Նկարչուհի Մարիամ (Մոկո) Խաչատրյանն, ընդամենը մի քանի տարի է, ինչ ապրում է Երեւանում, սակայն շատ բան է հասցրել անել: Նա այս ընթացքում 3 անհատական ցուցահանդես է ունեցել ու մասնակից է եղել մի քանի խմբակային նախագծերի: Հայաստանը դեռ նոր է բացահայտում այդ էմոցիոնալ ու միաժամանակ` զուսպ աբստրակտ նկարչուհու արվեստը:
Մոկոն իր ստեղծագործական ձեռագիրը բնութագրում է` որպես ֆիգուրատիվ աբստրակցիոնիզմ, թեեւ` ծիծաղով ավելացնում է, որ այդ ուղղությունն ինքը պարզապես հնարել է: «Խառնվածքով շատ էմոցիոնալ եմ, եւ ճիշտն ասած` ինձ դա շատ խանգարում է: Հայաստանում կան նկարիչներ, ովքեր շատ լավ գիտեն` որտե՞ղ, ի՞նչ է պետք ասել, ո՞ւմ հետ կապեր հաստատել: Ես այդպիսինը չեմ, ընդհանրապես շատ եմ սխալվում: Գործում եմ, հետո եմ միայն մտածում»,- կեսկատակ ասում է նա: Մոկոյի արվեստն իր էներգիայով լի ու անընդհատ որոնող կերպարի շարունակությունն է: Նա նկարում է այնպես, ինչպես զգում է:
Եվ թերեւս հենց այդ պատճառով էլ նրա նկարները շատ տարբեր են` մեկ փայլատակում են լույսով, մեկ էլ` խիստ տրամադրություն են ձեռք բերում:
– Որպես կանոն` հայտնի ծնողների երեխաները բարդ են իրենց ճանապարհը հարթում, քանի որ շրջապատը միշտ առավել պահանջկոտ է նրանց հանդեպ: Հայտնի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի դուստրը լինելը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է քեզ:
– Իհարկե, երբ թիկունքումդ հայտնի անուն կա, այլեւս չես կարող քեզ շատ բան թույլ տալ: Վերջերս, օրինակ, մենք այդ մասին խոսում էինք Մինասի որդու` Նարեկի հետ: Ցանկացած քայլ պետք է ներքուստ հաշվարկես` գիտակցելով, որ յուրաքանչյուր բառդ մեծ արձագանք կստանա: Երբ 15 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայից տեղափոխվեցի Երեւան, ինձ այստեղ ոչ ոք չէր ճանաչում, եւ բոլորն ինձ ընդունում էին կամ որպես Ռուդոլֆ Խաչատրյանի դուստր, կամ որպես Վահան Ռումելյանի կին: Բայց, կարծում եմ, հիմա այլ մոտեցում կա` ես ես եմ: Ընդհանրապես շատ զարմանալի է, բայց ես հենց Երեւանում սկսեցի ակտիվորեն աշխատել, նկարները շատ արագ, կարծես` ինքնաբուխ էին ծնվում: Միգուցե պատճառը սթրեսային վիճակն էր (ես շատ կապված էի հայրիկիս հետ, եւ դժվար համակերպվեցի նրա մահվան հետ): Իսկ հայտնի ծնողներ ունենալը բարդ է նաեւ այն պատճառով, որ հենց Երեւանն է բարդ քաղաք:
– Ինչո՞վ է բարդ:
– Բարդ է, որովհետեւ փոքր է, եւ բոլորն իրար հետ կապված են: Իհարկե, եթե ընդհանուր կյանքն այսքան դժվար չլիներ, նկարիչներն էլ ավելի շատ ինքնադրսեւորվելու ու գումար աշխատելու հնարավորություններ կունենային: Մոսկվայում, օրինակ, նկարիչները ոչ միայն մեծ հոնորարներ են ստանում, այլեւ` հաճախ հոդվածներ, գրքեր են գրում: Իսկ դա եկամուտի լուրջ աղբյուր է, որը նաեւ ընդհանուր դաշտն է լայնացնում: Եվ հետո էլ Երեւանում շատ քիչ են գալերեաները:
– Մասնավոր գալերեաներից շատերը վերջին տարիներին փակվեցին:
– Շատ եմ ափսոսում, որ փակվեցին «Գեւորգյան», «Առաջին հարկ», «Ականատ» գալերեաները: Հիմա մնացել են «Արամեն» (որը կոնկրետ մի քանի նկարչի հետ է աշխատում) եւ կոնցեպտուալ ուղղվածություն ունեցող «Art-gallery»-ն: Եվ վերջ: Շատերը փակվեցին, քանի որ պարզապես չէին կարող դիմանալ բիզնես դաշտում` թեեւ սկզբում փայլուն մեկնարկ ունեցան ու շատ լավ գաղափարներ ունեին: Ցավալի է, բայց «Գեւորգյան» գալերեայի տեղում հիմա հերթական խանութն է: Եվ նկարիչը պարզապես չգիտե, թե որտե՞ղ կարելի է ցուցադրվել: Նկարիչների միության սրահն, օրինակ, ես չեմ սիրում, քանի որ վերանորոգումից հետո առաստաղներն իջեցրել են (նախկինում այդ սրահը շատ ընդարձակ ու լուսավոր էր), իսկ Ազգային պատկերասրահում էլ չես կարող ցուցադրվել, քանի որ այնտեղ կենդանի նկարիչների գործերը հազվադեպ են մուտք գործում: Իսկ ժամանակակից նկարիչներն ընդհանրապես իրավունք չունեն ցուցադրվել:
– Ո՞վ է այդպես որոշել:
– Չգիտեմ` ո՞վ է որոշում, բայց այդպես է: Անկեղծ ասած, շատ դժվար է հասկանալ, թե Հայաստանում ո՞վ ի՞նչ է որոշում:
– Հաջորդ տարի մենք նշելու ենք Ռուդոլֆ Խաչատրյանի 75-ամյա հոբելյանը: Ի՞նչ եք նախատեսում անել:
– Իհարկե, ես շատ կուզենայի ներկայացնել նրա հատկապես վերջին շրջանի գործերը: Հիանալի կլիներ, եթե հայրիկիս տարածային օբյեկտները ներկայացնեինք հսկայական չափով ու հենց քաղաքային միջավայրում: Դրանք շատ հետաքրքիր կդիտվեին հատկապես Հյուսիսային պողոտայում, որն ուղղահայաց ձգվելով` շատ հարմար ցուցադրման հարթակ կարող էր դառնալ: Բայց հասկանում եմ, որ դա անելը ռեալ չէ, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված: Նույնիսկ Երվանդ Քոչարի հերթը կարծես չի հասել: Այնպես որ` մենք ավանդական անհատական ցուցահանդեսի ֆորմատը կընտրենք, ալբոմ կհրատարակենք: Եվ եթե, օրինակ, Ազգային պատկերասրահում Ռուդոլֆ Խաչատրյանի անհատական սրահը բացվեր, ապա մենք (տարբեր ժառանգներով) կարող ենք պայմանավորվել եւ մեկական կտավ նվիրել: Սակայն ծրագրերը դեռ հստակ չեն, հիմա մենք դեռ նախապատրաստվում ենք: Խնդիրը նրանում է, որ շատ աշխատանքներ մասնավոր հավաքածուներում են: «Պրոմեթեյ» բանկն, օրինակ, մոտ 50 աշխատանք ունի:
– Իսկ Մոսկվայում ցուցահանդեսներ կլինե՞ն:
– Մի անգամ հայրիկս շատ տխուր բան ասաց. «Հայաստանում այդպես էլ հայ նկարիչ չդարձա, իսկ Ռուսաստանում` ռուս նկարիչ»: Նա երկար ժամանակ ապրում էր նաեւ Լոնդոնում, եւ կարծես միշտ ստիպված էր ամեն ինչ զրոյից սկսել: Մոսկվան շատ դաժան քաղաք է, որտեղ շովինիստական տրամադրություն կա եւ շատ ճանապարհներ փակ են: Նույնիսկ Հայաստանում, որը մեծ իմաստով` անբարենպաստ վիճակում է, ավելի հեշտ կարող ես ինչ-որ «ճեղքումներ» անել, քան Մոսկվայում: Այսօրվա Մոսկվան այն քաղաքը չէ, որը 10 տարի առաջ կար: Անգամ, եթե դու շատ տաղանդավոր ես, Մոսկվայում քեզ թույլ չեն տա հեռանկարներ ակնկալել: Ես 15 տարի ապրել եմ այնտեղ, եւ վատ էլ չեմ ապրել (շատ ցուցահանդեսներ եմ ունեցել), բայց միեւնույն է` կա մի սահմանագիծ, որը հատել քեզ պարզապես թույլ չեն տա: Թեկուզ մահանաս էլ` առաջ գնալ չես կարող, անպայման պատի կհանդիպես: Ռուսաստանը լրիվ օտար երկիր է մեզ համար: Նաեւ վտանգավոր, քանի որ ազգային բախումները բառիս բուն իմաստով` վտանգում են մեր կյանքը: Երբ որդիս դարձավ 10 տարեկան, ես զգալով, որ հայի արտաքինով երեխային վտանգավոր է միայնակ փողոց ուղարկել, որոշեցի վերադառնալ Երեւան: Եվ հետո ուզում էի, որ նա հայերեն սովորի:
– Ռուդոլֆ-կրտսերը նկարո՞ւմ է:
– Ոչ, հիմա նա ռեփ-երաժշտությամբ է տարված, երգերի տեքստեր է գրում: Դեռ այդպես է…
– Մեր արվեստի դաշտում հենց նկարիչներն են առաջնային դիրքերում: Այսքան բազմազան ու վառ կերպարվեստ ունենալով` մենք ոչ ցուցադրման հարթակներ, ոչ էլ նկարիչներին արտասահմանում ճիշտ ներկայացնելու ծրագիր ունենք:
– Իհարկե, այդպես է: Վերջերս, օրինակ, Քուվեյթում իմ աշխատանքներից մեկը (11 նկարիչների գործերի հետ) մասնակցում էր ցուցահանդեսի, որը կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարությունը: Քուվեյթ էին գնացել նաեւ տարբեր պարի ու երգի համույթները, բայց հենց ցուցահանդեսը մեծ արձագանք ունեցավ: Քուվեյթի պատկերասրահի ղեկավարը նույնիսկ ապշել էր, որ Հայաստանում այսքան հետաքրքիր նկարիչներ կան: Իսկ Մշակույթի նախարարությունն, ի դեպ, սկզբից ընդհանրապես չէր ուզում ցուցահանդես տանել: Մինչդեռ բոլորին էլ պարզ է, որ եթե ուզում ես աշխարհին ներկայանալ, ապա առաջին հերթին դա պետք է անել կերպարվեստի միջոցով:
– Քուվեյթի պատկերասրահը նաեւ քո կտավներից մեկն է ձեռք բերել:
– Ես այն նվիրել եմ ու հիմա իմ ամենասիրելի գործերից մեկը`«Գնանք ինձ հետ»-ը մշտապես կցուցադրվի այդ պատկերասրահում:
– Իսկ նկար վաճառելով` հնարավո՞ր է ապրել:
– Երեւանում աշխատանք վաճառելով` չես կարող ապրել, դա պարզապես իրատեսական չէ: Յուրաքանչյուր նկարիչ փորձում է իր անձնական կապերը ստեղծել, իսկ գնորդները հիմնականում դրսի մարդիկ են: Ես, օրինակ, սկսեցի նկարազարդել կերամիկական ափսեները` դիտարկելով դա` որպես բիզնես: Եվ հենց դրանք են վաճառվում, իսկ աբստրակցիան բարդ է վաճառել, եւ պատճառը ընկալման մեջ է: Աբստրակցիան զգայական, անգամ` ենթագիտակցական մակերեսի վրա է ազդում դիտողի վրա, եւ պիտի կամ միանգամից դիտողի ոգու լարերի վրա ներգործություն թողնի, կամ էլ` որպես գեղեցիկ գործ ընկալվի ու տան դիզայնի շարունակության մի մասնիկ դարձնելու ցանկություն առաջացնի: Նկարը վաճառելու այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Եվ եկեք չմոռանանք, որ շատ հաճախ նկար գնել ցանկացողները պարզապես միջոցներ չեն ունենում: Իսկ նրանք, ովքեր կարող են իրենց նման ծախս թույլ տալ, սովորաբար աբստրակտ արվեստ չեն սիրում, չեն հասկանում ու գերադասում են` ավելի «դյուրամարս» բաներ գնել:
– Երեւանն արտաքնապես իր մեջ արվեստի հետք չի կրում: Ճարտարապետության, անգամ ցուցանակների ձեւավորման մեջ օգտագործվում են ընդամենը մի քանի շտամպներ: Ի՞նչ կարելի է մտածել Երեւանն ավելի գունեղ, եւ վերջիվերջո` ուրախ քաղաք դարձնելու համար:
– Երեւի քաղաքի պատասխանատուները մեր տեղը չգիտեն: Դա, իհարկե, կատակով եմ ասում, բայց շատ քաղաքներ փողոցային արվեստը` գրաֆիտին, քանդակները, արձանախմբերը ընդգծելու, շենքերը, ավտոբուսները նկարազարդելու ծրագրին մեծ տեղ են հատկացնում: Դա հատկապես ակտուալ է փոքր քաղաքներում, որոնք գրավիչ ու հետաքրքիր են դառնում ոչ միայն բնակիչների, այլեւ` տուրիստների համար: Միանգամից հիշեցի Փարիզի Պոմպիդու կենտրոնի առջեւի լողավազանը` լողացող խաղալիք-արձաններով: Երեւանում շատ բան կարելի է անել, բայց չեմ կարծում` դրա պահանջը կա: Դա անելու համար (գոնե քաղաքի մի հատվածում) պիտի փոխվի մեր մտածելակերպը: Իսկ Հայաստանի մեծահարուստներն ավելի մեծ հաճույքով փող են տալիս ոչ թե շենքերն ու միջավայրն ավելի գունեղ ու «գայթակղիչ» դարձնելու, այլ` շոու-բիզնեսի սարսափելի մրցանակաբաշխություններ անցկացնելու համար: Եվ հետո էլ` ինչո՞ւ պետք է ձգտենք ավելի ուրախ քաղաք ունենալ, եթե մենք ինքներս ուրախ ազգ չենք: Քայլեք քաղաքով ու նույնիսկ ամենաապահով կյանքով ապրող մարդու դեմքի վրա մտահոգության դրոշմ կտեսնեք: Ուրախությունը միայն զվարճանքը չէ, դա ոգու վիճակ է, որը մեր քաղաքից վերացել է: Ավելի կոպիտ բան կարող եմ ասել. հիմա Երեւանում անելու բան չկա, եւ երիտասարդությունն անիմաստ թափառում է փողոցներով, քանի որ չգիտի` ինչո՞վ լցնի իր օրը:
– Իսկ միգուցե հենց արվեստագետները կարո՞ղ են գաղափարների գեներատորներ դառնալ: Դու, օրինակ, Աբստարկտ նկարիչների միության անդամ ես:
– Տարօրինակ է, բայց արվեստագետներն իրարից մեկուսացված են ապրում եւ ստեղծագործում: Հավեսն է կորել: Միգուցե շատերը հիասթափվել կամ «կոտրվել» են, բայց ամեն դեպքում` հավատը, որ կարելի է ինչ-որ բան փոխել, արդեն չի նկատվում: Հարց է ծագում` ո՞ւմ համար անել: Երբ որեւէ ցուցահանդես է կազմակերպվում, այցելուները, լավագույն դեպքում, միայն բացմանն են գալիս, իսկ 2-րդ օրն արդեն սրահը դատարկ է: Ոչ մեկին դա չի հետաքրքրում, մեդիան, արվեստաբանները լռում են, իսկ ցուցահանդես այցելող պոտենցիալ հանդիսատեսն անգամ տեղյակ էլ չի լինում: Եվ ստացվում է, որ նկարիչները մտածում են միայն իրենց պրոյեկտները դուրս տանելու մասին: Բայց վստահ եմ, որ հենց արվեստագետների էներգիան կարող է վերածնել մեր քաղաքը: Անձամբ ես մեծ լավատես եմ եւ հավատում եմ դրան: