Վեց տարեկան Արմանի հայացքի կռիվն ինքնապաշտպանողական է: Բակում խաղացող երեխաների վրա է հարձակվում, տան անդամների հետ խոսում է «անդուր» տոնով: Դեմքի արտահայտությունը միայն խաղաղվում է 5 ամսական զույգ քույրերից Ալյոնային գրկելիս: Կարճահասակ այս տղան օրորոցի միջից «զատում» է զույգերից իր սիրելիին ու գրկելով այնպես է համբուրում, քնքշորեն սիրում, ասես նյարդային վիճակը հանգստացնող հաբ է ընդունում ու անմիջապես հանդարտվում է։ «Էն մեկին էդքան չեմ սիրում, Ալյոնաս ինձ նման ա, իրան եմ շատ սիրում»,- ասում է նա, ում զույգ քույրերն այնքան իրար նման են, որ զարմանում եմ, թե ինչպես է տարբերում: Ասում է` երկու քույրերից մեկի երեսն առնետը կրծել է, ու աջ այտի վրա մեծ սպի է մնացել. «Լույսն անջատել էին, փող էինք պարտք: Վաբշե մամաս ամեն գիշեր չէր քնում, նստում էր օրորոցի կողքի բազկաթոռին, որ հանկարծ կռիս չմոտենա երեխեքին: Էդ օրը եկան լույսը կտրեցին: Մութ էր, մամաս չէր տեսնում: Կռիսը երեխու թշի միսը նենց էր քաշել, որ վերքը չի լավանում: Էդ շռամից եմ ջոկում իրանց»: Արմանի կոշիկները թաց են, որովհետեւ նրանց տան հատակն ու պատերն ամբողջությամբ ջրի մեջ կորած են: Մայրը` Անուշը, ամեն օր երեխաներին մի քանի ժամով «տնից» հանում է, որ մաքուր օդ շնչեն ու խոնավությունից չհիվանդանան: Տան ներսի տեսարանն ու գարշահոտը մարդուն այնպես են «խեղճացնում», որ ողջ կյանքն իր հմայքով հանդերձ` զզվելի ու անիմաստ է թվում: Արմանը վայրկյան առաջ ուզում է դուրս փախչել, բայց չեմ թողնում: Ասում եմ` «Պիտի խոսենք»: «Ի՞նչ խոսանք, բան չկա խոսալու»: Խոսում է չափահաս մարդու նման` բարկությամբ, «չորով»: «Ի՞նչ կա քո կյանքում, ուզում եմ մի քիչ պատմես»: «Չի՞ երեւում` ինչ կա, ամեն ինչ կա, բացի բոքսի տանձիկից»,- պատասխանում է հեգնանքով, վիրավորված ու ագրեսիվ: Հարցնում եմ` «Ի՞նչ բոքսի տանձիկ»: «Սովորական բոքսի տանձիկ: Իմ կյանքի նպատակը բոքսի տանձիկ ունենալն ա, պիտի պարապեմ ուժեղանամ: Ինձ տանձիկ ա պետք, որ ամբողջ օրը խփեմ, որ խփեմ ինձ լավ կզգամ: Ինձ պետք ա մի բանի անընդհատ խփել, որ մեկին անընդհատ չխփեմ»: Արմանը հավանաբար փոքր է` զգացումները նկարագրելու համապատասխան բառամթերք օգտագործելու եւ ասելիքը պատշաճ ներկայացնելու համար: Դրա համար էլ նրա ապրումներն ավելի շատ կարելի է հասկանալ վարքագծից, քան նրա խոսքերից: Անուշենց տուն աննկատ այցելած հարեւան Սլավիկն իր 60-ն անց տարիքն առած` «ծալվում» է կարճլիկ աթոռին ու ընդհատելով ներկաների խոսակցությունն` ասում է` «Բա սա վիճակ ա՞, բա սա պետություն ա՞, որ էս մարդիկ կենդանու նման են ապրում: Ես իրանց կողքի հարեւանն եմ: Էս բունը եղել ա Անուշի տատի գոմը, իմ ձեռքով եմ էս գոմը կառուցել: Էն թվերին ինձ խնդրեցին, որովհետեւ ես շինարար եմ: Տարածքն իրա տատինն էր, նույն բակում են ապրում, բերինք գոմ սարքինք, որ անասուն պահեն, բայց էսօր երեխա են պահում»: Մի քանի տարի առաջ անասնագոմ կառուցած Սլավիկը վստահեցնում է, որ էս ընտանիքին հինգ մատի պես գիտի, ու իրեն իրավունք է վերապահում ՀՀ իշխանություններին ամոթանք տալ, որ մի կողմից` Անուշի նմաններին գովեստի խոսքեր են ասում` երեխա ունենալու, ազգը պահպանելու համար, մյուս կողմից էլ` անասունի պես են վերաբերվում: «Դու սո՛ւս, Սլավիկ պապի, քեզ ասում եմ` սուս մնա, դու չխոսաս: Ասում եմ` մի խոսա, ձենդ…»,- այնպես է բղավում Արմանը, որ թվում է` զայրույթից աչքերի բիբերն ուր որ է կգլորվեն ցած: Նրա խոսելու տոնից շփոթված` նայում եմ մորը, ով իր հերթին հարձակվում է Արմանի վրա. «Տո ձենդ կտրի, թե չէ` հիմա նենց մի հատ կտամ… Բա ինչի՞, երբ որ սովից մեռնում ես` Սլավիկ պապի բերած մի կտոր հացն ուտում ես: Ինչի՞, երբ որ ցրտից փետանում ես` Սլավիկ պապի բերած ցախով ես տաքանում: Էն օրը Սլավիկ պապին ամանով ճաշ էր բերել` խի՞ վերցրիր կերար, հը՞…»: Արմանը խեղճանալով` ծպտվում է: Ուզում է էս աշխարհից վերանալ, որովհետեւ մոր խոսքերն ապտակի նման իրեն «դաղում» են: «Լավ եմ անում, ինքը մեր տան տղամարդը չի, թող չխոսա: Մեր տան տղամարդն ուրիշն ա, իմ պապան ա»,- ասում է ու վիրավորվածությունից արցունքները չի կարողանում զսպել: Արմանը վախենում է հոր «թափուր» տեղն ինչ-որ մեկի կողմից զբաղեցնելու հանգամանքից, դրա համար էլ` բոլոր տղամարդկանց արգելում է իր ընտանիքին վերաբերվող հարցերին միջամտել: Հարցնում եմ` «Պապայիդ կարոտո՞ւմ ես»: Ագրեսիվ, վայրենի տղայի մեջ կարծես արթնանում է վեց տարեկան այն երեխան, որի երազանքներն ու մտածելակերպը ճիշտ այն են, ինչ հատուկ է նրա տարիքի փոքրերին։ «Հա, շատ եմ կարոտում, ուզում եմ իրան տեսնեմ, ուզում եմ, որ ինքը լավը լինի, ուրիշ պապաների նման, իմ ձեռքից բռնի ու տանի ման տալու, հետս խոսա, շատ խոսա, ինձ հարցեր տա…»,- պատասխանում է Արմանը: «Իսկ կուզեի՞ր, որ պապադ ձեր հետ ապրեր»,- հարցնում եմ: «Չէ, չէի ուզի, ինքը լավը չի»,- բղավում է Արմանն ու վազելով գնում բակ:
25-ամյա, արդեն երեք երեխաների մայր Անուշ Սիմոնյանն ապրում է Հաղթանակ (4-րդ գյուղ) 7-րդ փողոցի 56 տանը, որն, ինչպես նշեցինք, մայրական տատի անասնագոմն է եղել: Ամուսնուն այլեւս չի ցանկանում տեսնել, եւ նրա որոշումն ունի միանգամայն լուրջ պատճառներ, որը, ելնելով Անուշի անվտանգությունից, չենք լուսաբանում: Ամուսնանալուց հետո լույս աշխարհ է եկել Արմանը, եւ ապրել են բոլոր նորմալ ընտանիքների պես: «Ինքը աշխատում էր, նորմալ էր ամեն ինչ, հասցնում էինք: Ամեն ինչով ապահովվում էր, երեխաս ու ես նեղություն չէինք կրում»,- պատմում է Անուշը, ում սկեսուրը, սակայն, դեմ է եղել նրանց ամուսնությանը, քանի որ չի սիրել Անուշին: Ամուսինը հայրական տանը հանգրվան չգտնելու պատճառով կնոջ ու երեխայի հետ որոշ ժամանակ վարձով է ապրել: Ասում է` «Որոշեց գնալ Գերմանիա աշխատելու: Ասում էր` կաշխատեմ, կգամ տուն կառնենք, սենց կանենք, նենց կանենք… Բարեկամ ուներ Գերմանիայում, գնաց: Մի տարի էնտեղ մնալուց հետո եկավ: Ես էստեղ էի, ինքն էլ էր էստեղ ապրում: Հղիացա… Հետո մի օր պատահաբար մի էնպիսի տեսարանի ականատես եղա, որ… Ասեցի` թող գնա ու էլ հետ չգաս: Էնպիսի մի բան, որ… որ… էդ մասին մի գրեք, չեմ ուզում ուրիշ բաների պատճառ դառնալ»: Դրանից հետո սկսվել է վիճաբանությունների, ծեծկռտուքի փուլը: Անուշն ասում է` մի անգամ ամուսինն էնպես է ծեծել, որ ոսկորները ջարդվել են, ու երկարատեւ հիվանդանոցում բուժվել է: Թեեւ ոստիկանությունում գործ է հարուցվել, այդուհանդերձ. «Գառ մորթեցին, քննիչին տվեցին, գործը փակեց: Ասում էր` 70.000 էլ փող ա տվել»: Զույգ աղջիկներին ծննդաբերելուց հետո Անուշն այլեւս որպես միայնակ մայր` փորձում է ինքնուրույն երեխաների հոգսերը հոգալ: Պարբերաբար հայտնվում է ամուսինը, ուզում է երեխաներին տեսնել, բայց… «Էն օրն եկավ, աղջիկներից մեկին գրկեց, սկսեց սիրել: Նայեցի աչքերին, հասկացա… Վախից չորացա, երեխայիս ձեռքից վերցրեցի ու դուրս վռնդեցի: Վախենում եմ, որ մոտենում ա երեխաներին, էդ ժամանակ ամեն ինչի ընդունակ ա: Արմանիս շատ ա նեղացրել ու ծեծել, դրա համար էլ` երեխես սենց վայրենի ա դառնում»,- ասում է Անուշը, ով հասկանում է, որ իր ընտրությունն է եղել, եւ ամեն ինչի համար պատասխանատու է ինքը: Ամուսնու հակումների մասին տեղյակ չի եղել. «Ինքը տենց չի եղել: Գերմանիայից գալուց հետո ա եղել»: Հիմա Անուշը մոր օգնությամբ միայնակ է մեծացնում երեխաներին: Թեեւ դժվար է ասել` «մեծացնում» է, որովհետեւ երեխաները մեծանում են բնազդաբար, առանց հատուկ խնամքի ու հոգատարության: Մայրը` Մարգո Բաղրամյանն, առավոտից իրիկուն «բանում» է, որ նորածին թոռների կաթն ապահովի: Ամեն օր ուրիշների կովն է կթում, որի դիմաց ստանում է երկու լիտր կաթ: Մարգոն մեկ էլ աշխատում է գերեզմանատանը: Հանգուցյալների համար հող է փորում, բետոն է թափում, մի խոսքով` տղամարդու, ընդ որում` պինդ տղամարդու աշխատանք է կատարում: Անուշն ասում է` «Հենց հիմա գերեզմանատանը բետոն ա թափում: Թաղումն էլ դե ամեն օր չի լինում: Ամսվա մեջ մեկ-երկու անգամ, որի ժամանակ ինքը հող ա փորում ու դրա դիմաց մի քանի հազար ստանում ա: Հիմա մեկի գերեզմանատունը բետոնապատում են, ու էսօր առավոտից բետոն ա թափում: Առավոտները գնում կով ա կթում, որ կաթը հասցնի ու, եթե պատահում ա գործ` գնում ա գերեզմաններ»: Անուշն անհարմար է զգում ասել, որ մայրը ժամանակ առ ժամանակ նաեւ հոգեհացի մնացորդներ է տուն բերում: Ապրում են լույսից զրկվելու վախով, որովհետեւ ամեն ամիս հայտնվում է էլեկտրիկն ու հոսանքից զրկելու սպառնալիքներ է տեղում, քանի որ սպառած էլեկտրաէներգիայի մեծ պարտքեր ունեն: Ասում է` շատ է պատահել, որ օրերով անլույս են ապրել, բայց ամենաշատը վախենում է մթության մեջ հայտնված առնետներից, որոնք պարբերաբար վնասում են նորածիններին:
Անուշ Սիմոնյանը պատառոտված տոպրակից հանում է փաստաթղթերն ու ցույց տալով` վստահեցնում է, որ տեւական ժամանակ դիմում է տարածքային սոցիալական ծառայություն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` նպաստ ստանալու խնդրանքով, բայց… «Մեր տեսուչ Պերճն ասում ա` էս տեղեկանքը բեր, տանում եմ, ասում ա` էս թուղթը բեր, տանում եմ` նորից-նորից: Արդեն զզվել եմ: Ստեղից-ընդեղից պարտք եմ անում, տանում քսերոքս եմ անում, հանձնում եմ, բայց էլի… Էս ինչքան ժամանակ ա, պիտի «Փարոս» դասավորի, բայց չի անում»: Անուշից վերցնում եմ Պերճի հեռախոսահամարն ու զանգում եմ. «Ի՞նչն է պատճառը, որ այս հասցեում ապրող մարդկանց աղքատության նպաստ չեք հատկացնում»: «Հա՛, ես շատ լավ ճանաչում եմ իրանց, չեն դիմել, դրա համար էլ չեն ստանում»,- պատասխանում է Պերճը: «Անուշ, ասում է` չեք դիմել, դրա համար չեք ստացել»,- փոխանցում եմ Անուշին, ով բղավում է` «Սուտ ա ասում, ո՞նց չեմ դիմել, թղթերն իրա մոտ ա: Մի՞ անգամ եմ դիմել, չի՞ ամաչում»: Պերճին ասում եմ` «Անուշն ասում ա` սուտ եք խոսում, շատ ա դիմել: Իսկ դուք երբեւէ ոտք դրե՞լ եք էս տուն»: «Իհարկե, շատ եմ եղել էդ տանը»,- պատասխանում է նա: «Ու գիշերները հանգի՞ստ եք քնում»,- հարցնում եմ: Պերճն, իհարկե, գիշերներն անվրդով, խաղաղ քնում է ու հաստատ Անուշի պես առնետներ չի տեսնում, այլ տեսնում է մուշ-մուշ երազներ: Այնպես, ինչպես մեր պետական պաշտոնյաներից շատերը, ովքեր ճիշտ է` ի տարբերություն Պերճի, երբեք Անուշենց տանը չեն եղել: Բայց նրանք սիրում են ամեն օրվա հետ աճող աղքատության մասին զուսպ խոսել, այն դեպքում, երբ մարդիկ վաղուց արդեն ապրում են այն տեղերում, որտեղ պետք է ապրեն անասունները:
Հ.Գ. Մալաթիա-Սեբաստիա սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի ղեկավար Ռուզաննա Գեորգիսյանը խոստացավ ուսումնասիրել Անուշ Սահակյանի ընտանիքի տվյալները եւ տեղեկացնել, թե նա ինչո՞ւ հաշվառված չէ նպաստառուների ցանկում: Մեր առաջիկա համարում կներկայացնենք, թե ինչո՞ւ այս ծայրաստիճան աղքատ ընտանիքը մինչ օրս ընդգրկված չի եղել այդ ցանկում: