«Մեղքը կլինի միայն մերը»

18/04/2011

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ էր առավել մոտ Ղարաբաղի հարցի լուծումը, ասել է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առավել մոտ էր 1997 թվականին, քանի որ այն ժամանակ հնարավորություն կար լուծել հարցը` ինչ-որ տարածքներ տալով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել միջանկյալ կարգավիճակ Ղարաբաղի համար, իսկ հետո որոշել այն վերջնականապես»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, նա պատասխանել է. «Որովհետեւ ղարաբաղցիները համարում էին, որ դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ճնշել եւ ստանալ ավելին: Այսինքն, ոչ միայն ղարաբաղցիները, այլ նաեւ իմ շրջապատը, իմ թիմի որոշ մարդիկ: Նրանք չգնացին այդ պլանին: Ես նրանց այն ժամանակ ասացի` եթե դուք կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, փորձեք: Ես հո չե՞մ կարող խափանել այդ լուծումը: Արեք, տեսեք, ինչ կստացվի…»: BBC-ի թղթակիցը նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, Ադրբեջանի հետ հարցում ի՞նչ սցենար է պատկերացնում։ «Ես լավատես եմ: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք մի խնդիր ունենք հիմա: Մեզ մոտ աղճատված է իշխանությունը: Վերականգնենք դա` ամեն ինչ կընկնի իր տեղը: Կլինի նորմալ պետություն, ազատ պետություն, եւ թե Ադրբեջանի հետ հարցերը կկարգավորվեն, թե Թուրքիայի հետ հարցը կկարգավորվի: Այսինքն, եթե Հայաստանը կանգնի աղետալի իրավիճակների առաջ, ապա մեղքը կլինի մերը, միայն մերը»,- հայտարարել է ՀԱԿ առաջնորդը: