Քննարկում՝ ի շահ կոռուպցիայի բարգավաճման

05/05/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Որքան փորձում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին չգրել՝ հակառակն է ստացվում։ «Թարսի» պես հենց մեզ մոտ Տիգրան Սարգսյանի թեման չշոշափելու հաստատ մտադրություն է առաջանում, նույն օրը տեղի է ունենում մի այնպիսի իրադարձություն, որ թույլ չի տալիս այդ մտադրությունը կյանքի կոչել։

Հերթական «դեպքը», որ ստիպեց մեզ անդրադառնալ վարչապետին, երեկ տեղի ունեցած նրա հանդիպումն էր ԵՊՀ ուսանողների հետ, կամ ավելի ճիշտ՝ այդ հանդիպման ընթացքում վարչապետի հնչեցրած մտքերը։ Քննարկումը նվիրված էր կոռուպցիային։ Սկզբում Տ. Սարգսյանը նշել է. «Ինձ համար այս հանդիպումը կարեւոր է նրանով, որ ես ուզում եմ` դուք անմիջական շփման մեջ տեսնեք, զգաք, թե ինչպես եմ ես մտածում: Առաջին հարցն է. ցանկացած պրոբլեմ լուծելու համար կարեւոր է խնդիրը ճիշտ ձեւակերպել եւ գտնել ճիշտ մեթոդաբանություն խնդիրը լուծելու համար, եւ դուք որպես ուսանողներ` պետք է այդ կարողությունը ձեռք բերեք. դա հաջողության գրավականն է ցանկացած խնդիր լուծելու պարագայում»։

Կոռուպցիայի մասին խոսելիս, ըստ վարչապետի, շատ կարեւոր է գնահատել, թե ինչպիսին է ժամանակակից աշխարհը` ինչպես է այն զարգանում, եւ այդ տեսակետից մեր երկրում ինչպիսի հարաբերություններ մենք պիտի ձեւակերպենք, եւ կոռուպցիան այդ տեսակետից ինչպիսի ռիսկեր, վտանգներ է պարունակում: «Հայաստանի ապագան պայմանավորված է նրանով, թե այս լսարանում ինչ մտածողություն է տիրում: Եթե մենք իմանանք դա, կարող ենք ասել, թե ինչպիսին կլինի մեր ապագան»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Հետո սահուն անցում կատարելով՝ վարչապետը կոռուպցիայի լայն մասշտաբների համար անուղղակիորեն մեղադրել է նաեւ ուսանողությանը. «Եթե բուհում գոյություն ունի կոռուպցիա, դա նշանակում է, որ ուսանողները ներքաշված են այդ գործընթացի մեջ, քանի որ այն միակողմանի չէ: Դա ավելի շուտ նշանակում է, որ կան ուսանողներ, որոնք պատրաստ են վճարել որոշակի ծառայությունների համար»։

Հանդիպմանը ներկա՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը ճիշտ կադրային քաղաքականությունն է բուհական համակարգում։ Այս դիտարկմանն ի պատասխան` վարչապետը սկսել է իր բավականին հետաքրքիր պատմական էքսկուրսները. «Երբ մենք նոր էինք եկել իշխանության եւ պիտի խորհրդային կաշառակերներին փոխարինեինք նոր, երիտասարդ, անկաշառ մասնագետներով, մեզ ՀՀՇ-ն ուղարկում էր բազմաթիվ դիմումներ, թե` նշանակեք այս կամ այն մասնագետին, նա երբեք կաշառք չի վերցրել: Հարցնում էինք` որտե՞ղ է աշխատել: Ասում էին, ասենք, Մերգելյանի ինստիտուտում. էնտեղ ո՞վ պիտի կաշառք առաջարկեր: Ինչեւէ, այդպիսի բազմաթիվ նշանակումներ արեցինք, բայց լավ էլ կաշառք էին վերցնում»։

Վարչապետի այս պատասխանից կարելի էր հասկանալ, որ ըստ նրա, կադրային քաղաքականությամբ կոռուպցիայի դեմ պայքարելն անօգուտ է։ Սակայն անմիջապես հետո մի տեսակետ է հնչում, որից հետո Մերգելյանի ինստիտուտի կաշառակեր պաշտոնյաների պատմությունը առավել անհասկանալի է դառնում. ըստ Տ. Սարգսյանի, մարդը պետք է հստակ իմանա, որ «երեքներով» ավարտած մարդը չի կարող փոխնախարար կամ վարչության պետ լինել։ «Մենք այստեղ ունենք լուրջ թերացում: Հիմնականում պաշտոնների ձգտումը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր գիտելիք չունեն: Ի՞նչ նախադասություններ են այդ մարդիկ ասում: Ինչպես կհանձնարարեք, պարոն վարչապետ, այնպես էլ կաշխատենք: Մենք ձեզ նվիրված կլինենք, պարոն վարչապետ, այսպես կասեք, այսպես կանենք: Այսինքն` ոչ գիտելիք ունի, ոչ արժեքներ ունի, այդպիսի մարդկանցից պետք է հեռու մնանք, որովհետեւ նրանք շատ վտանգավոր են»,- ասել է վարչապետը` հիշեցնելով, որ նման մարդիկ երբեք էլ նվիրված չեն լինում։ Նախանձելի անկեղծություն՝ սեփական ենթակաների վերաբերյալ։ Նաեւ՝ օրիգինալ մոտեցում. ստացվում է, որ կրթություն չստացած մարդիկ ավելի հակված են կոռուպցիայի, իսկ համալսարանում 5-երով սովորածները դիպլոմ ստանալու հետ միաժամանակ` նաեւ սրբի լուսապսակ են ստանում։ Սակայն մի հարց մնում է օդում կախված. եթե նախկինում ՀՀՇ-ն էր պարտադրում այս կամ այն կաշառակերին գործի ընդունել, հիմա՞ ինչն է խանգարում, որ վարչապետը ճիշտ ընտրություն կատարի։ Եվ եթե գիտելիքներ չունեցողները եւ՛ պոտենցիալ կաշառակերներ են, եւ՛ «շատ վտանգավոր» մարդիկ, ապա ինչո՞ւ Տ. Սարգսյանը քայլեր չի ձեռնարկում իր շրջապատը նման մարդկանցից մաքրելու համար։ Շատ հեռու պետք չէ գնալ. կարելի է սկսել որոշ նախարարներից։ Ինչ վերաբերում «3-ներով ավարտած» մարդուն բարձր պաշտոնի չնշանակելու հարցին, ապա այստեղ, իհարկե, հարկ կլինի օրենսդրական որոշ փոփոխություններ կատարել։ Համոզված ենք, որ պատգամավորների կողմից լուրջ դիմադրություն չի լինի, քանի որ մեր Ազգային ժողովը կազմված է բացառապես բարձր ինտելեկտուալներից։

Վերադառնանք, սակայն, բուն խնդրին՝ կոռուպցիային, քանի որ հետագա մտքերն ավելի հետաքրքիր են։ «Ինչքան շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, էնքան կոռուպցիան շատանում է»,- գրեթե ինքնախոստովանանքի նման` նկատել է վարչապետը։ Ուշագրավն այն է, որ երեկվա հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան կոռուպցիայի մասին խոսելու միջոցառում։ Ստացվում է՝ երեկ ներկաները ահագին շատացրել են կոռուպցիան։ Նկատենք նաեւ, որ այդ տրամաբանությունը (երբ ինչ-որ բանի մասին խոսելը վնասում է տվյալ գործին) շատ լավ բացատրում է, թե ինչո՞ւ մեր տնտեսությունը ունի օլիգոպոլիկ կառուցվածք, ինչո՞ւ են մեծ ստվերային շրջանառության ծավալները, ինչո՞ւ տնտեսության կառուցվածքը դիվերսիֆիկացված չէ, եւ այլն։

Հասնում ենք ամենահետաքրքիր մասին՝ չարչրկված եւ արդեն թեւավոր խոսք դարձած «քաղաքական կամք» ասվածին։ «Եկեք ունենանք քաղաքական կամք, լուծենք այս խնդիրը»,- ասել է վարչապետը։ Սակայն շփոթության մեջ մի ընկեք. նա ոչ թե կոչ է արել քաղաքական կամք ունենալ (զարմանալի կլիներ ինքն իրեն կոչ անելը), այլ պարզապես կրկնել է այդպես ասողների միտքը, որպեսզի հող նախապատրաստի իր հաջորդ թեզի համար։ Իսկ հաջորդ թեզը վարչապետը սկսել է այսպես. «Էստեղ մի գաղտնիք կա. իսկ ի՞նչ բան է քաղաքական կամքը», եւ երկխոսության մեջ է ներքաշել տնտեսագիտական ֆակուլտետի ուսխորհրդի ներկայացուցչին։ Հաջորդող մասը ներկայացնենք առանց կրճատումների.

– Դու որեւիցե ոլորտում կամք դրսեւորե՞լ ես,- հարցրել է վարչապետը ուսանողին:

– Այո, սոցիոլոգիական հարցում եմ անցկացրել եւ հրապարակելու եմ տվյալները` դառնալով թիրախային խումբ այն մարդկանց համար, ում մասին հրապարակել եմ,- ասել է տնտեսագիտական ֆակուլտետի ուսխորհրդի ներկայացուցիչ Հարություն Ազգալդյանը:

– Հարությունը բարձրացրեց ամենակարեւոր խնդիրը` անհատական կամքի դրսեւորումը: Եթե խոսքը գնում է աղբահանության կամ հարկահանության կամ ռեֆորմների կամ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պարզվում է, որ քաղաքական կամք է պահանջվում… Լոնդոնում 2003 թ. հավաքվել էին 12 երկրների Կենտրոնական բանկի եւ իշխանության ներկայացուցիչներ, եւ Արժույթի միջազգային բանկը եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները փորձում էին պարզել, թե տրված գումարները ինչու չեն ծառայում իրենց նպատակին` եւ այդ երկրներում գոյություն ունեն աղքատություն, կոռուպցիոն ռիսկեր, եւ այդ արդյունքները բարվոք չեն, եւ չեն գոհացնում այդ երկրներին: Ամեն երկիր ներկայացնում էր իր պատկերացումը, թե որ ծրագրերն էին սխալ: Լսելով բոլոր պատվիրակների ելույթները` վերջում ստացվեց, որ չկար անկարեւոր ծրագիր, չբացահայտվեցին մեթոդաբանական սխալներ, միակ խնդիրը դարձյալ հայտարարվեց քաղաքական կամքը, որ իշխանությունները չեն դրսեւորել քաղաքական կամքը եւ չեն հաղթահարել խնդիրները,- պատմեց վարչապետը` նշելով, որ դրանից ինքը եզրակացրել է, որ քաղաքական կամքն ամեն անհատի` իր ստացած դաստիարակության հիման վրա ճիշտն ու լավն ընտրելն է:

Նաեւ ընդգծել է, որ սեփական համոզմունքները մինչեւ քաղաքական կամքի դրսեւորման հասնելը պետք է փորձարկվեն մտերիմների շրջանակում: «Ովքեր հետաքրքրված են այս հարցով, կարող են կարդալ իմ հոդվածը` «Ինչպես իրականացնել հեղափոխություն» թեմայով»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Եթե այսքանից հետո ԵՊՀ ուսանողները՝ մեր երկրի գալիք ղեկավարները, հասկացել են, թե ի վերջո հնարավո՞ր է քաղաքական կամք ցուցաբերել եւ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, ապա հաստատ կհասկանան նաեւ, թե ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն։ Կապ չունի՝ ըստ վարչապետի՞ տեսության, թե՞ սեփական։