով ավելի շատ հարկեր։ Սակայն գաղտնիքն ամենախոշոր ընկերությունների առատաձեռնության մեջ չէ. այդ աճը պայմանավորված է ընդամենը մեկ ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշներով։ Մետաղների համաշխարհային գների թռիչքաձեւ աճի արդյունքում ընկերությունը ոչ միայն դուրս է եկել դժվարին վիճակից, այլեւ ավելի քան 5 անգամ ավելացրել է հարկերը՝ հասցնելով 7.4 միլիարդ դրամի։