Երկուսն էլ հետաձգել են

06/05/2011

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում կայացել է քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի երկու հայցերի լսումը, որոնք երկուսն էլ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դեմ են: Նիկոլ Փաշինյանը իր երկու դատական հայցերով վարչական դատարանից պահանջում է վերացնել «Կոշ» ՔԿՀ-ի պետի 2010թ. սեպտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 16-ի` իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումները: ՔԿՀ-ի պետի` նոյեմբերի 16-ի որոշման դեմ հայցի լսումը հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ներկա չի եղել դատական նիստին: Ի դեպ, երեկ լրագրողներին թույլ չեն տվել տեսախցիկներով եւ լուսանկարչական ապարատներով մտնել շենք`ասելով, թե դա դատավորի որոշումն է: Այս որոշումը դատական նիստի ժամանակ բողոքարկել է Նիկոլ Փաշինյանը, սակայն դատավոր Ռոբերտ Սարգսյանը նրա միջնորդությունը չի բավարարել: Նիկոլ Փաշինյանը միջնորդել էր, որ ԶԼՄ ներկայացուցիչներին թույլատրվի տեսանկարահանել: Ի դեպ, դատավոր Ռոբերտ Սարգսյանը նշել է, որ ինքն արգելելու որոշում չի կայացրել: Սակայն դատական նիստի ավարտից հետո «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցը լրագրողների հարցին ի պատասխան` ասել է. «Թող դատավորը իմ դեմը ասի, որ որոշում չի կայացրել»: Երեկ ավելի ուշ կայացել է նաեւ Նիկոլ Փաշինյանի երկրորդ հայցի լսումը` «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի սեպտեմբերի 28-ին կայացրած` իրեն կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշման դեմ: Այդ դատական նիստին եւս լրագրողներին չի թույլատրվել տեսանկարահանել դատական նիստը: Նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ արդեն 6 ամիս է, ինչ ինքը զրկված է փաստաբանին պատշաճ ձեւով իր գործերը ներկայացնելու իրավունքից: Նա դատարանին միջնորդել է, որ իրեն հնարավորություն տրվի իր փաստաբանի հետ հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ փոխանցել: «Ես ցանկանում եմ` սեղանի մի կողմում ես նստեմ, մյուսում` իմ փաստաբանը, եւ գործի վերաբերյալ նա ինձ հարցեր տա, ես` նրան»,- ասել է Ն. Փաշինյանը` ավելացնելով, որ ինքը փաստաբանին նույնիսկ լիազորագիր ներկայացնելու հնարավորություն չի ունեցել: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը բավարարել է Փաշինյանի միջնորդությունը` հետաձգելով դատն անորոշ ժամկետով: