Կիսում են

06/05/2011

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերերը ներկայումս բանակցություններ են վարում «Դվին» կոնցեռնի մաս կազմող «Գետամեջ» ընկերության հետ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Մաքս կոնցեռնի» (որի կազմի մեջ է մտնում Լուսակերտի թռչնաֆաբրիկան) սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, ըստ որի` գործարքը կկնքվի մեկ ամսից: Նա հրաժարվել է գործարքի հետ կապված այլ մանրամասներ ներկայացնել` նշելով միայն, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կմնա «Մաքս կոնցեռնի» տնօրինության տակ: Նա միայն ասել է, որ բաժնետոմսերի մի մասը վաճառելու որոշումը պայմանավորված չէ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` Լուսակերտի թռչնաֆաբրիկայի դեմ ներկայացրած հայցով: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոչ մի որոշում չի կարող ազդել մեր քայլերի վրա: Բաժնետոմսերի վաճառքի որոշումը կայացվել է տնտեսական նպատակահարմարության պատճառով»,- նշել է նա: Հիշեցնենք, որ «անբարեխիղճ մրցակցության» համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 100 մլն դրամի հայց էր ներկայացրել Լուսակերտի թռչնաֆաբրիկայի դեմ: Լուսակերտի թռչնաֆաբրիկան, սակայն, մտադիր է դատական կարգով բողոքարկել այս որոշումը: Հիշեցնենք նաեւ, որ թռչնաֆաբրիկայի սեփականատերերը մեկ անգամ էլ փորձել էին այն վաճառել ձեռնարկատեր Խաչիկ Խաչիկյանին պատկանող «X-Գրուպ» ընկերությանը, սակայն վերջին պահին գործարքը չեղյալ էր հայտարարվել: