«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի օկուպացրած տարածքների հարցում»

06/05/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Կարծես Թուրքիան այսօր ավելի շատ է սկսել խոսել Հայոց ցեղասպանության մասին: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ռեալ երկխոսություն` առանց այս պատմական հարցի լուծման: Երկու երկրների միջեւ երկխոսություն ո՞ր դեպքում կարող է լինել:

– Մեր երկրում սրընթաց կերպով տեղի ունեցող վերափոխման եւ կարգավորման գործընթացի շնորհիվ մենք այսօր ունենք ավելի ազատ, բաց հասարակություն եւ ԶԼՄ-ներ: Ուստի, զարմանալի չէ տեսնել մարդկանց, ովքեր քննարկում են շատ հարցեր, որոնք մինչ այդ տաբու էին: 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները եւս այդ տաբուների շարքում էին: Այս հարցի առնչությամբ գրքեր տպագրվեցին, որոնք պարունակում էին ինքնաքննադատություն: Իհարկե, որեւէ կասկած չկա, որ այդ գործընթացը դեռեւս կշարունակվի: Քաղաքակիրթ հասարակությունը որոշ քայլեր է անում 1915թ. դեպքերը հարգելու համար: Կարծում եմ` սա արդյունքն է 2 երկրների բաց հասարակության, ինչը նպաստում է թուրքերի եւ հայերի միջեւ կապերի ընդլայնմանը: Այո՛, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ռեալ երկխոսությունը հնարավոր է: Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունն ամենավերջին թարմ օրինակն է, որ կարող եմ նշել: Այս դեպքում թվում է` մենք ժամանակի կարիք ունենք: Որքան հարցերը քաղաքականացված են, այնքան ավելի բարդ են դառնում: Այս իմաստով` ես ստիպված եմ ընդգծել, որ տանգոն պարում են երկուսով: Թուրքիայի` քաղաքացիական հասարակության դրական ազդակները Հայաստանի կողմից փոխադարձության կարիք ունեն: Եթե հայերը կենտրոնանում են միայն 1915թ. իրադարձությունների վրա եւ թուրքերի կողմից ակնկալում են քայլեր, ապա դա չի օգնի երկխոսությանը: Եթե դուք միշտ դա պնդեք` նայելով դեպի ետ, ապա չեք կարող քայլել առաջ: Եվ ես ստիպված եմ ընդգծել ռեալ երկխոսության մեկ այլ կետ եւս. մենք պետք է տեսնենք, որ Հայաստանը եւս վերափոխվում եւ կարգավորվում է, ինչպես Թուրքիան: Կարծում եմ` այս իմաստով դեռ շատ անելիքներ կան Հայաստանում:

– Ոչ վաղ անցյալում 2 երկրների միջեւ արձանագրություն ստորագրվեց, որտեղ խոսվում էր նաեւ սահմանի բացման մասին: Դուք ինչպե՞ս անդրադարձաք դրան:

– Մենք այն լուսաբանեցինք իբրեւ պատմական իրադարձություն: Դա նաեւ դրական զարգացում էր, որ կարող էր օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծմանը: Բայց իրական քաղաքականությունը չհետեւեց այս ճանապարհին: Զարմանալի չէր, որովհետեւ այս հարցի մեջ ներգրավված են մի քանի այլ գործող անձինք: Նրանցից ոմանց դա դուր չեկավ:

– Նախքան արձանագրությունների ստորագրումը երկու երկրները հայտարարում էին, թե նախապայմաններ չկան արձանագրությունների ստորագրման համար: Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները կբացվեն, եթե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առկա հիմնախնդիրը լուծվի: Ինչպե՞ս կբացատրեք դա:

– Զարմանալի չէր, քանի որ մինչ այդ էլ Էրդողանը նման հայտարարություններ արել էր: Իրականությունը դա է, եւ յուրաքանչյուրը պետք է շատ լավ հասկանա, որ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդրի լուծման` դժվար կլինի որեւէ քայլ անել արձանագրություններում: Կարծում եմ` եթե Երեւանը ցանկանում է Թուրքիայի կողմից որեւէ նոր քայլ, պետք է ադրբեջանական տարածքների հարցում քայլեր ձեռնարկի, որ օկուպացրել է ավելի քան 15 տարի: Ես կասկածներ ունեմ` Հայաստանը դիրքորոշում ունի՞, որպեսզի իր սեփական որոշումը հայտնի այս հարցի առնչությամբ:

– Ձեր կարծիքով` հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Ադրբեջանական կողմը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Թուրքիան իր եղբայր պետությանը չի դավաճանում, այո՞:

– Իմ կարծիքով` եթե բանաձեւը Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զուգահեռներով տարվի, ապա այն լուծումներ կբերի: Թվում է` ինչ-որ բան սխալ է ընթանում: Առավել քան ակնհայտ է` որքան Հայաստանն ադրբեջանական տարածքների օկուպացիայի հարցում լուծման որեւէ քայլ չառաջարկի, այնքան Բաքուն ավելի շատ կկենտրոնանա ռազմական գործողությունների վրա, որի աճող ուժը պայմանավորված է նավթով: Այս տեսակետից վստահ չեմ, թե երկարաժամկետ հեռանկարում Երեւանի համար արդյո՞ք լավ գաղափար է ավելի շատ զիջումներ անել Ռուսաստանին, թե՞ ոչ: Դա պարադոքս է Հայաստանի համար: Որքանով ես եմ հասկանում, Թուրքիան չի ցանկանում որեւէ պատերազմ տարածաշրջանում: Թուրքիայի նպատակը տնտեսության կայուն աճն է: Բայց, ինչպես վերը հիշատակեցի, տարածաշրջանում կան այլ կատարողներ, որոնք, վստահ չեմ, արդյո՞ք երջանիկ կլինեն, եթե դա (խոսքը պատերազմի վերսկսման մասին է.- Մ.Մ.) պատահի: Ամեն դեպքում, ժամանակն աշխատում է հօգուտ Թուրքիայի, որն ավելի շատ է բարգավաճում եւ հզորանում, եւ ցանկացած հարցում ավելի քիչ է խոցելի դառնում միջազգային հանրության ճնշումներից` ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները, կամ Ադրբեջանի, որ մեծացնում է իր հարստությունն ու ռազմական ուժը: Նույնը մենք չենք կարող ասել Հայաստանի մասին: Կարծում եմ` եթե Հայաստանը կարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, կունենա ավելին, քան մատակարարվում է հայկական արմատական սփյուռքի եւ տարածաշրջանային որոշ ուժերի կողմից:

– Ի վերջո, որպես թերթի խմբագիր` ԶԼՄ-ներն ի՞նչ կարող են փոխել մեր կյանքում:

– Ուժեղ եւ ազատ ԶԼՄ-ները ժողովրդավարացման եւ ազատության երաշխավորն են: Թուրքիայի վերափոխման գործընթացի համար կարեւոր դեր է խաղում թուրքական ԶԼՄ-ների դիվերսիֆիկացիան: ԶԼՄ-ները հետագա բարեփոխումների կարեւոր դերակատարն են: Արաբական աշխարհում կատարված զարգացումները պարզորոշ ձեւով ցույց են տալիս մեկ այլ իրականություն` սոցիալական ԶԼՄ-ների դերը: Եվ կարծում եմ` այսօր յուրաքանչյուրն արդեն գնահատում է իր հետագա որոշ ծրագրերը:

Ստամբուլ-Երեւան