Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Իջեւանի տարածքային հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզության վարչության Իջեւանի բաժնի աշխատակիցներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Իջեւանի բնակիչ Գագիկ Զաքարյանն առանց համապատասխան գրանցման Տավուշի մարզի Գանձաքարում կազմակերպել եւ իրականացնում է փայտասղոցման գործունեություն: Հարկային մարմինների հսկողությունից դուրս մնալու նպատակով Զաքարյանն ապօրինի գործունեությունը ծավալել է Գանձաքարից դեպի անտառ տանող ճանապարհին հարակից կիսակառույց շինությունում` աշխատելով հիմնականում գիշերային ժամերին: Ստուգման պահին արտադրամասում հայտնաբերվել է 1 մլն 200.000 դրամի մոտ 40 խորանարդ մետր տախտակ եւ գերան: Զաքարյանի նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ: Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու միջոցառումները տեսչությունում շարունակվում են: Իսկ Էրեբունու հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզության վարչության Էրեբունու բաժնի աշխատակիցների համատեղ ստուգումների արդյունքում, ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք է բացահայտվել: Այսպես, պարզվել է, որ Գառնիկ Ավետիսյանին պատկանող` ավտոմեքենաների վերանորոգման արտադրամասն առանց պետական գրանցման գործել է փետրվարից: Հայտնաբերվել են նաեւ եւս 9 չգրանցված` շուրջ 1 ամիս գործող արտադրամասեր: Բացահայտվել է հարկային դաշտից դուրս գործող կոշիկի, փայտամշակման, ավտոտեխսպասարկման արտադրամասերի, հանրային սննդի կետի, ինչպես նաեւ պատճենահանման ծառայության, ծաղկի եւ ձայներիզների մանրածախ առեւտրի սրահների անօրինական գործունեությունը, որը կասեցվել է:
Իսկ Նախաբացողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում կանխել են տարբեր ապրանքների ստվերային ներկրման հերթական փորձերը: Վրաստանի քաղաքացի Արմեն Մերաբյանը նշել է, որ հայտարարագրման ենթակա ապրանք չունի, սակայն հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված կանացի վերնաշապիկներ: Նա բեռը պահել էր ավտոմեքենայի նստատեղերի տակ` հատուկ բարձիկների մեջ: Մաքսանենգության մեկ այլ դեպք էլ գաղտնազերծվել է «Գաղտնիք» ՍՊԸ-ի կատարմամբ. ընկերության անունով բեռը փոխադրող Հարություն Փանոսյանի ավտոմեքենայի մաքսային զննման արդյունքում կցորդի տակ գտնվող բեռնարկղի թաքստոցից հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող կտրող գործիքների մասեր` կարծր համաձուլվածքներից մոտ կես տոննա կտրիչներ եւ 215 ալմաստի մածուկ: