Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ քննարկումներում, հատկապես Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների երկխոսության թեմայի շրջանակներում հաճախ է խոսվում արտաքին ուժերի դերակատարության մասին: Վերլուծությունների, կարծիքների մեծ մասը հանգում է նրան, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը միջնորդավորված է ԱՄՆ-ի, մասնավորապես` Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի կողմից: Որքանով են այդ գնահատականներն ու տեղեկությունները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, թեեւ պաշտոնապես եւ ԱՄՆ դեսպանատունը, եւ ՀԱԿ-ը, եւ իշխանությունները` տարբեր գործիչների շուրթերով, հերքում են դա: Զարմանալին այն է, որ այդ, ըստ էության, մեղադրական գնահատականները (հիմնականում` ռուսամետ կամ ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչների ու լրատվամիջոցների կողմից) հնչում են գրեթե այն նույն շրջանակներից, որոնք մինչեւ վերջերս ամերիկացիներին մեղադրում էին Հայաստանում հեղափոխություն կազմակերպելու մեջ: Հիմա ստացվում է, որ ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանում հեղափոխություն նախաձեռնողներն ամեն ինչ անում են հնարավոր հեղափոխությունը կանխելու համար: Ավելի հետաքրքիր է, սակայն, այն, որ իրականում Հայաստանի եւ իշխանությունները, եւ ՀԱԿ-ը իրենց էությամբ ռուսամետ (ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների լուծման բանալին գտնվում է Ռուսաստանում) կամ ոչ ժողովրդավարական ուժեր են, որոնց «երկխոսությունը», փաստորեն, կազմակերպում են ամերիկացիները: