Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հրապարակած նախընտրական հրովարտակում Հայաստանը մեղադրվում է հայ-թուրքական գործընթացը փակուղի մտցնելու մեջ: Ըստ «Todayգs Zaman»-ի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որի կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, կհաղթի հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում եւ կշարունակի ղեկավարել երկիրը, մինչեւ 2023թ. համար հրովարտակ է հրապարակել, որտեղ ներկայացրել է իր վերաբերմունքը մոտ ու հեռու երկրների նկատմամբ: Սակայն, փաստաթղթում հիշատակում չկա Իսրայելի հետ Թուրքիայի լարված հարաբերությունների եւ այդ հարաբերությունները հաղթահարելու մասին:
Հայաստանի հետ հարաբերությունները նույնպես իշխող կուսակցության հրովարտակում առաջնահերթությունների մեջ չեն: Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի ոչ կառուցողական մոտեցումները խանգարեցին Թուրքիային հասնել ցանկալի նպատակին` երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը: «Մեր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի լուծման եւ ցեղասպանության մասին պնդումների հարցում հստակ է: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թույլ չի տա ոչ մի որոշում, որը հիմնված չի լինի Թուրքիայի նկատմամբ արդարության եւ ազնվության վրա: Ինչ վերաբերում է փոխադարձ եւ միաժամանակ քայլերին, ապա Թուրքիան ձեռնպահ չի մնա այն քայլերից, որոնք նա պետք է անի»,- նշված է փաստաթղթում: