Երեկ Մայիսի 3-ի` մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին է հանձնվել «Մամուլի ազատության ժամանակ» մրցանակը: «Ազատության ժամանակը չի գալիս, պետք է ինքնուրույն հասնել այդ ազատությանը»,- ասել է Է.Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ արդեն 5 տարի տրվող մրցանակը սահմանել են ՀՀ Ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը: Ի դեպ, վերջին երկու տարիներին մրցանակն այդպես էլ չի տրվել որեւէ լրագրողի: «Մենք իսկապես փորձում ենք հասկանալ, թե կա՞ այդպիսի մարդ, որին կարող ենք տալ այս մրցանակը»,- ասել է «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության գործադիր նախագահ Նունե Սարգսյանը` հավելելով, թե տպագիր մամուլն ավելի ազատ է, քան հեռուստաընկերությունները: