Վերջերս մեր հասարակությանը հետաքրքրող թեմաներից է «Հուղարկավորության կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նախագիծը: Այս առնչությամբ հետաքրքիր է իմանալ զարգացած երկրներից մեկի՝ Ֆրանսիայի փորձի մասին: «Լe Monde»-ի հավաստմամբ՝ մինչեւ 1887թ. երկրում օրենքով արգելված է եղել դիակիզումը: Այժմ երեւույթը շարունակում է նոր թափ հավաքել, իսկ դիակիզարանների թիվը հասել է 115-ի: Ընդ որում, ֆրանսիական ազատական օրենսդրությունը թույլ է տալիս նաեւ հարազատներին ձեռք բերել աճյունափոշին, թեեւ շատերը գտնում են, որ այն անպայման պետք է պահվի հատուկ վայրերում (գերեզմանատների նման): Ֆրանսիայում միաժամանակ գործում են եւ՛ թաղումների, եւ՛ դիակիզման համակարգերը: Դիակիզումը նախընտրողների թվի աճը պայմանավորված է հիմնականում գների տարբերությամբ: Դիակիզումը, որն «արժե» մոտ 400 եվրո, 30%-ով էժան է թաղումներից: