Հայաստան ներկրվող գազի վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունների միջեւ նոր պայմանագիրը հնարավոր է կնքվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են «Գազպրոմի» մամուլի ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի, նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նույնպես կլինի մեկ տարվա:
Միեւնույն ժամանակ, «Գազպրոմի» մամուլի ծառայությունից հրաժարվել են նշել Հայաստան ներկրվող բնական գազի նոր գինը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 1-ին լրանում էր Հայաստան մատակարարվող գազի նոր գնի վերաբերյալ «Գազպրոմի» ու «ՀայՌուսգազարդի» միջեւ բանակցությունների վերջնաժամկետը: Ըստ «Գազպրոմի» մամուլի ծառայության` պայմանագրի ստորագրումը «ձգձգվում էր որոշ պատճառներով»: Դեռ 2008 թվականի հուլիսի 2-ին «Գազպրոմ էքսպորտ» եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր տարի կողմերը պետք է նախապատրաստեն ու ստորագրեն պայմանագրի լրացում, որին կցվում է գազի տվյալ տարվա գինը: Tert.am-ը, սակայն, հղում անելով իր աղբյուրներին, երեկ տեղեկացրել է, որ նոր պայմանագիրը մասամբ ստորագրվել է: «Գազպրոմում» Tert.am-ի աղբյուրները նշել են, որ «Գազպրոմն» արդեն ստորագրել է Հայաստան առաքվող գազի նոր գնի պայմանագիրը եւ այն ստորագրության համար ուղարկել է հայկական կողմին` «ՀայՌուսգազարդին», որը դեռեւս չի ստորագրել պայմանագիրը: «Մենք չգիտենք, թե որն է պատճառը, որ հայկական մեր գործընկերը դեռ չի ստորագրել պայմանագիրը»,- ասել է «Գազպրոմի» անանուն աղբյուրը: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը 1000 խ/մ ռուսական գազը ձեռք է բերում 180 դոլարով: Լրատվամիջոցի տեղեկություններով, նոր պայմանագրով Հայաստանի համար 1000 խ/մ գազի գինը բարձրացվել է եւ գտնվում է 200 դոլարի սահմաններում: