Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ տեւողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), եւ մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն դիպլոմներ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի մակագրությամբ: Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է` օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը եւ քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: ՔԴԵԴ-ը եվրոպական համանման դպրոցների հանրակցության անդամ է՝ բոլորին հավասար իրավունքներով:
ՔԴԵԴ կարող են դիմել խորհրդարանի, ավագանիների անդամները, նախագահի, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերում, նախարարություններում, հասարակական կազմակերպություններում, դատաիրավական համակարգում, տարածքային եւ տեղական կառավարման մարմիններում, բանակում, Ոստիկանությունում, տնտեսվարող սուբյեկտներում, ԱԺ-ում ներկայացված կուսակցություններում, նրանց երիտասարդական կառույցներում պատասխանատու դիրքեր զբաղեցնողները, քաղծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնողները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագիտական ոլորտի մասնագետները:
Հայտատուն պետք է`
1. ակտիվորեն մասնակցի երկրի քաղաքական կամ հասարակական կյանքին, անդամակցի որեւէ կուսակցության, հայտնի հ/կ-ի կամ աշխատակցի լրատվամիջոցի: Մասնավոր անձանց մասնակցություն ՔԴԵԴ-ի սեմինարներին չի նախատեսվում,
2. ունենա նվազագույնը 2 տարվա աշխատանքային ստաժ,
3. լինի մինչեւ 35 տարեկան: Ընտրվելիք մասնակիցների 25 տոկոսի չափով բացառություն կարվի մինչեւ 40 տարեկանների համար:
Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը պարտադիր է:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կազմակերպելիք սեմինարներին մասնակցել ցանկացողները պետք է պարտադիր ներկայացնեն.
1. դիմում-հարցաթերթիկ (հատուկ ձեւ),
2. 2 լուսանկար (մեկը փակցնել դիմում-հարցաթերթիկին),
3. ինքնակենսագրություն (CV),
4. շարադրանք «Ինչո՞ւ եմ ցանկանում սովորել ՔԴԵԴ-ում» թեմայով (մեկ տպագիր էջի սահմաններում),
5. երաշխավորագիր (պարտադիր կնքված) հայտատուին գործուղող կառույցի ղեկավարից առ այն, թե`
ա) ինչո՞ւ է հայտատուին երաշխավորում մասնակցել ՔԴԵԴ-ի սեմինարներին: Որո՞նք են սպասելիքները,
բ) ինչո՞վ են իր կազմակերպության նպատակներն ու ծրագրերը համընկնում ՔԴԵԴ-ի առաքելության հետ:
Երաշխավորող մարմինը պատասխանատվություն է կրում իր կողմից ՔԴԵԴ գործուղվող հայտատուի համար: Երաշխավորողի կողմից հայտատուի երաշխավորագիրն ուժը կորցրած համարելու դեպքում հայտատուն այլեւս չի հրավիրվում ՔԴԵԴ-ի սեմինարներին,
6. հավաստագիր (պարտադիր կնքված) աշխատավայրից, որ ՔԴԵԴ-ի կազմակերպելիք միջոցառումների ու սեմինարների ընթացքում հայտատուն ազատ կլինի աշխատանքի գնալու պարտականությունից եւ կվճարվի այդ օրերի համար,
7. փաստաթուղթ վերջին 2 տարվա (2009-2011) աշխատանքային ստաժի վերաբերյալ,
8. վկայական օտար լեզվի իմացության մասին (եթե կա):
Ֆաքսով կամ էլ. փոստով ստացված փաստաթղթերը չեն կցվում գործերին: Ներկայացնել միայն բնօրինակները:
Ըստ անհատական դեպքի կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:
Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացրածները, դրանք ի հայտ գալուն պես, կզրկվեն ՔԴԵԴ-ի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, առկայության դեպքում, պետք է ներկայացնեն իրենց կազմակերպության վերջին 1 տարվա գործունեությանը վերաբերող հրապարակումներ:
Նախնական մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներին կտրվի քննություններին մասնակցելու հնարավորություն:
ՔԴԵԴ-ի սեմինարները արտագնա են (Ծաղկաձոր, Ջերմուկ եւ այլն): ՔԴԵԴ-ում սահմանված չէ ուսման վարձ, եւ ուսուցումն անվճար է: Բացի այդ, հայաստանյան սեմինարների մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգում է ՔԴԵԴ-ը: Նրանք, ովքեր կհրավիրվեն ստրասբուրգյան սեմինարին, մասնակիորեն, 360 եվրոյին համարժեք դրամի չափով, հոգում են իրենց մասնակցության հետ կապված ծախսերը:
Եվրոպայի խորհրդի կողմից սեմինարների եւ մյուս միջոցառումների չֆինանսավորման կամ ֆինանսավորման կրճատման պարագայում կարող է կրճատվել սեմինարների ու միջոցառումների քանակը:
Փաստաթղթային փաթեթը ներկայացնել անձամբ` անձնագրի առկայությամբ: Թերի ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: ՔԴԵԴ հանձնված փաստաթղթերը չեն պատճենահանվում եւ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են մայիսի 25-27-ը, ժամը 12:00-14:00-ը: Հասցե՝ Խորենացու պող. 33, «Տաշիր» կենտրոնի 6-րդ` գրասենյակային հարկ, 31-րդ սենյակ:
Հեռախոս՝ 51 11 71
Ինտերնետային էջ` www.ysps.am