Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում գործազրկության մակարդակը 8,3% է։ Սեպտեմբերի վերջին գործազուրկների թիվը կազմել է 91,7 հազար մարդ։ Պաշտոնական տվյալներով` տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 1 մլն 209 հազար մարդ է։ Գործազուրկների 70,5%-ը կանայք են։ Գործազրկության առավելագույն թիվը գրանցվել է 31-50 տարեկանների տարիքային խմբում (70%)։ Գործազուրկների մեկ քառորդն ունի միջնակարգ մասնագիտական կրթություն, 14,2%-ը` բարձրագույն կրթություն։ Գործազրկության 7-9%-անոց ցուցանիշը արտասովոր չի համարվում։ Գործազրկության նման մակարդակ արձանագրում են անգամ զարգացած երկրները։ Իսկ Հայաստանում գործազրկության նման ցածր մակարդակ գրանցվում է 2 պատճառով։ Վիճակագրական եւ սոցիալական ծառայությունները գյուղական եւ քաղաքային փոքր բնակավայրերում գործազրկություն չեն գրանցում։ Անկախ կրթական մակարդակից ու տարիքից` գյուղում ապրողները համարվում են զբաղմունք ունեցող։ Երկրորդ` գործազուրկներին տրվող փոքր նպաստի եւ կարճ ժամկետի (ընդամենը երեք ամիս) պատճառով, քաղաքային բնակչությունը, որպես կանոն, նպատակահարմար չի գտնում հաշվառվել որպես գործազուրկ։