ԱՄՆ-ը աջակցում է

29/04/2011

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուի Երեւան այցելությունը լավ առիթ է անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ: Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` նման հանդիպումներն ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում եւ ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:

Թ. Քեյդենաուն նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն, եւ վստահություն է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակել աջակցել նախագահ Սարգսյանի` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին: Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաեւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: