Ով` ում համար է նվեր

07/05/2011

«Սերժ Սարգսյանի համար ՀԱԿ-ի նման ընդդիմությունը նվեր է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը: Ըստ նրա, Հայաստանում արտահերթ ընտրություն չի լինի, իսկ եթե լինի, ապա դա կլինի ֆորսմաժորային տարբերակով, այսինքն` արտաքին ազդակների պարագայում: ՀՌԱԿ ատենապետի խոսքով` որեւէ ներքին խնդիր չի հանգեցնելու արտահերթ ընտրությունների: «Առավել եւս ՀԱԿ-ը նման հնարավորություն չունի տանելու արտահերթ ընտրության, նա պարզապես զբաղված է խաբեությամբ, որպեսզի ասի, թե բանակցելու ենք, հետո արտահերթ ընտրությունների խնդիրը լուծելու: Բայց հիմա ինքը մեկ խնդիր է լուծում` Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած այն մարդիկ, ովքեր գիտեն այդ խաղի էությունը, կդարձնեն պատգամավոր, մարդկանց բանտից բաց կթողնեն, զոհվածներին կասեն` «ձեզ կոմպենսացիա ենք տալու, դրա համար ենք գնում խորհրդարան», որոշակի մարդկանց էլ կկալանավորեն` ասելով` «ձեզ սպանողներին բացահայտել ենք», եւ այդ խաղը կհամարվի ավարտված: Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրիշ առաքելություն չունի»,- ասել է նա: Իսկ ասուլիսին մասնակցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նշել է, որ արմատական ընդդիմության կեցվածքը փոխվել է, ինչը ողջունելի է: «Երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք աշխարհում տեղի ունեցող գործընթացներից անկախ չեն կարող լինել, եւ այդ համատեքստում նախագահի քայլերը` ուղղված քաղաքական հանդուրժողականությանը, կայունության ամրապնդմանը, տնտեսական-սոցիալական խնդիրների լուծմանը, ողջունելի են: Եվ եթե այս քայլերը կարող են նպաստել քաղաքական կառուցողականությանն ու երկխոսությանը, դա լավ է»,- հայտարարել է Մինասյանը, ում կարծիքով` այսօր արմատական ՀԱԿ-ը, կամ գոնե այդ դաշինքում եղած որոշ գործիչներ կառուցողական մտածողություն են ձեռք բերել եւ հրաժարվել են «քանդել, ավերել» հասկացություններից: