«Freedom house» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ եւ անկախ մամուլ ունեցող երկրում: Կազմակերպության գնահատականներով` մամուլի ազատությունն աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում հասել է ամենացածր աստիճանին: «Freedom house»-ն իր նոր զեկույցում նշում է, որ անցած տարի մամուլի ազատության ոլորտում նշանակալի անկում է գրանցվել Եգիպտոսում, Թուրքիայում եւ Ուկրաինայում: Ազատ մամուլի համար ամենավատ երկրներն են համարվում Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, Մյանմարը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան եւ Հյուսիսային Կորեան, որտեղ, ըստ «Freedom house»-ի` ազատ մամուլ կամ ընդհանրապես չկա, կամ էլ «հազիվ է գործում», իսկ լրատվամիջոցներն էլ` «ռեժիմի խոսնակներ են»: