Գովա՞զդ, թե՞ խաբեություն

02/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Դա ակցիա է, որ մենք անում ենք նորից մեր սուրճը գովազդելու եւ մեր սպառողներին գրավելու համար,- պարզաբանեց Հայաստանում «Nescafe՛» սուրճը ներկայացնող «Նյուֆորս» ընկերության հաշվապահը: -Բաժակներն այստեղ չեն արտադրել, սուրճի հետ են մեզ ուղարկել»:

«Բաժակը ոչ թե առանձին-առանձին ենք տալիս, այլ փաթեթավորված է երկու տուփ սուրճի հետ»,- պատասխանեց ընկերության առաքիչներից մեկը:

«Nescafe՛»-ի սպառող, Դավիթաշեն համայնքի բնակիչ Կարեն Երիցյանն այդ գովազդը լսել է եւ որոշել օգտվել ընձեռած հնարավորությունից: Բայց տեսել է, որ այդ դեպքում սուրճի մի տուփը 100 դրամով թանկ են վաճառում, հավանաբար՝ բաժակի համար: Ավելին, նույն խանութի սպասքեղենի բաժնում տեսել է, որ «Nescafe՛»-ի բաժակն առանձին են վաճառում:

«Ես մտածում եմ, որ խանութում փաթեթը բացել են ու բաժակն առանձին են ծախում»,- ասում է Կարենը:

Փորձեցինք ձեռք բերել այդ երկու տուփ սուրճի եւ մեկ բաժակի խորհրդավոր փաթեթից, բայց Կենտրոն համայնքի մոտ 15 խանութներից եւ ոչ մեկում չհայտնաբերեցինք: «Մեզ բաժակ չեն տվել»,- պատասխանում էին բոլոր վաճառողները: «Կարող է վաճառողներն իրենք են հանել ու առանձին են վաճառում,- պատասխանեց նույն առաքիչը: -Մենք ի՞նչ կարող ենք անել: Մեզ մոտ վերջերս գնային փոփոխություն էլ չի եղել։ Ճիշտ է՝ երբ դոլարը բարձրանում-իջնում է, մենք էլ գինը փոխում ենք: Վերջին անգամ, երբ դոլարն իջավ, մենք էլ սուրճի գինն իջեցրինք»:

«Այո, վերջերս սուրճը 30 դրամով թանկացրին՝ 850 դրամից դարձրին 880 դրամ»,- պատասխանեց մեկ ուրիշ վաճառող:

«Նյուֆորս» ընկերությունից չասացին, թե ինչ գնով են սուրճը հանձնում խանութներին: «Դա մեր գաղտնիքն է,- պատասխանեցին ընկերությունից,- իսկ թե խանութն ինչ գնով է վաճառում, դա մեզ չի վերաբերում»:

Այս դեպքում ընկերության պատասխանատուները հավանաբար ճիշտ են, իսկ ինչքանո՞վ է ճիշտ, որ խանութները խանգարում են իրենց կազմակերպած ակցիային. սուրճը զատում են բաժակից, իսկ ընկերությունը ոչինչ չի ձեռնարկում: Սա ի՞նչ է, հանդուրժողականությո՞ւն, թե՞ սեփական սպառողի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք: Իսկ եթե մեկի խելքին փչեր «Neskafe՛»-ն հանել եւ տեղը «Pele» լցնել: Շատ հնարավոր է, որ «Նյուֆորս» ընկերությունն այս դեպքում էլ ոչինչ չձեռնարկեր: Կամ, ասենք, «Marlboro» ծխախոտի գլանակները տուփից հանեն ու տեղը «Bond» լցնեն, իսկ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունն անտարբեր մնա: Եկեք համաձայնենք, որ «Նյուֆորսի» այս վերաբերմունքը վիրավորական է սպառողի համար, որ այս երեւույթը ոտնահարում է սպառողի իրավունքները: Էլ չասենք, որ դոլարն էժանացել է մոտ 30 տոկոսով, եւ տրամաբանական կլիներ, որ «Neskafe՛»-ն էլ էժանանար նույն չափով: Չէ՞որ ներկրվող ապրանք է: Բայց այդ տրամաբանությունը վերաբերում է նորմալ երկրներին: Իսկ Հայաստանում, բոլոր ներկրվող ապրանքների հետ միասին, որոշ չափով թանկացել է նաեւ այս սուրճը, բնականաբար, ներկրող ընկերությանն ապահովելով հավելյալ շահույթ: