Բուժիչ նամակներ

29/04/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բուժիչ վզնոց` քաջվարդից

Paeonia-քաջվարդ։ Բնության մեջ հանդիպող քաջվարդի տեսակներից առավել հայտնի են anomala-ոչ սովորական եւ tenuifolia-նեղատերեւ տեսակները, վերջինս հանդիպում է Սյունիքում։ Ոչ սովորական քաջվարդի հայրենիքն է` Հարավային Սիբիրից, Չինաստանի Հյուսիսից մինչեւ Ուրալի լեռներն ընկած տարածքը։ Նեղատերեւ տեսակը հանդիպում է Ռուսաստանի Եվրոպական մասի Հարավում եւ Ղրիմում։ Բալկանյան երկրների լուսավոր անտառներում հանդիպում է Paeonia peregrina-քաջվարդ դեկորատիվ տեսակը։

Հունական մշակույթում Պեոնը հայտնի հմուտ բժիշկ է եղել, նա հաջողությամբ բուժել է հույն զինվորներին։ Պեոնի օրեցօր աճող փառքը հանգիստ չի տվել իր ուսուցիչ Էսկուլապին, եւ նա թունավորել է աշակերտին, սակայն ստորգետնյա թագավորության Աստվածը շունչ եւ կենդանություն է տվել Պեոնին, փոխակերպել նրան գեղեցիկ, մեծ ծաղիկով քաջվարդի։

Քաջվարդը, չնայած թունավոր բույս է, սակայն ընդունված է ավանդական բժշկության կողմից։ Չինաստանում, Մոնղոլիայում, Սիբիրում բույսի արմատները տապակում, մանրացնում եւ օգտագործում են որպես համեմունք մսային ուտեստներում, «Բայկալ» թարմացնող ըմպելիքի մեջ։ Հնագույն ժամանակներից քաջվարդը որպես դեղամիջոց օգտագործել են Չինաստանում եւ Տիբեթում։ Միջին դարերում բույսը տարածում է ստանում Եվրոպայում, 18-րդ դարում` Ամերիկայում։ Պետրոս Մեծի օրոք բույսը մշակվում է դեղատնային կոչվող բանջարանոցներում։ Մեր մոլորակի վրա աճում է քաջվարդի մոտ 50 տեսակ։ Քաջվարդի բոլոր տեսակները գրանցված են «Կարմիր գրքում», այն մշակվում է հատուկ տարածքներում։ Քաջվարդ նեղատերեւը 20-50 սմ բարձրությամբ բազմամյա բույս է, ունի երկարավուն, կոնաձեւ կոճղարմատ։ Ցողունները հարթ են, տերեւները` եռակի կամ փետրաձեւ կտրատված, հերթադիր դասավորությամբ։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչեւ օգոստոս ամիսը։ Ծաղիկները խոշոր են, երկսեռ, մինչեւ 8 սմ տրամագծով` տեղավորված ցողունի գագաթին 8-10 ծաղկաթերթերով, որոնք ունեն հաճելի բուրմունք, կարմրա-վարդագույն երանգավորում։

Պտուղը բաղկացած է 2-5 սերմերից, որոնք օվալաձեւ են, փայլուն, սեւ, մինչեւ 7 մմ երկարությամբ։

Քաջվարդ ոչ սովորականը հարուստ է օսլայով, պարունակում է շաքար, մեթիլսալիցիլատ, պեոնին, օրգանական թթուներ, գլյուկոզիդ սալիցին, ասկորբինաթթու, այլ կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Արմատները հարուստ են միկրոտարրերով (հատկապես քրոմ եւ ստրոնցիում)։

Ավանդական բժշկության մեջ ընդունված է հավասար քանակությամբ վերցրած քաջվարդ ոչ սովորական խոտի եւ արմատների (1։1) 10 տոկոսանոց ոգեթուրմը, թրմված 40 տոկոսանոց սպիրտի մեջ (Tinctura paeoniae anomalae)։ Ոգեթուրմը կիրառվում է նյարդային խանգարումների, անքնության, գլխացավի դեպքում։

– Լուծեք 30-40 կաթիլ 50 մլ ջրի մեջ, խմեք օրը 3 անգամ։ Բուժման ժամկետը 25-30 օր է։

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է նաեւ քաջվարդ նեղատերեւը, որի թարմ տերեւների մեջ պարունակվում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու, ֆլավոններ, դաբաղանյութ։ Բուժիչ նպատակներով մթերում են խոտը ծաղկման շրջանում եւ կոճղարմատները` աշնանը, չորացնում բաց ծածկի տակ։ Հումքը պահում են ամուր փակված մուգ գույնի ապակե տարայում։

Պահպանվել է գրավոր տեղեկություն այն մասին, թե ինչպես է ճանաչված բժիշկ եւ դեղագործ Կ. Գալենը (131-210թթ.) բուժել հիվանդ երեխային ընկնավորությունից։ Երեխայի պարանոցին կախել են քաջվարդի արմատի մանր կտորներից պատրաստված վզնոց։

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են քաջվարդ ոչ սովորականի արմատի թուրմը` ընկնավորության դեպքում։

– Կես թ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք թույլ կրակի (ջրային բաղնիք) վրա 10 րոպե։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Սա մեկ օրվա չափաբաժինն է, բաժանեք 4-5 մասի եւ խմեք։

– Ընկնավորության դեպքում կիրառվում են նաեւ օշինդր սովորականը (1ճգ 200 մլ եռջուր) կամ սպնդուկ կլորատերեւը-Pyrola rotundifolia (1թ/գ լավ մանրացրած հումքը, 200 մլ եռջուր)։ Նշված թուրմերից, որն առավել կօգնի, խմեք 3 շաբաթ, որից հետո մեկ շաբաթ ընդմիջեք։ Ընկնավորության դեպքում կարող է օգնել նաեւ քաջվարդի սերմերից պատրաստված վզնոցը։ Ժողովուրդը բուժման համար օգտագործում է կենտ քանակով սերմերը կոշտ քաթանի (խամ) թելերի վրա անցկացնելով` պատրաստում վզնոց։ Գեղեցիկ, կլորավուն, սեւ փայլուն սերմերն արտաքին տեսքով հիշեցնում են արժեքավոր սեւ նռնաքարը։

Ուղեղի կաթվածի (ինսուլտ) դեպքում. Քաջվարդի արմատը մանրացրեք 10 գրամ փոշուն (2թ/գ), ավելացրեք 250 մլ եռջուր, թրմեք 2 ժամ։ Ընդունեք մեկական ճաշի գդալ, օրը 3-5 անգամ` անկախ սնունդ ընդունելուց։

Արգանդային արնահոսության դեպքում. 50 գրամ քաջվարդի սերմերի վրա լցրեք 0,5 լ օղի, թրմեք 3 շաբաթ մութ տեղում։ Քամեք։ Ընդունեք 15-20 կաթիլ 50 մլ ջրի հետ խառնած` օրը 3 անգամ, մինչեւ սնունդ ընդունելը։

Գլխացավի դեպքում. Խառնեք մանրացրած դաղձի տերեւները, լորենու ծաղիկները` ծաղկակալների հետ միասին, եւ քաջվարդի ծաղկաթերթերը (4։3։2)։ Խառնուրդի 2 ճ/գ-ը թրմեք 400 մլ եռջրով ջերմապահի մեջ 8 ժամ։ Քամեք։ Բաժանեք 4 մասի, խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

Ռեւմատիզմի, հոդատապի դեպքում. 2 ճ/գ սպիտակ պարտեզային քաջվարդի արմատին ավելացրեք 400 մլ ջուր, 20 րոպե եռացրեք մարմանդ կրակի (ջրային բաղնիք) վրա, քամեք, բաժանեք 5-8 մասի, խմեք օրվա ընթացքում։

Հակացուցում

Ներկանյութ պեոնինը թունավոր է։ Քաջվարդի պատրաստուկների չափաբաժինները խախտելու եւ երկարատեւ օգտագործելու դեպքում հնարավոր է գլխապտույտ, քնկոտություն, ճնշման անկում, թունավորում։