«Ես շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր պահանջում են ավելի ակտիվ գործողություններ, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են անարդարությունների դեմ եւ ձգտում են փոփոխությունների ու պահանջում են ակտիվ գործողություններ: Կոնգրեսն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ մարդկանց հույսերը արդարանան: Միեւնույն ժամանակ, այդ «վճռական» գործողությունների բացակայությունը մշտապես եղել է շահարկման առարկա: Շահարկվել եւ շահարկվում է տարբեր ուժերի կողմից, ընդ որում, նաեւ նրանց կողմից, ովքեր ծառայել եւ ծառայում են այս իշխանություններին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն` անդրադառնալով ՀԱԿ-ի հասցեին հնչող դժգոհություններին: Կոնգրեսի նկատմամբ քննադատություններ են հնչում նաեւ ընդդիմադիր դաշտի այլ գործիչների կողմից: «Բնականաբար, որքան ոմանք տեսնում են, որ դուրս են մնում քաղաքական գործընթացներից, այնքան ավելի ինտենսիվ են դարձնում իրենց հարձակումները Կոնգրեսի վրա»,- ավելացրել է Ս.Դեմիրճյանը: