ԱՐՎԵՍՏԸ
Ամենադժվար արվեստը ազատ ապրելն է: Ճիշտ է, ազատ չի նշանակում` անամոթ:
ԱԶԱՏԱՄԻՏՆԵՐԸ
Ազատամիտների թուլությունն այն է, որ նրանք ազատամիտ են: Նրանք պատրաստ չեն, ինչպես մոլեռանդները, դաժան մարտերի:
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Ճակատագիրը` զղջանքի զավակն է: Կամ զղջանքը` ճակատագրի զավակն է:
ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Նրա երջանկությունն այն է, որ կրթված չէ: Միաժամանակ նրա դժբախտությունն այն է… Օ՜հ, այս ամենը որքան տաղտկալի է:
ԱՐՁԱԿԱԳԻՐԸ
Լավագույն արձակագիրը` կյանքով իմաստնացած բանաստեղծն է:
ԲԱՌԸ
Յուրաքանչյուր խոսք, պղնձադրամի պես, երկու կողմ ունի: Օրինակ, «զգայուն» բառի կողմերից մեկը` «երկչոտն է», ոչ ավելին:
ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ
«Ես չեմ հավատում Աստծուն: Բայց հավատում եմ նյարդերին»:
ԱՊՈՒՇԸ
Ապուշը, իրենից բացի, բոլորին ապուշ է համարում:
ԿԵՆԱՑ ՏԱՂԱՆԴԸ
Ատելը` կենաց տաղանդներից մեկն է:
ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ
Հնում մարդիկ ապաշխարում էին Աստծո առաջ: Այսօր մարդիկ ապաշխարում են հասարակության առաջ: Հավանաբար, ոչ ոք, ի բացառյալ ապուշների եւ սրիկաների, չի կարող առանց ապաշխարանքի հաղթահարել կենաց դժվարությունները:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Թե որքան կարելի է հավատալ համանման ապաշխարանքներին` դա արդեն այլ հարց է:
«ՆՈՐ ԿՅԱՆՔԸ» ԸՆԹԵՐՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Արդյո՞ք դա իրականում «նոր կյանք» էր:
ՏՈԼՍՏՈՅԸ
Կարդալով Բիրյուկովի «Տոլստոյի կենսագրությունը», հասկանում ես, որ «Իմ խոստովանանքը» եւ «Որն է իմ հավատը»` սուտ է: Սակայն ոչ մեկի սիրտը չի տառապել այնպես, ինչպես Տոլստոյինը, այդ սուտը պատմող սիրտը: Նրա սուտն ավելի ուժգին էր արնահոսում, քան ոմանց ճիշտը:
ԵՐԿՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Ստրինդբերգի կյանքի ողբերգությունը բացությունն էր: Տոլստոյի կյանքի ողբերգությունը, որքան էլ դա ցավալի է, բացությունը չէր: Այդ պատճառով վերջինիս կյանքն ավարտվեց ավելի մեծ ողբերգությամբ, քան առաջինինը:
ՍՏՐԻՆԴԲԵՐԳԸ
Նա ամեն ինչ գիտեր: Եվ դրա հետ մեկտեղ` անամոթխած իր այդ գիտելիքներն ի ցույց էր դնում: Անամոթխած… Ոչ, ինչպես եւ մենք, որոշակի հաշվարկով:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ստրինդբերգն իր «Լեգենդներում» պատմում է, որ ջանացել է սեփական փորձից իմանալ` մահը տառապալի՞ է, թե՞ ոչ: Բայց այդպիսի փորձը կատակ բան չէ: Նա էլ մեկն էր նրանցից, որ «ուզում էր, բայց չէր կարողանում մահանալ»:
ՈՄՆ ԻԴԵԱԼԻՍՏ
Նա դույզն-ինչ չէր կասկածում, որ իր էությամբ ռեալիստ է: Բայց նա ինքն իրեն իդեալականացնում էր:
ՎԱԽԸ
Սպառազինվել մեզ ստիպում է թշնամու հանդեպ վախը: Ընդ որում, շատ հաճախ` գոյություն չունեցող, երեւակայական թշնամու հանդեպ:
ՄԵՆՔ
Մենք բոլորս ամաչում ենք մեզանից եւ միաժամանակ վախենում: Ոչ մեկն անկեղծորեն դա չի խոստովանում:
ՍԵՐԸ
Սերը` դա սեռական հակման բանաստեղծական արտահայտությունն է: Համենայն դեպս, բանաստեղծորեն չարտահայտված սեռական հակումը, չարժե, որ սեր կոչվի:
ՆՈՒՐԲ ԳԻՏԱԿԸ
Նա իրոք որ գիտակ էր: Նա նույնիսկ սերն առանց սկանդալի չէր պատկերացնում:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Միակ զգացումը, որ ընդհանրական է բոլոր մարդկանց համար` մահվան վախն է: Հավանաբար, պատահական չէ, որ ինքնասպանությունը դատապարտվում է, որպես անբարոյական արարք:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Մոնտենի ինքնասպանության պաշտպանությունը ինչ-որ բանում ճիշտ է: Ինքնասպանություն գործողները ոչ թե պարզապես այն չեն գործում: Նրանք չեն կարողանում այն գործել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Եթե ուզում ես մահանալ, կարելի է մահանալ ցանկացած պահին: Դե, փորձիր դա անել:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ավարտին բերենք մի հեղափոխությունը, սկսենք նորը: Այդ ժամանակ մենք կկարողանանք առավել գիտակցաբար, քան այսօր, կրել կենաց դժվարությունները:
ՄԱՀԸ
Մայնլենդերը հնարավորինս ճիշտ է նկարագրում մահվան հմայքը: Իսկապես, ինչ-որ պահի ճաշակելով մահվան հմայքը, դրա ճանկերից պրծնելը հեշտ չէ: Ավելին, պտտվելով նրա շուրջ, մենք ավելի ու ավելի ենք մոտենում նրան:
«ԱՅԲՈՒԲԵՆԱՅԻՆ ԹԱՆԿԱ»
Կյանքին անհրաժեշտ բոլոր կենաց գաղափարները սպառված են «այբուբենային թանկայում»:
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Ժառանգականությունը, հանգամանքները, պատահականությունը` ահա երեք գործոն, որ կանխորոշում են մեր ճակատագիրը: Բերկրողները կարող են բերկրել: Այլոց չդատապարտելը` անբարոյական է:
ԾԱՆԱԿՈՂՆԵՐԸ
Ուրիշներին ծանակողները վախենում են, որ իրենց էլ կծաղրեն:
ՄԻ ՃԱՊՈՆԱՑՈՒ ՓԱՌՔԸ
Տվեք ինձ Շվեյցարիան: Կամ, դե թեկուզ, խոսքի ազատություն:
ՄԱՐԴԿԱՅԻՆԸ, ՇԱՏ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ
Մարդկայինը, շատ մարդկայինը, որպես կանոն, ինչ-որ անասնային բան է:
ՈՄՆ ԽԵԼՈՔ
Նա համոզված էր, որ սրիկա կարող էր դառնալ, բայց ապուշ` երբեք: Անցան տարիներ` սրիկա նա այդպես էլ չկարողացավ դառնալ, իսկ ապուշ դարձավ:
ՀՈՒՅՆԵՐԸ
Օ՜ հույներ, որ Զեւսին դարձրիք վրիժառության աստված: Ձեզ ամեն ինչ հայտնի էր:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Բայց դա միաժամանակ ցույց է տալիս, թե մարդկությունը որքան դանդաղ է առաջընթաց ապրում:
ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ
Մարդու իմաստությունն անհամատեղելի է ժողովրդի իմաստությանը: Եթե միայն այն ավելի հասկանալի լիներ…
ՈՄՆ ԱՆՁՆՎԵՐ ՈՐԴԻ
Նա նվիրված էր մորը: Իմանալով, իհարկե, որ իր փաղաքշանքներն ու համբույրները մայր-այրու մխիթարանքն են:
ՈՄՆ ՍԱՏԱՆԻՍՏ
Նա բանաստեղծ-սատանիստ էր: Բայց, անշուշտ, իրական կյանքում նա մեկ անգամ էր լքել իր անվտանգ կացարանը, եւ բավական տառապանքներ կրեց:
ՈՄՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ
Մի անգամ ինչ-որ բացարձակ դատարկ բանից նա որոշեց ինքնասպանությամբ կյանքին վերջ տալ: Բայց այդպիսի դատարկ բանից կյանքին վերջ տալը վիրավորում էր նրա ինքնասիրությունը: Ատրճանակը ձեռքին նա գոռոզաբար արտաբերեց. «Նույնիսկ Նապոլեոնը, երբ նրան լու կծեց, լոկ մտածեց` «Քոր է գալիս»:
ՈՄՆ ՁԱԽ
Նա գերձախերից ձախ էր: Եվ այդ պատճառով արհամարհում էր գերձախերին:
ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ
Մեր բնավորության առանձնահատկությունը, ամենաակնառու առանձնահատկությունը` մեր գիտակցությունը հաղթահարելու ձգտումն է:
ԳՈՌՈԶԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամենից շատ մենք ուզում ենք հպարտանալ այն բանով, ինչը որ չունենք: Ահա օրինակ: Տ.-ն հիանալի տիրապետում է գերմաներենին: Բայց նրա սեղանի վրա միշտ անգլերեն գրքեր են դրված:
ԿՈՒՌՔԸ
Ոչ ոք չի առարկում կուռքերը տապալելու դեմ: Բայց միաժամանակ եւ չի առարկում այն բանի դեմ, որպեսզի հենց իրեն կուռք դարձնեն:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Սակայն ոչ մեկը չի կարող կուռք ստեղծել: Ի բացառյալ, անշուշտ, ճակատագրի:
ԴՐԱԽՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Դրախտի բնակիչներն ամենից առաջ պիտի զուրկ լինեն փորից եւ երեխածնության օրգանից:
ՈՄՆ ԵՐՋԱՆԻԿ
Նա ամենքից պրիմիտիվ էր:
ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ
Ինքնախարազանման ամենացայտուն հայտանիշը` ամեն ինչի մեջ սուտ տեսնելն է: Չէ, ոչ միայն դա: Նաեւ սուտը տեսնելիս` դույզն-ինչ բավականություն չստանալը:
ՀԱՅԱՑՔ ԿՈՂՔԻՑ
Վաղնջական ժամանակներից ի վեր ամենախիզախը թվում էր նա, ով ամենավախկոտն էր:
ՄԱՐԴԿԱՅԻՆԸ
Մենք` մարդիկ, տարբերվում ենք այն բանով, որ գործում ենք սխալներ, որոնք երբեք չեն գործում աստվածները:
ՊԱՏԻԺԸ
Ամենասարսափելի պատիժը` պատժված չլինելն է: Իսկ եթե աստվածները պատժից ազատեն… Բայց դա արդեն այլ հարց է:
ՈՃԻՐԸ
Ավանտյուրային գործողությունները բարոյականության եւ օրենքի ոլորտում` դա հենց ոճիր է: Որովհետեւ ցանկացած ոճիր պարուրված է լեգենդարությամբ:
ԵՍ
Ես խիղճ չունեմ: Ես ունեմ միայն նյարդեր:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես հաճախ մտածում եմ շրջապատողների մասին. «Դե, թեկուզ դու մեռնեիր»: Բայց չէ՞ որ նրանց մեջ կան նաեւ մոտիկ բարեկամներ:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես հաճախ մտածում եմ. «Երբ ես սիրահարվում էի ինչ-որ կնոջ, նա միշտ սիրահարվում էր ինձ: Ինչ լավ կլիներ, որ երբ ես սկսեի նրան ատել, նա նույնպես սկսեր ինձ ատել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Տասներեք տարեկանից հետո ես հաճախ էի սիրահարվում եւ սկսում էի քնարական բանաստեղծություններ հորինել, բայց միշտ ազատվում էի սիրուց, շատ հեռու չգնալով: Դա բացատրվում էր ոչ այն բանով, որ ես չափազանց բարոյական էի: Պարզապես ես չէի մոռանում ինչպես հարկն է ամեն ինչ ծանր ու թեթեւ անել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ցանկացած, նույնիսկ ամենասիրելի կնոջ հետ ինձ համար տաղտկալի էր մեկ ժամից ավելի խոսելը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես շատ անգամ եմ ստել։ Բայց երբ ես փորձում էի գրառել արտաբերածս սուտը, այն անսահմանորեն խղճուկ էր դառնում:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես երբեք չեմ տրտնջում, երբ ստիպված եմ լինում ինչ-որ մեկի հետ` նույն կնոջ հետ կապի մեջ լինել: Բայց եթե, դժբախտաբար կամ բարեբախտաբար, այդ այլ տղամարդուն ինչ-որ պահի դա անհայտ է մնում, ես սկսում եմ այդ կնոջ հանդեպ զզվանք ապրել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես կարող եմ սիրել կնոջ, ով, ինչ-որ մեկին սիրելով, խաբում է ամուսնուն: Բայց խորին զզվանք եմ տածում այն կնոջ հանդեպ, ով ինչ-որ մեկին սիրելով, քամահրում է երեխաներին:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ինձ սենտիմենտալ են դարձնում միայն անմեղ երեխաները:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Երբ ես դեռ երեսուն տարեկան չկայի, սիրում էի մի կնոջ: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես շատ մեղավոր եմ ձեր կնոջ առաջ»: Ես կնոջս հանդեպ ոչ մի մեղավորություն չէի զգում: Բայց այդ կնոջ խոսքերը հոգիս ցնցեցին: Եվ ես մտածեցի. «Գուցե՞ ես այս կնոջ առաջ եմ մեղավոր»: Ես մինչեւ հիմա նրա հանդեպ քնքշանք եմ զգում:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես փողի նկատմամբ անտարբեր էի: Անշուշտ, այն պատճառով, որ ապրելու համար այն ինձ միշտ բավականացրել է:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես ծնողներիս հանդեպ հարգալից էի: Որովհետեւ նրանք տարեց մարդիկ էին:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Իմ երկու-երեք ընկերներին ես երբեք չեմ ստել, թեպետ եւ ճիշտը չէի ասում: Որովհետեւ նրանք էլ ինձ չէին ստում:
ԿՅԱՆՔԸ
Եթե նույնիսկ մի հեղափոխությանը հետեւի մյուսը, մարդկանց կյանքը, ի բացառյալ «ընտրյալ փոքրամասնության», անուրախ կմնա: «Ընտրյալ փոքրամասնությունը»` ապուշների եւ սրիկաների այլ անվանումն է:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Եվ Շեքսպիրը, եւ Գյոթեն, եւ Լի Թայ-բոն, եւ Տիկամացու Մոնձաեմոնը մահանում են: Բայց արվեստը սերմեր է թողնում ժողովրդի հոգում: 1923 թվականին ես գրել եմ. «Թող թանկարժեք բանը ջարդվի, բայց կղմինդրը կմնա»: Ես այսօր էլ համոզված եմ դրանում:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Լսիր մուրճի հարվածների ռիթմը: Քանի դեռ այդ ռիթմը հնչում է, արվեստը չի կործանվի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես` իհարկե, պարտություն կրեցի: Բայց այն, ինչը ստեղծել է ինձ, անկասկած, ինչ-որ մեկին էլ է ստեղծում: Մի ծառի կործանումը` քիչ նշանակություն ունեցող խնդիր է: Քանի դեռ գոյություն ունի վիթխարի երկիրը, որ իր մեջ անհամար սերմեր է կրում:
ՄԻ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐՈՎ ԻՆՁ ԱՅՑԻ ԵԿԱԾ ՄԻՏՔԸ
Քունը մահից հաճելի է: Համենայնդեպս, նրան տրվելն ավելի հեշտ է` դա անկասկած:
ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ «ԳԱՃԱՃԻ ԽՈՍՔԵՐԻՆ»
ՄԻՍՏԻՑԻԶՄԸ
Քաղաքակրթությունը չի թույլ տալիս, որ միստիցիզմն ընկրկի կամ անհետանա: Ավելին, այն նրան արագընթաց առաջ ընթանալու հնարավորություն է տալիս: Հնում մարդիկ հավատում էին, որ մեր նախահայրը` Ադամն է: Այդ իմաստով նրանք հավատում էին «Գիրք Ծննդոցին»: Ժամանակակից մարդիկ, նույնիսկ դպրոցականները, հավատում են, որ իրենք կապիկից են առաջացել: Այդ իմաստով, նրանք հավատում են Դարվինին: Այսպիսով, թե հին, եւ թե ժամանակակից մարդիկ անփոփոխորեն հավատում են գրքերին: Ավելին, մարդիկ հնում միշտ իրենց առջեւ ունեին «Ծննդոց Գիրքը»: Իսկ ժամանակակից մարդիկ, ի բացառյալ մի քանի մասնագետների, չեն կարդացել Դարվինի գրքերը եւ հավատում են նրա տեսությանը միանգամայն անտարբերորեն: Համարել, որ մենք կապիկից ենք առաջացել, փայլուն, պայծառ հավատ չէ, ի տարբերություն հավատի առ երկիրը, որին դիպչել է շունչն Աստծո, առ այն, որ մեր նախահայրը եղել է Ադամը:
Խոսքը միայն էվոլյուցիոն տեսության մասին չէ: Մարդիկ, ովքեր որ իսկապես գիտեն, որ Երկիրը կլոր է, շատ քիչ են: Իսկ մեծամասնությունը, ինչպես նրանց ուսուցանել են դպրոցում, սոսկ հավատում են այն նկարին, որի վրա պատկերված է կլոր Երկիրը: Հարցրեք նրանց, թե ինչու է այն կլոր, ոչ ոք, սկսած բարձրագույն հիմարներից, պրեմիեր մինիստրից, եւ վերջացնելով ցածրագույն հիմարներով, չինովնիկներից, չի կարող պատասխանել` դա փաստ է:
Բերենք մի օրինակ եւս` ժամանակակից մարդկանցից եւ ոչ մեկը, ինչպես, ասենք, մարդիկ հնում, ուրվականներին չի հավատում: Բայց մինչեւ այժմ, ժամանակ առ ժամանակ, պատմում են տեսած ուրվականների մասին:
Եվ ուրեմն ինչո՞ւ չեն հավատում այդ պատմություններին: Որովհետեւ այդ ուրվականներ տեսնողները սնահավատությունների իշխանության ներքո են: Ինչո՞ւ են ուրեմն նրանք համակված սնահավատություններով: Որովհետեւ ուրվականներ են տեսնում: Համանման փաստարկումը, անշուշտ, ընդամենը տրամաբանական սխալ է, որը արատավոր շրջան է կոչվում:
Առավել եւս, որ բարդագույն հարցերը հիմնված են միայն հավատի վրա: Մենք բանականությանը ուշք չենք դարձնում: Ընդհակառակը, ուշք ենք դարձնում միայն դրա սահմաններից դուրս եկող ինչ-որ բաներին: Ես ասում եմ` «ինչ-որ բաներին», որովհետեւ ճիշտ բառի փնտրտուքներում որեւէ ավելի հարմար բան չգտա: Բայց եթե համենայն դեպս ջանանք գտնել համապատասխան բառը, որ կարելի էր օգտագործել «ինչ-որ բանի» փոխարեն, կարելի է դիմել, օրինակ, այնպիսի սիմվոլների, ինչպիսին են` վարդը, ձուկը, մոմը: Դրա համար վատ չէ նաեւ մեր գլխարկը: Հար եւ նման այն բանին, որ մենք փետրազարդ գլխարկի փոխարեն` ծղոտե գլխարկ ենք կրում, առանց խորհրդածելու հավատում ենք եւ այն բանին, որ մեր նախնիները կապիկից են առաջացել, հավատում ենք ուրվականների գոյությանը, հավատում ենք, որ Երկիրը կլոր է: Նրանք, ովքեր մտածում են, թե ես ստում եմ, թող հիշեն, թե ինչպես էին Ճապոնիայում ողջունում պրոֆեսոր Էյնշտեյնին եւ նրա հարաբերականության տեսությունը: Դա միստիցիզմի խրախճանքն էր: Դա անհասանելի հանդիսավոր ծես էր: Ինչու էին բոլորը համակված այդպիսի խելահեղ խանդավառությամբ, չգիտի նույնիսկ «կայդաոյի» ղեկավար պարոն Յամամոտոն:
Էյնշտեյնը մեծ միստիկ չէր, ինչպես, ասենք, Սվեդենբորգը կամ Բյոմեն: Մենք իրոք քաղաքակիրթ մարդիկ ենք: Միաժամանակ մեր հավատը ի ցույց չի դրվում Միցուկոսիի ցուցափեղկում: Մեր հավատը երբեմն ղեկավարում է դժվարաբացատրելի մոդան: Կամ էլ Աստծո կամքի հանգույն` մոլությունները: Համենայն դեպս, անկարելի բավականություն չապրել լոկ այն մտքից, որ Սի Շին եւ Կեո-կունը կապիկից են առաջացել:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՄԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՔԵՐԸ
Այսպիսով, ես մտա ինքնապաշտպանության խմբի մեջ: Այս գիշեր աստղերը պաղ լույս են առկայծում ծառերի ճյուղերի վրա: Ոնց որ թե թեթեւ քամի փչեց: Դե ահա, կպառկեմ այս հյուսածո թախտի վրա, մանիլյան սիգար կծխեմ եւ հաճույքով գիշերով կհերթապահեմ: Եթե կոկորդս չորանա, կարելի է տափաշշից մի կում վիսկի խմել: Բարեբախտաբար, գրպանումս շոկոլադ է մնացել:
Ունկ դիր, բարձրուղեշ ծառերի ճյուղերի վրայի բներում թռչունները հուզավառ են: Մի՞թե դու չգիտես, որ բոլորովին վերջերս տեղի ունեցած երկրաշարժի պատճառով այդպիսի վիճակում հայտնվեցին նույնիսկ նրանք: Բայց մենք` մարդիկ, կորցնելով հագուստը, ուտելիքը, մեր կացարանները, այսինքն` ամեն ինչ, ինչը որ մտնում է «կենաց բարիքներ» հասկացության մեջ, անասելի տառապանքներ ենք կրում: Ոչ, բանը միայն հագուստը, կերը, կացարանը չէ: Մենք փոքր-ինչ անհարմարություն զգում ենք նույնիսկ այն դեպքում, երբ չենք կարողանում լիմոնադ խմել: Ինչ խղճուկ անասուն է մարդ կոչվող երկոտանի գազանը: Այն բանից հետո, երբ կորսված է քաղաքակրթությունը, մենք պետք է պահպանենք մի վերջին բանը` մեր կյանքը, որի հուրը հազիվ թրթռում է քամու ներքո: Տես` թռչուններն էլ արդեն սուսիկ քնած են: Թռչունները, որոնց անհայտ են փափուկ վերմակներն ու բարձերը:
Թռչուններն արդեն սուսիկ քնած են: Եվ նրանց երազները մերիններից խաղաղ են: Նրանք ապրում են լոկ ներկայով: Իսկ մենք` մարդիկ, պետք է ապրենք դեռ անցյալով եւ ապագայով: Դա նշանակում է, որ պիտի տառապանքներ կրենք զղջանքների ու անհանգստությունների համար։ Եվ ի՜նչ մռայլ կարտացոլվի այդ ամենը, առաջին հերթին մեր ապագայի վրա։ Մեծ երկրաշարժը: Ասես ամեն ինչ իսպառ վառվել է, եւ մենք, այրվելով այսօրվա քաղցից, տառապում ենք այն քաղցից, որ վաղն է վրա գալու: Թռչուններին համանման տառապանքները, բարեբախտաբար, անհայտ են: Չէ, ոչ միայն թռչուններին: Նրանք, ում հասու են տառապանքները գոյության երեք փուլերում, սոսկ մենք ենք` մարդիկ:
Կաձումոյի Յակումոն ասում էր, կարծեմ, որ ուզում է ոչ թե մարդ, այլ թիթեռ դառնալ: Թիթեռ… չնայած այն թիթեռին: Եթե երջանկությունը` դա դժբախտությունների նվազագույնն է, ապա թիթեռը, հավանաբար, մեզնից երջանիկ է: Սակայն մենք` մարդիկ, եւ բերկրանքներ ենք ապրում, որոնք անհայտ են թիթեռին: Թիթեռին, երեւի թե, հասու չէ այն տրտմությունը, ինչպիսին է սիրո քայքայումի կամ կորստյան հետ կապված ինքնասպանությունը: Բայց մի՞թե թիթեռը կարող է, մեզ նման, բերկրալի հույսեր փայփայել: Ես մինչեւ հիմա հիշում եմ, ինչպես հինավուրց մայրաքաղաք Լոյաշում, լուսնի լույսով հազիվ լուսավորված, ես խղճում էի անհամար թիթեռներին, որոնք չգիտեին Լի Թայ-պոյի եւ ոչ մի տողը:
Սակայն Շոպենհաուերը… դե լավ, թողնենք փիլիսոփաներին: Ճիշտ է, միայն մի բան, այսպես թե այնպես, մենք քիչ բանով ենք տարբերվում այնտեղ հավաքված բյուրավոր թիթեռներից: Իսկ եթե դա ճիշտ է, ապա պետք է ավելի շատ հոգ տանել այն ամենի համար, որ կապված է մարդկային զգացմունքների հետ: Բնությունը սոսկ անտարբեր նայում է մեր տառապանքներին: Մենք պետք է միմյանց խղճանք: Առավել եւս, չի կարելի ուրախանալ կոտորածի համար` չէ՞ որ քո ախոյանին խեղդելը շատ ավելի հեշտ է, քան վեճի մեջ նրան հաղթելը: Մենք պետք է միմյանց խղճանք: Մի՞թե այդ մասին չի խոսում Շոպենհաուերի հոռետեսական փիլիսոփայությունը:
Ոնց որ թե արդեն կեսգիշեր է: Իմ գլխավերեւում առաջվա պես աստղերը պաղ լույս են առկայծում: Լսիր, վիսկիից կում արա: Շարունակելով պառկել թախտի վրա, ես որոշեցի շոկոլադս կրծել:
ՆՈՐԵԼՈՒԿ ԹԽԿԻՆ
Բավ է, որ ձեռքով դիպչես նորելուկ թխկիին, եւ նրա ճյուղերը պատած նորահայտ շիվերը, նյարդերի հանգույն, սկսում են թպրտալ: Բույսի նյարդայնությունը:
ԴՈԴՈՇԸ
Չինական մեխակի ամենագեղեցիկ գույնն ունի դոդոշի լեզուն:
ԱԳՌԱՎԸ
Մի անգամ ձյունատեղումից հետո պարզկա եղանակին, երբ արդեն վրա էր հասնում մթնշաղը, հարեւան տան կտուրին ես երկնագույն ագռավ տեսա: