Հավաստիացումը բավարար է նաեւ Ֆյուլեին

29/04/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Եթե 2008-ի իրադարձություններին լիարժեք անդրադարձ չի եղել, եթե պատմության այդ էջը չի փակվել լիարժեքորեն, ապա դժվար կլինի հասարակության մեջ իրականում ստեղծել նպաստավոր միջավայր 2012-ի ապրիլյան ընտրությունների համար»,- երեկ ՀՀ արտգործնախարարությունում Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նա կարեւորել է, որ Հայաստանի քաղաքացիները 2008-ի իրադարձություններից երեք տարի հետո լիարժեք պատկերացում ստանան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ ով է պատասխանատու դրա համար:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին Շ. Ֆյուլեն, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անթաքույց թերահավատությամբ էր արտահայտվել ՀՀ իշխանությունների ցանկության մասին՝ բարեփոխումների եւ, մասնավորապես, մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման հետ կապված։ «Վեց երկրներից (Արեւելյան գործընկերության ծրագրի անդամներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս.- խմբ.) Հայաստանը առանձնանում է նրանով, որ այստեղ բավական վաղ ներդրվեց Եվրամիության փորձագետների խումբը, որը աշխատում է յուրաքանչյուր նախարարությանը կից եւ խորհուրդներ տալիս քաղաքականության բարելավման շուրջ։ Կարծում եմ` սա խոսում է բարեփոխումները առաջ տանելու` Հայաստանի իշխանությունների կարեւոր հանձնառության մասին։ Այդուամենայնիվ, կան շատ մարտահրավերներ։ Սակայն Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք միայն խոսում են, մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք նաեւ նրանց գործը տեսնենք»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան։

Այս անգամ Ֆյուլեն նշել է, որ առաջընթաց կա, երբ խոսում ենք նրանց մասին, ովքեր բանտարկվել էին 2008թ. մարտին: Նա ասել է, որ հարցն իսկապես շատ-շատ կարեւոր է, եւ ավելացրել. «Մարտիմեկյան իրադարձությունների անկախ քննություն անցկացվում է, եւ ես բավականությամբ ի գիտություն ընդունեցի նախագահի վերջին հայտարարությունը` Մարտի 1-ի գործի քննությունը վերսկսելու մասին: Անձամբ ես գտնում եմ, որ եթե լիարժեքորեն չխորհենք 2008թ. դեպքերի մասին, ապա դժվար կլինի ընտրությունների համար համապատասխան մթնոլորտ ստեղծելը, երբ լիարժեքորեն այդ էջը չի փակվել»:

Ինչ վերաբերում է ժողովրդավարության կայացմանը, ապա, Ֆյուլեի խոսքերով, ժողովրդավարություն չի կարող լինել առանց անկախ դատաիրավական համակարգի, բազմակարծություն ապահովող, ազատ լրատվամիջոցների: «Սա իսկապես բարոյական առաջնորդության խնդիր է: Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ ու արդար եւ կհամապատասխանեն Եվրոպական Միության չափանիշներին»,- ասել է դիվանագետը։

Շ. Ֆյուլեն կարեւորել է նաեւ ընտրական օրենսդրության լիակատարությունը՝ նշելով, որ ընտրական օրենսդրությունը պետք է լինի կիրառական գործընթացի արդյունք, որի մեջ ներգրավված կլինեն քաղաքական ընդդիմադիրները, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Կարեւոր է, լավ օրենսդրություն ունենալուց զատ, ապահովել դրա լավ կիրառությունը ընտրություններից առաջ ու դրանց ընթացքում», – ասել է նա։

Ասուլիսի ընթացքում, բնականաբար, անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «Ցավալի է, որ վերջին քայլը եւ կարեւոր համաձայնագրերի համաձայնեցումը հնարավոր չեղավ վերջնական տեսքի բերել: Հուսով եմ, որ դա կմնա սեղանին, որ երբ իրավիճակն ավելի բարենպաստ լինի, կկարողանանք վերադառնալ այդ հարցին եւ վերակենդանացնել այս պրոցեսը»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս «Արմինֆո» լրատվական կայքին տված հարցազրույցին` նշելով, որ ինքը, ցավոք, այդ հարցազրույցում որեւէ դրական ազդակ չի նկատել։ «Բացի այն լոլոյից, որ կար այդ հարցազրույցում, ուղղակի եւ անուղղակի ձեւով նորից հնչում են նախապայմաններ Արձանագրությունների վավերացման համար»,- հայտարարել է Նալբանդյանը՝ ավելացնելով, որ նման մոտեցմամբ առաջ գնալն անհնար է։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա եվրոպացի պաշտոնյան մեկ անգամ եւս կարեւորել է ուժի չկիրառման անհրաժեշտությունը։ «Պետք է հստակ դարձնեն բոլոր կողմերին, որ զինված ուղին տարբերակ չէ: Կարծում եմ, որ կողմերի համար կարեւոր է ճշգրտել իրենց հռետորաբանությունը: ԼՂՀ-ի բանակցությունում որոշակի առաջընթաց կա: Մեր գնահատականն այն է, որ հանդիպումների միջոցով կողմերը փաստացի առաջ են շարժվում: Կողմերը պետք է հասկանան, որ զինված բախումն օգտակար չէ»,- ասել է նա։ Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ հարեւանությունն ապահով չի լինի այնքան ժամանակ, մինչեւ խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի հիման վրա չեն լուծվել երկարատեւ հակամարտությունները։ Ինչ վերաբերում է Եվրոպական Միության դերին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, դիվանագետը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է սատարել Մինսկի խմբի աշխատանքին: