– Սահմանադրական փոփոխություններին «այո» քարոզողները պնդում են, որ եթե հանրաքվեն տապալվի, ապա Հայաստանը եթե ոչ` 20, ապա 10 տարով հետ կընկնի աշխարհում ընթացող զարգացումներից: Ձեզ համար, որպես «ոչ» քարոզողի, համոզիչ չե՞ն նրանց կողմից բերվող փաստարկները, որ չեք հրաժարվում ձեր «ոչ» դիրքորոշումից:
– Իշխանությունների կողմից բերված այդ փաստարկները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ շատ թույլ ու չաշխատող են: «Այո» ասողների այդ հայտարարությունն ընդամենը բառերի շարան, մերկապարանոց խոսքեր են: Չեմ կարծում, թե այդ փոփոխությունների արժեքը երկիրը 10-20 տարով առաջ տանելու մեջ է: Թղթի վրա գրածով չէ, որ երկիրը հետ կամ առաջ է ընկնում այդ գործընթացներից: Եթե «այո» քարոզողներն այդքան շատ են մտածում երկրի մասին, թող երկիրը չդարձնեին ավտորիտար: Նրանք հենց դրանով երկիրը 20 տարի հետ գցեցին համաշխարհային բոլոր գործընթացներից: Դրա մասին պետք է մտածեն: Այդ ասողները թող մտածեին, որ չպետք է կեղծեին 1995, 1996, 1998, 2003թ. ընտրությունները: Գործող սահմանադրությունը չէր, որ նրանց թույլ էր տալիս երկիրը դարձնել օլիգարխիկ, կոռումպացված երկիր: Այնպես որ` այդ փաստարկները բացարձակ համոզիչ չեն: Ավելին, «այո» քարոզողներն այդպես էլ որեւէ լուրջ հիմնավորում չեն կարողանում գտնել «այո» ասելու համար:
– Ի՞նչ եք կարծում, լուրջ փաստարկ չէ՞ նաեւ այն, որ եթե փոփոխությունները չընդունվեն, ապա ԵԽ-ն, որի պահանջով էլ կատարվում են այս փոփոխությունները, խիստ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ:
– Իհարկե ոչ: Նման բաներ չկան, եւ չի կարելի այդպիսի բաներ ասել ժողովրդին: Սահմանադրության բարեփոխումները ԵԽ անդամակցության պարտավորություններից է դեռեւս 2000թ.: ԵԽ-ն որոշ օրենքների փոփոխություն էր պահանջում, եւ, բնականաբար, խնդիր էր դրել նաեւ, որ դրանք լինեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Բայց ԵԽ-ն չի առաջարկել, որ այդ փոփոխությունների մեջ այնպիսի նորմեր գրեն, ինչպիսին նախագահի անձեռնմխելիությունը կամ սահմանների փոփոխության հնարավորությունն է: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա պետք է հիշեցնեմ, որ 2003թ. էլ չանցավ հանրաքվեն: Ի՞նչ եղավ: ԵԽ-ից հանեցի՞ն Հայաստանին: Չէ: ԵԽ-ում նման խնդիր դրված չէ եւ նման մոտեցում Հայաստանի նկատմամբ գոյություն չունի: ԵԽ-ն Հայաստանից ժողովրդավարական գործընթացներ է ակնկալում: ՀՀ-ին հաստատ ԵԽ-ից կհեռացնեն այն դեպքում, եթե «այո» ասողներն ու իշխանությունները 2003թ. ընտրությունների նման կես միլիոն քվեաթերթիկ նորից կեղծեն:
– Դուք է՞լ եք մյուս ընդդիմադիրների նման ձեր «ոչ»-ը հիմնավորում նրանով, թե` այս իշխանությունները բարոյական իրավունք չունեն փոփոխություններ կատարել երկրի Մայր օրենքում, որն անընդհատ խախտում են կամ` նրանց ներկայացրած ցանկացած նախաձեռնության պետք է ասել «ոչ»:
– Այս տարիների ընթացքում գործող իշխանությունները ոչ մի հույս չեն ներշնչում ո՛չ ինձ, ո՛չ էլ ժողովրդին, որ իրենք որեւէ դրական գործընթացի նախաձեռնողներ են Հայաստանում: Այս կառավարությունն արդեն հինգ տարի է գործում է, կարո՞ղ եք ասել, որ վարչապետը բարեփոխումների երկու նախաձեռնությամբ հանդես է եկել: Չկա նման բան, եւ իշխանությունն իր առջեւ մեկ նման խնդիր չի էլ դրել: Նրանք միայն իշխանությունը պահելու մասին են մտածում: Նրանք առիթ չեն տվել մեզ մտածելու, որ ցանկություն ունեն լուրջ բարեփոխումներ իրականացնելու: Եթե նման ցանկություն ունենային, նման խայտառակ խորհրդարան կհավաքեի՞ն, 2005թ. նման խայտառակ ՏԻՄ ընտրություններ կանցկացնեի՞ն, երկրի տնտեսությունը կմոնոպոլիզացնեին ու կտային օլիգարխիկ համակարգի՞ն… Այսինքն` իշխանություններից որեւէ դրական, առողջ զարգացման միտում չեմ նկատել: Հիմա էլ ամեն ինչ փաթաթում են գործող սահմանադրության վրա ու ասում են, թե այդ ամեն ինչին դա էր խանգարում: Ասում են` մարդու իրավունքների, դատական համակարգի մասին հոդվածները որ փոխվեն, ամեն ինչ լավ կլինի: Ծիծաղելի բաներ են, որովհետեւ, ի վերջո, նրանց նորից նախագահն է նշանակում: Թող ժողովրդի մոտ նման կեղծ կատեգորիաներով չխոսեն: Մանավանդ այն մարդիկ, ովքեր այսօր դարձել են մեծ քարոզիչներ, ովքեր քծնում են կոալիցիային, պտտվում են նրա շուրջը, որպեսզի լափամանից էլի ինչ-որ բաներ պոկեն: Այ, դրանք են ինձ մոտ նողկանք առաջացնում: Այն, որ կոալիցիան, իշխանություններն են պաշտպանում իրենց դիրքորոշումը` հասկանալի է: Իշխանություն ունեն, ուզում են պահպանել: Բայց նրանց կողքերով վազող այդ մարդիկ (եթե կարելի է նրանց մարդ անվանել), ովքեր քծնանքով ու հորթի ոգեւորությամբ միացել են այդ գործընթացին` զզվանք են առաջացնում ընդամենը: Այնպես որ` ինձ մոտ գոնե չկա այն հավատը, որ ամեն ինչ կախված է սահմանադրական փոփոխություններից: Սա էլ է ֆարս եւ դրանից ոչինչ չի փոխվի մեր կյանքում, եթե ասենք` «այո», եւ ընդունվի: Դրանից կոռուպցիան չի պակասի, դատավորներն օրինական որոշումներ չեն կայացնի, ընտրություններն ազատ ու թափանցիկ չեն անցնի:
– Ձեզ չզարմացրե՞ց Ջոն էվանսի վերջին հայտարարությունը, թե ԱՄՆ կառավարությունը դեմ է «փողոցային իշխանափոխություններին», այն դեպքում, երբ երկու ամիս առաջ հենց նա էր հայերին կոչ անում կեղծիքներ բացահայտելու դեպքում դուրս գալ փողոց:
– Դա պետք է Ջոն Էվանսին հարցնել, միայն նա կարող է պատասխանել, թե ինչո՞ւ է քսան օրվա տարբերությամբ հակասական հայտարարություններ անում: Բայց հասկանում եմ. բոլոր երկրների դիվանագետներն են այդպիսին: Մանավանդ` ԱՄՆ-ի, որի ամեն մի խոսքը հնչեղ է: Պետք է ընդունենք, որ աշխարհում միայն ԱՄՆ-ի խոսքն է հնչեղ, հատկապես մեր կարգի երկրներում, որտեղ դեսպանի խոսքը շատ որոշիչ է: Իսկ ի՞նչ եք կարծում, դեսպանն այլ բան պետք է ասե՞ր: Ամեն դեպքում` նա լուրջ երկիր է ներկայացնում:
– Խոսքը հակասությունների մասին է:
– Գիտեմ, մինչեւ հանրաքվեն ուրիշ բաներ էլ կասի: Դա դիվանագիտություն է:
– Ընդդիմության արշավ-ակցիաները որեւէ արդյունք կունենա՞ն, եթե հաշվի առնենք «այո» քարոզողների հզոր բանակը, որին միացան նաեւ 120 մտավորականներ:
– Ես մեծ կյանք եմ ապրել եւ այդ մտավորականներին տեսել եմ: Տեսել եմ, թե Խորհրդային Միության ժամանակ ինչպես էին ծափ տալիս այդ մտավորականները, ինչպես էին քննադատում Սոլժենիցինին կամ Սախարովին: Նրանք միշտ են փոխվում, տաշտի կողքին կանգնած մտավորականներ են: Ցավում եմ, որ անկախ Հայաստանում նորից նույն ոգին է մնացել, ինչ Խորհրդային երկրում էր: Ինձ համար մեծագույն արժեք են եղել նրանք, բայց ցավում եմ, որ սկսում եմ չհարգել: Չեմ հարգում ոչ թե այն բանի համար, որ այսօր «այո» են ասում: Նրանք պարբերաբար բոլորին քծնում ու ծառայում են, չի կարելի այդպես: Դա վտանգավոր է: Այսօր այլասերել են թե՛ քաղաքականության, թե՛ մտավորականության դաշտը: Չի կարելի մի կտոր հացի ֆորմուլան դարձնել գերակայող ու ասել` մի կտոր հաց է, տանենք երեխեքին: Սա վտանգավոր է նաեւ գործող իշխանությունների համար, որովհետեւ այդ նույն մտավորականները, ովքեր այսօր քծնում են իրենց, միառժամանակ հետո, հենց իրենք չլինեն, վայրի հաչոցով հարձակվելու են հաջորդ իշխանության վրա ու պահանջելու են, որ այս իշխանություններին կախաղան հանեն: Հավատացեք` նույն իրենք են դա անելու: Փորձն է ցույց տալիս, չէ՞: Իսկ մեր գործողություններն ուղղված են ժողովրդին: Անձի խնդիր չէ հիմա դրված, որ ասեն` սրան սիրում եմ, սրան` ոչ: Համոզված եմ, ժողովուրդը չի էլ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը: Հոդված առ հոդված չի կարդալու: «Այո» կամ «ոչ» քվեարկելով` նրանք ասելու են` վստահո՞ւմ են այս իշխանություններին, թե՞ ոչ: