Դասական երաժշտության մեր ապագան

06/05/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրի քաղաքում տեղի է ունենում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին:

Նախ նշենք, որ յուրաքանչյուր տարի իրականացվող այս փառատոնը երիտասարդ եւ պատանի կատարողների համար ինքնադրսեւորվելու արտառոց նախագիծ է, որտեղ նրանք ոչ միայն հնարավորություն ունեն երաժշտական ունակությունները ներկայացնելու, այլեւ` մրցակցելու օտարերկրյա պատանի եւ երիտասարդ երաժիշտների հետ: Գյումրիի պետական Կոնսերվատորիայի լարային ամբիոնի վարիչ Սամվել Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի տարեցտարի արձանագրած հաջողությունների հետ մեկտեղ` ավելանում է նաեւ մասնակիցների թիվը: Այս տարի փառատոնի մասնակիցների թիվը 1200 է, հետեւաբար` քիչ չեն նաեւ այլ երկրներից ժամանած երաժիշտ կատարողները: «Միայն լարային գործիքներից ներկայացված է 83 հայտ: Փառատոնը տեւելու է չորս օր, այնուհետեւ հայտարարվելու են մրցույթի հաղթողները»: Երեկ մենք ներկա գտնվեցինք փառատոնի մասնակից լարային բաժինների կատարողների ելույթներին: Ներկա էին նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական հանրակրթական միջնակարգ դպրոցի սաները, ովքեր հանդես եկան բավականին հաջող կատարումներով: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն ընդգրկված էր ժյուրիի կազմում: Ի դեպ, հարկ է նշել, որ այս փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Այս գեղեցիկ փառատոնը համախմբելու է ոչ միայն Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի, այլ նաեւ տարբեր երկրների շնորհալի պատանի երաժիշտների, որոնց համար լավագույն առիթ է ստեղծվում ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական երգ-երաժշտության ասպարեզում հանդես գալ հեղինակավոր բեմահարթակում եւ ճանապարհ հարթել կատարողական արվեստում ինքնահաստատվելու համար: Սա բոլորիս լավագույն հնարավորություն է տալիս նախ` բացահայտել կատարողական արվեստի մեր ներուժը, ապա նաեւ` համեմատել այն երաժշտական ավանդույթներով հարուստ այլ երկրների ներկայացուցիչների հետ»,- փառատոնի մասնակիցներին իր ուղերձն է հղել Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Նշենք նաեւ, որ «Վերածնունդ» փառատոնը տաղանդավոր երեխաներին խրախուսելու, կրթելու, ինչպես նաեւ` դասական եւ ժողովրդական երաժշտության մեջ հմտանալ պարտավորեցնելու մի դարբնոց է, որտեղ երեխաները գիտակցում են, որ իրենց ընտրությունը բարձրարժեք է: Հակառակ դեպքում` ցածրորակ երաժշտության ամենօրյա քարոզչությունը, տարատեսակ անորակ փառատոներն ու մրցույթները դասական երաժտության ուղին ընտրած այս պատանիներին ստիպում են հավատալ, որ մեր երկրում դասական երաժշտությունն ապագա չունի: Առհասարակ մասնակից լինելով լարային բաժինների սաների կատարումներին` համոզվեցինք, որ մեր երկրում իսկապես կան հրաշալի, տաղանդավոր երեխաներ, որոնց համար պարզապես պետք է ճանապարհ բացվի պետական մակարդակով: Կարծում ենք, որ նմանօրինակ միջոցառումների առկայությամբ կարելի է նաեւ երաժշտական դաշտը մաքրել աղբից եւ նոր սերնդին խրախուսել ընտրություն կատարել` ապավինելով բարձր արվեստին: Փառատոնին ներկա Երեւանի պետական Կոնսերվատորիայի, ինչպես նաեւ` Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնակահարուհի Սուսաննա Ախիկյանը նշեց, թե` «Լրատվամիջոցները դասական երաժշտության վերաբերյալ հրապարակումներ չեն լուսաբանում: Օրինակ` դպրոցի սաների կամ Կոնսերվատորիայի ուսանողների համար շատ հետաքրքիր կլինի կարդալ ժամանակակից դասական երաժիշտների հետ հարցազրույցներ կամ առհասարակ դասական երաժիշտների մասին հոդվածներ: Դրանք բացակայում են, որովհետեւ մամուլը եւ հեռուստատեսությունը հիմնականում մատուցում են ցածրորակ երաժշտություն կամ երաժիշտների: Մենք ուզում ենք մեր սերունդը կիրթ լինի ու բարձր արվեստ սիրի, բայց մատուցում ենք միանգամայն այլ տեղեկատվություն»: Ի դեպ, նույն դիտարկումն արեցին փառատոնի մասնակիցների ծնողները` հավատացնելով, որ բացի կրթական հաստատության, մասնագետների մատուցած ծրագրից` դասական երաժշտության ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում միայն ինտերնետը, մինչդեռ ժամանակակից դասականների մասին հայաստանյան մամուլն այսօր լռում է։ «Երեխաները պետք է կարդան, պետք է տեսնեն այն որակյալ երաժիշտներին, որոնք պետք է նրանց համար օրինակ լինեն: Նրանք պիտի կարողանան մամուլի էջերում կամ հեռուստատեսությամբ գտնել այն հանճարներին, որոնց ձգտելով` կկատարելագործվեն»,- նշեց Ս. Ախիկյանը: