Քաղաքը՝ մեր մեջ, կամ մենք՝ քաղաքում

25/04/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ապրիլի 26-30-ը Երեւանի տարբեր հատվածներում տեղի կունենան ակցիաներ, որոնց առանցքում քաղաքի ու քաղաքային միջավայրի օգտագործման (վերաձեւման կամ անշարժացման, վերաիմաստավորման կամ սպառման) հարցերն են:

«City in Use» («Գործածելով քաղաքը») խորագիրը կրող նախաձեռնության հեղինակները հայաստանցի արվեստագետներն եւ արվեստաբաններն են, ովքեր փորձում են Երեւանի մակերեսի վրա արվեստի ներկայության հետքերը թողնել եւ բացօթյա ցուցադրությունների համար պիտանի տարածքներ ուրվագծել:

Նախագծի հեղինակները նշում են. «Նախագծի գլխավոր նպատակը արտիստական գործունեության համար բաց եւ մատչելի տարածքների որոնումն է` քաղաքային տարածության հետազոտության միջոցով: Նախագծի ընթացքում մենք կփորձենք արտիստական տեսանկյունից ֆունկցիոնալ դարձնել քաղաքը: Ժամանակակից արվեստի ցուցադրությունների իրականացման համար դա նաեւ նոր վայրեր գտնելու հնարավորություն է ընձեռում արվեստագետներին եւ համադրողներին»: «City in Use»-ը բաղկացած է քննարկումներից, շնորհանդեսներից, փողոցային ակցիաներից եւ ցուցահանդեսներից: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արվեստի կենտրոնում տեղի կունենան «Վերջին տարիների հանրային տարածքի փոխակերպումները Երեւանում» խորագիրը կրող քննարկումները, որոնց ընթացքում փորձ կարվի հասկանալ, թե ինչպիսի՞ տրանսֆորմացիաների են ենթարկվել քաղաքի հանրային տարածքները, եւ վերջիվերջո որտե՞ղ են սկսվում ու ավարտվում քաղաքի իրավունքները: Քննարկման նյութ կդառնան փողոցային արվեստը, ոչ ֆիզիկական տարածքները, Երեւանի արտաքին ու ներքին ինքնազգացողությունը, պետական կարիքներն ու արվեստի կարիքները, որոնք բավականին հազվադեպ են համընկնում: Հայաստանցի գրեթե բոլոր արվեստագետներն ու համադրողները նշում են, որ իրենց գործունեությանը համապատասխան ցուցասրահներ գտնելը բարդ գործ է: Եվ կարեւոր են համարում այլընտրանքային վայրերի ստեղծումը: «Գործածելով քաղաքը» նախագծի մասնակիցներն առաջարկում են որպես ցուցադրման հարթակ օգտագործել քաղաքի տարածքը` լքված շինությունները, դատարկ տարածությունները, կիսավեր զբոսայգիները, փողոցներն ու բակերը: Բացթօյա ցուցադրություն-ակցիաների շարքում են Կարեն Ալեքյանի «Հանրային արժեքներ» ինստալյացիան (Հարավ-Արեւմտյան թաղամաս), Տիգրան Առաքելյանի աֆիշ-հայտարարությունների շարքը, որը փակցված կլինի քաղաքի վահանակների ու սյուների վրա: Բուզանդի եւ Արամի փողոցների խաչմերուկում իրենց բնապատկերային ուտոպիական այգին կներկայացնեն Արվեստի Բաց Համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի ուսանողները: Այդ ակցիան դիտարկում է մեր գերուրբանացված քաղաքի այս պատմական հատվածը` որպես անընդհատ տեղաշարժվող, «վերակառուցվող» ու քանդվող բեկոր, որտեղ երիտասարդ արվեստագետները վիրտուալ բնապահպանական այգու մոդել են կառուցում: Չէ՞ որ ավերակները կարելի է վերաօգտագործել որպես քաղաքային լանդշաֆտի էսքիզներ, ինչն էլ անում են երիտասարդ արվեստագետները` բնակելի շենքերով հագեցած այս հատվածում ստեղծելով ռոմանտիկ այգի, որն ամեն վայրկյան պատրաստ է նոր ձեւեր ընդունել ու դուրս գալ սպառողական ճարտարապետական ֆորմաներից:

Քանդակագործ Սահակ Պողոսյանն առաջարկում է ծանոթանալ «Քո-Չարի Քաղաք» լուսանկարչական նախագծին, որը տեղի կունենա ապրիլի 27-ին, Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի բակում: Կալամբուրային այս անվանումն ինքնին արդեն պրովոկացիոն բնույթ ունի եւ ներկայացնում է տարբեր դիտանկյուններից («Քոչարի» պարը, արձանագործ Քոչարը, «քո» եւ «իմ» չարի ընկալումը, վերջիվերջո, Հյուսիսային պողոտայի գլխավոր իդեոլոգ Քոչարյանը) վերաիմաստավորել շինհրապարակ հիշեցնող Հյուսիսային պողոտայի կառուցման պատմությունը: Այս ակցիայի հիմքում ճարտարապետական նախագծերն են, որոնք տարիներ շարունակ փակցված են եղել շինարարություններն արձանագրող բաներների վրա: Ընդհանրապես, որպես այլընտրանքային արվեստի հարթակ, Հյուսիսային պողոտան շատ հարմար վայր է, քանի որ այն կառուցված է, բայց բնակեցված չէ` մնալով որպես յուրահատուկ դեկորացիա, որն արագորեն կարող է տրանսֆորմացվել ցուցահարթակի: Եվ այն դրանից միայն կշահի:

Իսկ «Գործածելով քաղաքը» նախագծի շրջանակներում նախատեսվում է նաեւ սոցիալական երանգ ունեցող ակցիա անցկացնել Կոնդ թաղամասի գետնախորշերում, որն այսօր էլ աղետալի վիճակում է: Արվեստագետներ Նարինե Զոլյանի, Հերիքնազ Գալստյանի, Թոմաս Շինդլերի, Մհեր Ազատյանի ու Ռուբեն Մանգասարյանի խմբակային աշխատանքներն ամբողջացված են «Don`t worry, be happy» կարգախոսի ներքո: Քաղաքի «գործածման» ֆորմաներից մեկն էլ կդառնա համադրող Աննա Բարսեղյանի եւ շվեյցարացի արվեստագետների նախագիծը, ինչպես նաեւ` երեւանյան մետրոյում հնչող երաժշտությունը (որը կկատարեն նույնպես ալտերնատիվ համարվող երաժիշտները):

Այժմ ողջ աշխարհում ճարտարապետները մտահոգված են ոչ այնքան նոր տարածքներ որոնելու ու նվաճելու ցանկությամբ (ինչը շատ ավելի հեշտ է անել), այլ փորձում են զարգացնել եղած քաղաքային կառույցներն ու շինարարական համալիրները ու դրանք հարմարեցնել նորօրյա կյանքին: Առաջնային է համարվում կոմպակտ ու ֆունկցիոնալ քաղաքային թաղամասերի մոդելների ստեղծումը: Իսկ քաղաքին նոր ֆունկցիոնալություն հաղորդելու ունակ ամենապիտանի գործիքը արդի արվեստն է, որը նոր ենթատեքստ է ստեղծում արդեն իսկ եղած տարածքներում: Ամեն դեպքում, քաղաքն անվերջ գործածել չի ստացվի, քաղաքը պարբերաբար նաեւ հարկավոր է գիտակցված տրանսֆորմացիայի ենթարկել (այլապես այդ տրասֆորմացիան ինքնաբուխ կկատարվի): Եվ պատահական չէ, որ բոլոր ճարտարապետները մեծ ուշադրություն են դարձնում հանրային տարածքների ձեւավորմանը, քանի որ, երբ հանրային տարածքները պակասում կամ ձեւախեղվում են, քաղաքն ու քաղաքացին օտարվում են իրարից: «Գործածելով քաղաքը» նախագիծը լավ առիթ է արվեստագետների, քաղաքացիների ու քաղաքային իշխանությունների միջեւ համագործակցության դաշտ ստեղծելու համար: Եվ որքան մեծ լինի արձագանքը, այնքան ավելի գործնական դեր կստանա արդի արվեստը: Որն, ի դեպ` գրեթե տեղ չունի մեր քաղաքում: