«Ակտիվորեն մարզեր այցելություններ են կատարվում»,- սահմանադրական «Այո» շտաբի աշխատանքների ընթացքի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով երեկ հրավիրված բրիֆինգում տեղեկացրեց շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Պարզվում է, որ «այո» քարոզողներն արդեն հասցրել են լինել Արագածոտնի, Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերում: «Իսկ ինչո՞ւ այդ մասին նախօրոք չեն տեղեկացրել» հարցին Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Դա սկիզբն էր»: Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ովքեր են մասնակցել այդ հանդիպումներին, միայն հավաստիացրեց, որ նրանք գիտնականներ եւ պատգամավորներ են: Շտաբում մտադիր են սահմանադրական փոփոխություններին տեղեկացնել մեր հասարակության բոլոր խավերին: Ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ հաշմանդամներին: Շտաբի աշխատանքները համակարգող օրինացերկրացի Մհեր Շահգելդյանի հավաստմամբ` հանրաքվեն համակարգող խորհուրդն անելու է ամեն ինչ, որպեսզի այն ընթանա միջազգային չափանիշներին համապատասխան: Անդրադառնալով խորհրդային անձնագրեր ունեցող քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելու խնդրին` Մ. Շահգելդյանը հայտարարեց, որ անձնագիրը փոխելու հետ կապված բոլոր ծախսերն իր վրա է վերցնում պետությունը, եւ նրանք, ովքեր դեռ Խորհրդային Միության «կարմիր անձնագրեր» ունեն, մեկ ամսվա ընթացքում կարող են հանձնել իրենց անձնագրերն ու ձեռք բերել ՀՀ «կապույտ անձնագրեր»: Նա դժվարացավ ասել, թե այս պահի դրությամբ քանի՞ մարդ նման խնդիր ունի: «Այս հարցը պարզելու ուղղությամբ աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս պահին այդ մարդկանց թիվը հասնում է մոտ 150 հազարի, սակայն այս թիվը պաշտոնական համարել չի կարելի»,- ասաց նա: Չնայած այն պնդումներին, թե քարոզչության ընթացքում «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցներին հեռուստաընկերությունները, մասնավորապես` Հանրային հեռուստաընկերությունը, հավասար քարոզելու հնարավորություն են տալու, այսօր բոլոր հեռուստաընկերություններով ակտիվորեն քարոզվում է միայն «այո»-ն։ Ուստի ասուլիսի ընթացքում հարց հնչեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր հեռուստաընկերությունների եթերում հայտնվում են միայն «այո»-ի կողմնակիցները: «Հեռուստաընկերություններն իրենք են որոշում իրենց քաղաքականությունները: Մենք ընդամենն օգտվում ենք նրանց առաջարկներից»,- պատասխանեց «Այո» շտաբի պետը` միաժամանակ նշելով, որ մեկ-մեկ ընդդիմադիրներն էլ են եթերում երեւում, եւ ինքն անձամբ մի անգամ եթերում տեսել է Վազգեն Մանուկյանին, մի անգամ էլ` Գրիգոր Հարությունյանին: Մ. Շահգելդյանն օրենքի խախտում չի տեսնում նաեւ նրանում, որ սահմանադրական փոփոխությունների «այո» քարոզարշավում օգտագործվում են նաեւ երեխաները: Հիշեցնենք, որ օրերս Բաղրամյան պողոտայում հայտնվել է «այո» քարոզող մի պաստառ, որում «այո» քարոզողները երեխաներն են: «Տվյալ դեպքում` օրենքի խախտում չկա: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կուսակցական ընտրություն չէ, սա ընդհանուր հանրաքվե է, եւ այստեղ նրբերանգ կա»,- այս առիթով ասաց Մհեր Շահգելդյանը` չմանրամասնելով, թե ինչ նրբերանգի մասին է խոսքը: Նկատենք միայն, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում հստակ գրված է, որ «արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին», մինչդեռ վերոնշյալ պաստառի վրա պատկերված են երեխաների նկարներ: Ինչեւէ, կարելի է փաստել, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն ուղեկցվում է գործող օրենքները խախտելով: