Խնդիրները լուծվելու են Երեւանում

02/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Սահմանադրության փոփոխությունների նախագծին «Ոչ» քարոզող 17 ընդդիմադիր կուսակցությունները շաբաթ օրն աննախադեպ համատեղ ակցիա էին կազմակերպել: Իրենց դիրքորոշումը քարոզելու նպատակով «ո՛չ» մակագրությամբ ծիրանագույն դրոշներով զարդարված ավտոշարասյունը Երեւանի Շահումյան հրապարակից մեկնեց դեպի Շիրակի մարզ:

Աշտարակ եւ Թալին քաղաքներից ու բոլոր այն հարակից գյուղերից, որտեղով անցավ «ոչ»-ի շարասյունը, ակցիային միացան նաեւ այլ համակիրներ: Այնպես որ, Գյումրի ժամանելիս «ոչ»-ի շարասյան մեջ ավելի քան 150 մեքենա էր: Բայց մինչ Գյումրի հասնելը, «ոչ»-ի քարոզիչները փոքրիկ հանդիպումներ ունեցան Շիրակի մարզի Մարալիկ եւ Արթիկ քաղաքներում: Ու չնայած սարսափելի ցուրտ եղանակին (Շիրակի մարզում շաբաթ առավոտյան ձյուն էր տեղացել), բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Իսկ Գյումրիում հանրահավաքի եկածների թիվը սպասվածից քիչ էր՝ շուրջ 2 հազար մարդ: Բայց ընդդիմության ներկայացուցիչներին այստեղ ընդունեցին ջերմությամբ: Ինչպես հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» ժամանակ ինքը եղել է Թբիլիսիում եւ լավ հիշում է, որ ընդդիմության հանրահավաքներին ավելի քիչ մարդ էր հավաքվում: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ քաջալերեց. «Ճիշտ է, քիչ մարդ է հավաքված, բայց նպատակին հասնելու համար` ինչքան որ եկել եք, էդքանն էլ բավարար է: Մտածեք, որ այս իշխանություններին քշելու համար շատ մարդ պետք էլ չի»: Արամ Սարգսյանի խոսքերով, «ոչ»-ի քարոզարշավն իրենք միտումնավոր են առաջինը Գյումրիից սկսել, քանի որ «այստեղ սառույց է կոտրվում, այստեղ իշխանության դիմադրությունն է կոտրվում: Կարող էինք, չէ՞, գնալ Արարատի մարզ, Արարատ քաղաք, իմ գյուղը: Բայց չէ, ամենածանր տեղն ենք եկել, Գյումրին Հայաստանի ամենածանր տեղն է»,- ասաց Ա. Սարգսյանը: Եվ հիմա նա ժողովրդին կոչ արեց` մի կողմ դնել սահմանադրությունն ու դրա բովանդակությունը, քանի որ իրենք ուզում են սահմանադրական հանրաքվեն վերածել գործող իշխանությունների վստահության հանրաքվեի: «Սահմանադրությանը «ոչ» ասելու, քարոզ անելու նպատակ ես չունեմ: Երբ որ Գալուստ Սահակյանը, Տիգրան Թորոսյանը, Արմեն Ռոստոմյանը, կամ էլ էդ Գառնիկ Իսագուլյանը հեռուստատեսությամբ «այո» են քարոզում, դա լիովին բավարար է, որ էլ ոչ մի ընդդիմադիր «ոչ» չքարոզի»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: Իսկ ընդդիմությունը հանրապետության մարզերում շրջելու է միայն մեկ նպատակով՝ մարդկանց նոյեմբերի 27-ին Երեւան են հրավիրելու: «Մենք եկել ենք ձեզ հրավիրելու Երեւան: Նոյեմբերի 27-ին մինչեւ ժամը 12-ն արեք ձեր քվեարկությունը եւ եկեք Երեւան, որովհետեւ խնդիրներն այստեղ չեն լուծվում, խնդիրները լուծվելու են Երեւանում»,- Շիրակի մարզի բնակչությանը կոչ արեց Ա. Սարգսյանը: Ընդ որում, նա վստահ է, որ հանրաքվեի օրն իշխանությունները ճանապարհները չեն փակելու, քանի որ այդ օրը զբաղված են լինելու լցոնումներով ու ընտրության արդյունքները կեղծելով: Այնպես որ, «այս սահմանադրությունը Քոչարյանի համար երկու կողմից սրած բիզ է, սրանից փախչել չի կարողանալու»: Արամ Սարգսյանը գյումրեցիներին վստահեցրեց, որ Արեւմուտքն ամենեւին էլ կապ չի ունեցել հետխորհրդային երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների հետ: Այդ հեղափոխություններն արել են այդ երկրների ժողովուրդները, եւ այդ հարցում հայերս պետք է մեր հարեւաններին ապացուցենք, որ նրանցից պակասը չենք: Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ վստահեցրեց, որ իր առաջիկա պայքարի ժամանակ ընդդիմությունն այլեւս չի կրկնելու նախկինում թույլ տված իր սխալները: Նրա խոսքերով, այս անգամ արդեն ընդդիմությունը կես ճանապարհից ետ չի կանգնելու եւ անցնելու է Բաղրամյան 26-ի պարիսպները: «Այս անգամ որտեղ որեւէ լիդեր կանգնեց, մնացածն անցնելու են»,- հայտարարեց նա: Իսկ երբ Հայաստանում լուծված կլինի իշխանափոխության հարցը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով` այդ ժամանակ նոր կարող է խոսել Հայաստանում սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին: Նրա համոզմամբ, այսօր երկրի համար գերխնդիր են ոչ թե սահմանադրական փոփոխությունները, ավանդների վերադարձը, աշխատատեղերի ստեղծումը, այլ` իշխանությունն իր օրինական տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելը: Իսկ այսօր Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ Վ. Մանուկյանի բնութագրմամբ` «մի խումբ զոռբաների», որոնց պետք է ասել` «հերիք եղավ ու բոլ եղավ», ու քշել երկրից:

Ընդդիմության հետ Շիրակի մարզ էին ժամանել նաեւ մի խումբ մտավորականներ՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, Երվանդ Մանարյանը: Ե. Մանարյանի կարծիքով, ինքն այս տարիքում պետք է ոչ թե մասնակցեր հանրահավաքների, այլ հանգիստ իր տանը նստեր. «Ես ունեմ 5 տարեկան թոռ ու մեծապես մտահոգված եմ՝ երբ այդ հինգ տարեկան աղջնակն ինստիտուտ ընդունվելու լինի, իմ մասին ի՞նչ պետք է մտածի: Ես ի՞նչ երկիր եմ թողել իրեն: Ես տեսնում եմ, որ այսօր ակամա գտնվում եմ ստրուկի վիճակում: Սա ստրկություն է: Ամենածանր տեսակը ստրկամտությունն է»:

Դատելով հանրահավաքին եկած գյումրեցիների տրամադրվածությունից, իրենք պատրաստ են այլեւս չլինել իշխանությունների ստրուկը: Սակայն վստահ չեն, որ ընդդիմությունը պայքարի կիզակետում չի զիջի դիրքերը: «Պարոն Սարգսյան, մեր հավատը կորել է, այս անգամ էլ կգանք, բայց նայեք, որ այս անգամ գոնե մինչեւ վերջ առաջ գնաք, կարեւորը գործն է, հերիք է»,- հանրահավաքից հետո Ա. Սարգսյանին դիմեց գյումրեցի մի կին:

Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» քարոզող ընդդիմադիր հիմնական կուսակցություններից միայն ՀԺԿ-ն չէր մասնակցում լիդերի մակարդակով: Այդ կուսակցությունից համատեղ ակցիային ներկա էր միայն ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը: Իսկ Ստեփան Դեմիրճյանը նախօրեին եղել էր միայն Արթիկում: