Առաջարկել է ճանաչել

29/04/2011

Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ԱՄՆ-ին առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Թարաֆ» օրաթերթը` ներկայացնելով «Wikileaks»-ի կողմից գաղտնազերծված ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթուղթը: Ըստ այդմ, 2009թ. ապրիլի 29-ով թվագրված գաղտնի ձեռագրում Անկարայում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին Վաշինգտոնին իրազեկում է նույն թվականի ապրիլի 24-ին «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ ունեցած հանդիպման մանրամասները: Նշելով, որ հանդիպման ժամանակ Բահչելին առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամերիկացի դիվանագետը գրել է. «Որեւէ կասկած չկա, որ Բահչելին այդ մարտահրավերը փորձում է ծառայեցնել իր շահերին: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեպքում առաջ է գալու հուզական հակազդեցություն, որից էլ ամենից շատն օգտվելու է «Ազգայնական շարժում» կուսակցությունը»: