Ինտերնետի զարգացումը տնտեսության նոր ձեւ է ստեղծել, որի աճի տեմպերն ամբողջ աշխարհում այնքան են արագացել, որ այն արդեն հասցրել է փոխել բիզնեսի վարման ավանդական հասկացությունը: Այսօր շատացել են այն ձեռնարկությունները, որոնք իրենց բիզնեսն ակտիվ զարգացնում են ինտերնետի միջոցով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր եւ միջին ձեռնարկություններն ավելի շատ են գործում էլեկտրոնային առեւտրի համակարգում, քան խոշորները: Բնականաբար, Հայաստանը չէր կարող անմասն մնալ գլոբալիզացիայի առաջարկած այս հնարավորությունից:
2004թ. մարտի 10-ից Հայաստանում «NATK» ՍՊԸ-ն ներդրել է «էլեկտրոնային դրամ» հասկացությունը: Այն է՝ ինտերնետային առեւտուր իրականացնող EDram համակարգը, որը մեր երկրում այսօր միակն է: Համակարգն ինտերնետի միջոցով սպառողին հասանելի է դարձնում ապրանքների եւ ծառայությունների շուկան: Մեր երկրում էլեկտրոնային առեւտուրը կարելի է գործնականում բաժանել 3 շուկաների՝ ներքին, արտասահմանյան շուկա հայաստանցիների համար եւ` հակառակը: «NATK» ընկերության ծրագրավորման բաժնի ղեկավար Արմեն Քոչարյանի խոսքերով, համակարգի հետ այսօր համագործակցում են մոտ 30 կազմակերպություններ, որոնք պայմանագրային սկզբունքով են աշխատում՝ որոշակի միջնորդավճար մուծելով EDram համակարգին: Ի դեպ, ինտերնետով վաճառվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների գներն առավել բարձր չեն:
Ինչո՞վ է համակարգը ձեռնտու գործարարներին: Ա. Քոչարյանը բերեց մի քանի ինտերնետ կապի պրովայդերների օրինակը: Վերջիններս նախկինում իրենց քարտերն իրացնում էին միայն տարբեր հաստատությունների միջոցով՝ բնականաբար այդ ծառայության դիմաց իրացման հասույթից որոշակի տոկոսներ վճարելով: Իսկ ընդամենը մեկ գրասենյակից քարտեր վաճառելը ծախսատար ու աննպատակահարմար գործընթաց կլիներ: EDram-ը հնարավորություն է ընձեռում ձեռնարկություններին խուսափել իրացման եւ մարքեթինգի հետ կապված որոշակի ծախսերից՝ օգտվելով նաեւ ինտերնետային առեւտրի համակարգից: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ էլեկտրոնային առեւտուրը կարող է նաեւ տուրիզմի զարգացման յուրովի խթան դառնալ: Օրինակ, արտասահմանցին, ցանկանալով այցելել Հայաստան, նախօրոք ինտերնետի միջոցով hյուրանոցային համար է պատվիրում եւ վճարում: Հյուրանոցն, իր հերթին, կարող է որոշակի զեղչեր կիրառել այդ հաճախորդների նկատմամբ, քանի որ, հակառակ դեպքում, գործարքի որոշակի տոկոս պետք է տար տուրիստական գործակալությանը: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ էլեկտրոնային առեւտուրն օժանդակում է մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը, այսինքն՝ բիզնեսի յուրովի կազմակերպիչ է:
«Հայփոստի» տարբեր բաժանմունքներից ձեռք բերելով 5000, 10.000, 20.000, 50.000 դրամ անվանական արժեքներով EDram-ի կանխավճարային քարտերը՝ հաճախորդները կարող են օգտվել տարբեր ապրանքներից եւ ծառայություններից (սնունդ, ծաղիկներ, դեղեր, հագուստ, ինտերնետ կապի քարտեր եւ այլն), խաղադրույքներ կատարել բուքմեյքերական ընկերությունների միջոցով, վճարել բոլոր կոմունալ վճարները: Համակարգին կցված են նաեւ Visa եւ MasterCard պլաստիկ քարտերի սպասարկումը, համակարգն ունի տարադրամի փոխանակման կետ, որը տեղացի օգտվողին հնարավորություն է տալիս իր ունեցած կանխավճարը փոխանակել այլ էլեկտրոնային տարադրամի՝ արտասահմանյան ծառայություններից օգտվելու համար: Ա. Քոչարյանի խոսքերով, EDram-ը գործում է լիցենզավորված ծրագրերով, տեղեկատվության տեղափոխման սերտիֆիկատները երաշխավորված են, համակարգում առկա է ապահովագրության մեխանիզմ: Համակարգի առավելություններից կարելի է նշել նաեւ այն, որ դրան միացված խանութներում աշխատում են 24-ժամյա դիսպետչերներ, քանի որ մինչեւ ապրանքը գնորդին չհասնի, համակարգը վերջինիս հաշվից գումարը դուրս չի գրում:
Այսօր, սակայն, հայաստանյան էլեկտրոնային առեւտրի համակարգը կարելի է համարել երկբեւեռված: EDram-ը բանկային համակարգի հետ չի համագործակցում: Իսկ վերջինս իր հերթին որպես «էլեկտրոնային փող» կիրառում է հիմնականում ArCa քարտերը: Բայց այս քարտերը դեռ հնարավորություն չեն ստեղծում, որպեսզի դրանց միջոցով գնված ապրանքները հասցվեն գնորդին: Այսինքն, Հայաստանում այս համակարգը դեռ կիսով չափ է զարգացած. փողը «դուրս գալիս է», բայց, ի տարբերություն մի շարք այլ երկրների, հետադարձ կապ չկա:
Ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Հայաստանում, էլեկտրոնային առեւտուրն ունի մի մեծ հիմնախնդիր՝ ապահովությունը: Որքանո՞վ կարելի է վստահել այս համակարգին: Աշխարհում դեռ շարունակվում է չլուծված մնալ ոչ կանխիկ վճարման ձեւերի՝ պլաստիկ քարտերի ապահովության համակարգը: Օրինակ, անցյալ տարվա ընթացքում աշխարհում մոտ 50 մլն դոլար «կորել» է համակարգից: Մի շարք երկրներում այսօր արդեն պլաստիկ քարտերի վրա օգտագործվում են չիպեր, որոնք համեմատաբար ավելի թանկ են, սակայն նվազեցնում են գողացված քարտերի օգտագործման հնարավորությունը: Հայաստանում դեռ միայն մագնիսական շերտով քարտեր կան: Էլեկտրոնային առեւտուր իրականացնելիս մի շարք երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում գործում է հետեւյալ մեխանիզմը. եթե հաճախորդի պատվերի գումարը մեծ է, համակարգը պարտավոր է անձամբ քարտատիրոջից ճշտել քարտի իսկությունը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի ապրանքի առաքումը:
Էլեկտրոնային առեւտուրն ունի կայացման եւս մեկ կարեւոր խնդիր. դա հասարակայնացումն է: Տեխնոլոգիական նման առաջընթացը անծանոթ է շատերին, իսկ դրա ճշգրիտ եւ մատչելի ներկայացումը կապված է մի շարք դժվարությունների հետ: