Ապրիլի 29-մայիսի 3-ը Ժնեւում անցկացված Գրքի եւ մամուլի 25-րդ փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկայացած Հայաստանը, թեեւ մեծ եւ զանազան տաղավար է ունեցել, սակայն հայ գրողների ստեղծագործություններն անհասկանալի են եղել օտարազգի ընթերցողին: Պատճառը հասկանալի է. փառատոնին հիմնականում ներկայացվել է չթարգմանված գրականություն: «Մարդիկ գալիս էին, փնտրում էին իրենց լեզվով գրականություն եւ չէին գտնում»,- երեկվա ասուլիսին ասել է փառատոնին մասնակցած բանաստեղծ Կարեն Անտաշյանը` հավելելով, թե հայկական տաղավարի արտասահմանցի այցելուներին հետաքրքրել են հայկական պատկերազարդ գրքերն ու ալբոմները, որոնք էլ հիմնականում գնել են: Կարեն Անտաշյանի խոսքով` Հայաստանում պետք է լուծվի թարգմանական գրականության հարցը, հատկապես հիմա, երբ 2012թ. Երեւանը կոչվելու է գրքի մայրաքաղաք: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր պատշաճ կերպով ներկայանալու այդ ցուցահանդեսին, Կ.Անտաշյանը պատասխանել է, թե դա «փորձի պակասի արդյունք է»: Իսկ փառատոնին մասնակից արձակագիր Արամ Պաչյանն էլ նշել է, թե հայկական տաղավարում «բում չեղավ», քանի որ մասնակիցները թարգմանություն էին պահանջում: «Իրենք թարգմանություն էին պահանջում, հասկանում էին, որ մենք լավ գրքեր ունենք, գրքի կազմը գեղեցիկ է, բայց պարունակությունը չէին հասկանում»,- ասել է նա: Իսկ Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ հայտարարել է. «Մշակույթի նախարարության մեղքն է, որը չի կոորդինացրել այդ աշխատանքները»: Ըստ Հ. Գրիգորյանի` Գրողների միությունը տեղյակ չի եղել, որ Հայաստանը մասնակցելու է այդ փառատոնին։ «Ես որ իմանայի, կօգնեի եւ թարգմանված գրքեր կտայի, որ տանեին իրենց հետ»,- ասել է նա: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ դժգոհել է, որ թարգմանական գրականությանն անհրաժեշտ գումարներ չեն տրամադրվում, քանի որ հիմնական ֆինանսավորումը հայերեն գրքերի հրատարակությանն է հատկացվում. «Սա որակական չափանիշ է` հայ արդի գրականությունը օտար լեզվով ներկայացնել, քո գրողներին, քո գանձն իրենց հասու լեզվով ներկայացնել օտաերկրյա հրատարակիչներին»: