Բուժիչ նամակներ

06/05/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Կակաչը` սիրո, հավերժության խորհրդանիշ

Պարսկական մշակույթում կարմիր կակաչը համարվում է սիրո եւ սիրահարվածի հավերժական ծաղիկ։ Բնության մեջ աճում են կակաչի բազմաթիվ տեսակներ, սակայն դրանց մեջ չկա կակաչ քնաբերը (Papaver somniferum): Այն մշակվել է մարդու կողմից P.Setigerum բնական տեսակից։ Փոքր Ասիայում կակաչի սերմերի յուղն օգտագործվել է դեռեւս քարե դարում։ Կակաչի մշակովի տեսակների հայրենիքն է ներկայիս Եգիպտոսի, Արաբիայի, Իտալիայի տարածքը մ.թ.ա 1000 թվին։ Դեպի Հնդկաստան եւ Չինաստան կակաչ մշակովին տարածվել է իններորդ դարում։ Նկարագրելով կակաչ քնաբերը` Ա. Ամասիացին գրում է. «Աստծո օրհնությունը կլինի նրա հետ, որ սովորություն չի դարձնի ափիոնի (մեկանի) օգտագործումը»։ Բազմաթիվ երկրներում մեկանի ցանքատարածքները սահմանափակված են իշխանությունների կողմից, դրանից ստանում են սննդի մեջ օգտագործվող բուսական յուղ, ներկայուղ (օլիֆ), հասունացած սերմերը եփած վիճակում օգտագործում են հացաբուլկեղենի արտադրության մեջ, խառնում տարբեր համեմունքներին։

Բույսի մեկան հայերեն անվանումը շատ մոտ է հունարեն «mekon» կամ «makon» անվանումներին։ Նույն արմատից է առաջացել նաեւ գերմաներեն «Mohn» անվանումը։

Ուշագրավ է, որ «մեկան» բառը կարելի է ստուգաբանել` որպես բազմաքայլ, մեկ` միակ, եւ ան` պտուղ, այսինքն` մեկ ծնունդ, մեկ պտուղ։ Սա ճիշտ է, քանի որ կակաչի ծաղիկը միշտ մեկն է եւ նստած է ցողունի գագաթին։ Ըստ Լ.Վ. Հարությունյանի (Քո շրջապատի ծաղիկները)` Շիրակի դաշտում, Արագածի լանջերին, Լոռիում, Նիգ-Ապարանում, Սեւանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, միջին եւ վերին լեռնային գոտիների քարքարոտ լանջերում եւ թփուտներում հանդիպում է papaver orientale տեսակը, որի հայրենիքը Պատմական Հայաստանն է։

Կակաչազգիների ընտանիքի papaver անվանումն առաջացել է կելտական Papa-շիլա բառից: Այս արմատին համահունչ են անգլերեն Pappy եւ ֆրանսերեն Pavot անվանումները։

Կակաչ ինքնացանը` papaver rhoeas սիրված է բոլոր ժողովուրդների կողմից։ Երգահան Ռ.Մ. Գլիէրի (ծնված 1875թ. Կիեւում) «Կարմիր կակաչ» բալետում (գրված 1926թ.) ծաղիկն ազատության խորհրդանիշ է։ Ի դեպ, 1949թ. ստեղծագործությունը վերանվանվել է «Կարմիր ծաղիկ»։

Բույսի հետ կապված են բազմաթիվ ավանդազրույցներ եւ սովորույթներ։ Ամանորից առաջ աղջիկները կակաչի սերմեր էին լցնում ծոցի մեջ, առանձնանում եւ հաշվում սերմերի քանակը։ Համարվում էր, որ աղջիկը կունենա մնացած սերմերի քանակին համապատասխան երկրպագուներ։

Բույսի հայերեն անվանումներն են` հարսնածաղիկ, հարսնուկ, նորահարսնուկ, խաթունիկ, պուտ-պուտ։

Մասնագիտությամբ զինվորական բժիշկ կանադացի Ջոն Մակ-Կրո-ն մի բանաստեղծություն է գրել կակաչի մասին, որը նվիրել է Առաջին համաշխարհային պատերազմում զոհված իր ընկերոջ հիշատակին։ ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում նոյեմբերի 11-ը նշվում է որպես պատերազմում զոհված անձանց հիշատակի օր, նոյեմբերի 4-11-ը կրում են կակաչի արհեստական կրկնօրինակները։ Կակաչը պատկերված է կանադական $10-ի (2001թ.) եւ 25 ցենտի վրա (2004թ. եւ 2008թ.)։ Ռումինական թղթե դրամի վրա (200 լեյ)։

Կակաչ ինքնացանը երկշաքիլավոր միամյա կամ ձմեռող մոլախոտ է։ Արմատը ճյուղավորված է, բազմաթիվ արմատամազիկներով պատված։ Ցողունը ուղղականգուն է, վերին մասում թեքվող մինչեւ 40 սմ բարձրությամբ, ծածկված է գեղձամազերով, երբեմն մերկ է։ Տալիս է մի քանի կարճ կողային ճյուղավորումներ։ Տերեւները փետրաձեւ հատված են, ցողունը եւ տերեւները ունեն կանաչավուն կամ մուգ գորշավուն երանգավորում։ Ծաղիկները խոշոր են` 3-5 սմ տրամագծով, երկսեռ, մեկական` հիմնված ցողունի կամ կողային ճյուղերի գագաթներին։ Ծաղկաթերթերն ալ կարմիր են, փայլուն, սեւ հիմնամասով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը գմբեթավորված տուփիկ է, հասունանալուց հետո սերմերը դուրս են թափվում տուփիկից, տարածվում հողի բուսամերձ տարածքում։

Հայաստանում կակաչ ինքնացանն աճում է ցածրադիր գոտուց մինչեւ 2000մ բարձրության վրա։ Պատմականորեն աճել է անմշակ տարածություններում, վերջին 50 տարիների ընթացքում հայտնվում է նաեւ մշակովի տարածքներում` ինքնացան եղանակով, գրավելով մեծ տարածքներ։ Բույսի ծաղկաթերթերը պարունակում են մինչեւ 0,05 տոկոս ալկալոիդներ, ասկորբինաթթու, ներկանյութեր, լորձ, պեկտին, խեժանյութ, երկաթի եւ մագնիումի աղեր։ Տուփիկների մեջ հայտնաբերված են ճարպեր, մոտ մեկ տասնյակ ալկալոիդներ։ Հետաքրքիր է իմանալ, որ ինքնացան եւ մշակովի տեսակների մեջ պարունակվող ալկալոիդները տարբեր են։ Կակաչ ինքնացանից պատրաստուկները հանգստացնում են նյարդային համակարգը, ունեն քնաբեր, փափկեցնող, խորխաբեր, արյունարգել հատկություն։ Բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ բույսի ոգեթուրմն ունի հակաուռուցքային ազդեցություն։ Կարեւոր է պահպանել դեղատոմսերում նշված չափաբաժինները եւ օգտագործման ժամկետները։

Դեղատոմսեր կակաչ ինքնացանով

Բարձր քրտնարտադրության դեպքում. Խառնեք կակաչի չորացրած ծաղկաթերթերը (1։1) մեղրի հետ եւ կերեք։ Մեկ ամիս օգտագործելուց հետո ընդմիջեք 10 օր։

Մտավոր գերհոգնածության եւ անքնության դեպքում. 10 գրամ չոր ծաղիկների վրա լցրեք 0,5 լ օղի։ Թրմեք մութ տեղում, պահեք 2 շաբաթ։ Պարբերաբար թափահարեք։ Ընդունեք 10-15 կաթիլ (50 մլ ջրով), քնելուց կես ժամ առաջ։ Երկու շաբաթ օգտագործելուց հետո ընդմիջեք մեկ շաբաթ։

Մոծակի, մլակի խայթոցի դեպքում. Տրորեք թարմ կակաչի գլխիկները, տեղադրեք վերքի վրա։

Արտաքին վերքերի դեպքում. Չորացրած ծաղկաթերթերի փոշին օգտագործեք որպես արյունարգել միջոց։