«Ինչքան շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, այնքան կոռուպցիան շատանում է»,- երեկ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս մտքի վրա կարելի էր չզարմանալ, եթե հանդիպումը նվիրված չլիներ կոռուպցիային եւ դրան առնչվող երեւույթներին։ Ստացվում է՝ վարչապետն ու ԵՊՀ ուսանողները երեկ իրենց լուման են ներդրել մեր երկրում կոռուպցիայի արմատավորման գործում։ Նաեւ՝ հաշվի առնելով, թե ինչքան է խոսվում մեր տնտեսության մյուս բացասական կողմերի՝ օլիգոպոլիկ համակարգի, ստվերային տնտեսության, տնտեսության ոչ դիվերսիֆիկացված կառուցվածքի մասին, զարմանալի չէ, որ այդ խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում։