Սիմոնյանը սկսել է արշավը

05/05/2011

Երեկ մեր թերթի էլեկտրոնային հասցեով նամակ ենք ստացել, որտեղ տեղեկացնում են, թե անցյալ շաբաթ օրը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանն անձամբ այցելել է իրեն «հարազատ» ֆակուլտետներ (ժուռնալիստիկայի, միջազգային հարաբերություններ, ռոմանոգերմանական, արեւելագիտական եւ բանասիրական). «Հանդիպումներ է ունեցել պետական քննությունների առատ «հումքի» ակնկալիքներով ապրող իր «զինակիցների» հետ ու կոչ արել ժամանակավորապես «գոտիները պնդացնել» ու առայժմ` մինչեւ ընտրությունների ավարտը, ձեռնպահ մնալ լայնամասշտաբ կաշառքներից, որպեսզի մամուլում աղմուկ-աղաղակ չբարձրանա, եւ իր դիրքերը չթուլանան: «Այս պահին ես ոչնչով չեմ կարող օգնել ձեզ»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ` հավանաբար ուսանողներին կաշառելու համար, մի քանի նոր սենյակ է տրամադրել ուսխորհրդին: Նա նաեւ ակնարկել է, որ ինքն է ընտրությունների միակ ֆավորիտը նախագահականում: Ընդհանրապես, ամբողջ համալսարանը, բացի, իհարկե, Սիմոնյան Արամի մանկլավիկներից, լրջորեն անհանգստացած է այս մարդու վերանշանակման հեռանկարից»,- ասված է նամակում: Ըստ նամակագրի` Ա. Սիմոնյանի ռեկտորության տարիները եղել են ԵՊՀ պատմության ամենախայտառակ շրջանը: «Վարքերի ու պրոֆեսիոնալիզմի անկում, առողջ ու ունակ կադրերի դուրս մղում, քծնանք, տգիտություն, հսկայական չափերի հասած կաշառակերություն… Սա է Սիմոնյանի ռեկտորության արդյունքը»: Նամակագիրը ստորագրվել է` որպես ԵՊՀ բազմամյա աշխատակից: «Ներողություն, որ անանուն եմ ներկայանում. հուսով եմ` կհասկանաք ինձ»,- նամակի վերջում գրել է անանուն նամակագիրը: